ՍԴ-ն մասամբ վարույթ է ընդունել Քոչարյանի գործով դատարանի դիմումը

ՍԴ-ն մասամբ վարույթ է ընդունել Քոչարյանի գործով դատարանի դիմումը

Սահմանադրական դատարանը երեկ աշխատակարգային որոշմամբ մասամբ վարույթ է ընդունել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։  

Սահմանադրական դատարանի որոշումը․

«Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ
ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ
1-ԻՆ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-53-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ԳՏՆՎԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 56.1-ՐԴ ԵՎ
57-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ (2015 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 140-ՐԴ ԵՎ 141-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ) ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 78-ՐԴ ԵՎ 79-ՐԴ
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին
ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված Քրեական օրենսգրքի
300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն
օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու, Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու վերաբերյալ»
գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ առաջարկությունները, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) Սահմանադրական դատարան է մուտքագրվել
2019 թվականի մայիսի 20-ին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դիմել է
Սահմանադրական դատարան՝ խնդրելով.
«ա. քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ
հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ
հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի
ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին,
բ. Մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի
փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում»:
2. Ուսումնասիրելով դիմումը և կից փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը մասամբ՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի
(մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը
գործող խմբագրությամբ) և 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության
56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության
140 և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածների համատեքստում
մեկնաբանելու մասերով չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, առկա են հիշյալ
օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքեր՝ այդ
մասերով գործի քննությունը մերժելու համար։

Դիմողը, մասնավորապես, փաստելով, որ «Տվյալ արարքի կատարման համար
քրեական հետապնդման մարմինները Ռոբերտ Քոչարյանին և վերջինիս ենթադրյալ
հանցակիցներին մեղադրանք են առաջադրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին».... 2009թ. մարտի 20-ին ընդունված և միայն
2009թ. մարտի 24-ին ուժի մեջ մտած ՀՕ-53-Ն օրենքով, նրանց նկատմամբ ընտրվել են
համապատասխան խափանման միջոցներ», նշում է, որ իր մոտ առկա են հիմնավոր
կասկածներ առ այն, որ կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի
1-ին մասը ոչ միայն չի ապահովում իրավական որոշակիության պահանջը, այլև, ի համեմատություն Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի
մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ),
անձանց իրավական վիճակը վատթարացնող օրենք է, առնվազն պատիժը չի մեղմացրել,
հանցանք կատարած անձի վիճակը չի բարելավել, դրան հետադարձ ուժ տալն անթույլատրելի է:

Ըստ դիմողի ենթադրության՝ արարքը կարող էր որակվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ), որը 2009 թվականի օրենսդրական
փոփոխությունից հետո, դիմողի գնահատմամբ, բովանդակում է միանգամայն այլ հանցակազմեր:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի
20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) մասով
դիմողն իր հարցադրումներով և եզրահանգումներով, ըստ էության, բարձրացնում է ոչ թե
այդ դրույթի սահմանադրականության, այլ առավելապես դրա կիրառման հարցեր, որոնց
լուծումը դուրս է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակներից:
Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրական դատարանն
իրավասու չէ նաև առանձին մեկնաբանել Սահմանադրության հոդվածները: Սահմանադրական դատարանը սահմանադրական նորմերի մեկնաբանությունն իրականացնում է
կոնկրետ գործերի քննության շրջանակներում:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին
կետը և 169-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին»
սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 29-րդ հոդվածի 1-ին
մասի 1-ին և 2-րդ կետերի, 71-րդ հոդվածի` Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) հիման վրա գործի քննությունը՝
ա) Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, մերժել,
բ) Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության
78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու մասով, մերժել,
գ) Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:
2. Գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը
10.00-ին:
3. Գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ
Ա. Գյուլումյանին, Ա. Դիլանյանին, Ֆ. Թոխյանին, Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին,
Հ. Նազարյանին, Ա. Պետրոսյանին:
4. Գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
5. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող
օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին»:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ  ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
8 հուլիսի 2019 թվականի
ՍԴԱՈ-72