«Մարտիկ» հիմնադրամին հասցված վնասը փոխհատուցվել է․ ինչքա՞ն են ծախսել նախորդ տարի

«Մարտիկ» հիմնադրամին հասցված վնասը փոխհատուցվել է․ ինչքա՞ն են ծախսել նախորդ տարի

ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքով։ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն` քրեական գործը հարուցվել էր Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա իրականացված քննության արդյունքներով։ Պարզվել էր, որ 2008-2017 թվականներին «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով կամ 26․191․377 ՀՀ դրամով գերազանցել են ընդհանուր ծախսերը։
Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե ինչ ճակատագիր է ունեցել հարուցված քրեական գործը։ Լրատվական վարչության ղեկավար Նաիրա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, հաշվարկված վնասը վերականգնվել է, իսկ մեղադրյալի կարգավիճակ ունի միայն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, գործադիր տնօրեն Սեդրակ Սեդրակյանը գործով վկա է։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է «Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։ Քրեական գործով հաշվարկված վնասը վերականգնվել է և փոխանցվել Կոմիտեի դեպոզիտային հաշվին: Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասաց Հարությունյանը։

«Մարտիկ» հիմնադրամը ստեղծվել է 2002-ին։ Հիմնադրամի գործադիր տնօրենը Սեդրակ Սեդրակյանն է: Հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` հիմնադիրների թվում են Սերժ Ազատի Սարգսյանը, Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանը։ Իսկ Վլադիմիր Գասպարյանը, Հայկ Հարությունյանը, Սաշա Սարգսյանը, Երվանդ Զաքարյանը, Աղվան Հովսեփյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Նազարյանը կայքում ներկայացված են որպես քարոզիչներ։ Հիմնադրամի ֆինանսական միջոցները, կանոնադրության համաձայն, պետք է գոյանան տարբեր նվիրատվություններից և անդամավճարներից:

Հիմնադրամի 2019 թվականին հրապարակված հաշվետվության համաձայն՝ 2018 թվականին ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը 29․740․521 ՀՀ դրամ է, հարկային պարտավորությունների ու այլ վճարների գծով հիմնադրամն իր միջոցներն ուղղել է հետևյալ ուղղություններով․

«1) եկամտային հարկ անձնակազմի աշխատավարձի գծով` 1545884 դրամ
2) եկամտային հարկ ֆիզիկական անձանց վճարված գումարների այլ ծառայությունների գծով` 528418 դրամ
3) շահութահարկի գծով` 6749458 դրամ
4) պարտադիր կուտակայինի գծով` 26802 դրամ
5) դրոշմանիշային վճարների գծով` 44000 դրամ

18. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը՝ 17248155 (տասնյոթ միլիոն երկու հարյուր քառասունութ հազար հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ, որն օգտագործվել է հետևյալ ծրագրերի իրականացման համար.

18.1 ՊԲ պայմանագրային զինծառայողի կնոջ՝ սուր լեյկոզով հիվանդ Նունե Սարգսյանի բուժման ծախսերի մասնակի փոխհատուցում` 1123595 դրամ

18.2 Զոհված զինծառայող Խաչատրյան Մերուժանի մորը՝ Կաքավ Ենոքյանին, վիրահատության ծախսերի մասնակի փոխհատուցում` կոնքազդրային հոդերի պրոթեզավորման սարքի տրամադրում` 1123595 դրամ

18.3 Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած Դավիթ Սարգսյանին դեղորայքի տրամադրում` 203228 դրամ

18.4 ԱՀ Շահումյանի շրջանի (ք. Քարվաճառ) վերաբնակեցման ծրագրի շրջանակներում, համագործակցաբար Քաշաթաղի վարչակազմի հետ, տասը ընտանիքներին շինափայտի տրամադրում` 5520000 դրամ

18.5 Մարտական խնդիր կատարող երեք ՊՇ հրամանատարական կետերի կահավորման մասնակցություն` 714160 դրամ

18.6 Երևանի Պուշկինի անվան միջնակարգ դպրոցին զինվորական հանդերձանքի տրամադրում` 300000 դրամ

18.7 ԱՀ Քարվաճառի շրջանի սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքների անդամներին ձմեռային հագուստի տրամադրում` 1400000 դրամ

18.8 ԱՀ ոստիկանության ռազմավարական խորությունում ծառայություն իրականացնող անձնակազմին ակոսափոխ հրացանների տրամադրում` 1300000 դրամ

18.9 ՈՒսումնական ծրագրերի շրջանակներում Ստեփանակերտի Իվանյանի անվան վարժարանին օդամղիչ հրացանների և մանրագնդակների տրամադրում` 423000 դրամ

18.10 Ամանորի նախօրեին այցելություն և նվերների հանձնում մարտական հերթապահության մեջ ընդգրկված ՊՇ-ներ` 260000 դրամ

18.11 Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոցի ռազմագիտության դասարանի կահավորման, համալրման աջակցություն և զինվորական համազգեստի տրամադրում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հ. 6 միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանի կահավորման, վերանորոգման և տեխնիկական համալրման աջակցություն` 3981700 դրամ

18.12 Միանվագ դրամական օգնություն վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին` 561798 դրամ

18.13 Միանվագ դրամական օգնություն 1992թ.-ից ՊԲ-ում ծառայող, մարտական ուղի անցած ենթասպա Անուշ Գյուլաբունցին` 337079 դրամ»,- ասված է հաշվետվության մեջ։