Կան կանայք, որոնք բերման ենթարկվածներից բարեկամ չունեն, ասում են՝ միգուցե բարեկամը լինեմ

Կան կանայք, որոնք բերման ենթարկվածներից բարեկամ չունեն, ասում են՝ միգուցե բարեկամը լինեմ

Իջևանում մթնոլորտը շարունակում է շիկացած մնալ։ Ամբողջ քաղաքը լցված է ոստիկաններով և փողոց դուրս եկած բնակիչներով։
Այսօր օրվա երկրորդ կեսին Իջևան եկավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ մասնակցելու Իջևանի դեպքերով խորհրդակցությանը։ Վերջինս հայտարարեց, որ անտառագողության հետ կապված ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ, որոնք Քննչական կոմիտեում քննվում են։
Հիշեցնենք, որ կառավարության նիստից հետո ոստիկնապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը հայտնել էր, թե ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ՝ ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, սակայն դեռևս այդ տվյալները չեն կարող հնչեցնել: 
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հարցին, թե ի վերջո, իրավիճակի լուծումն ինչպես է պատկերացնում, ասաց, որ ինքը լարված իրավիճակ չի տեսնում։

«Սա ուղղորդված եմ համարում, կան քաղաքացիներ՝ կանայք, որոնք առհասարակ, բարեկամներ չունեն բերման ենթարկվածներից, ուղղակի ասում են՝ միգուցե բարեկամը լինեմ»։Սա Օսիպյանը համարում է ուղղորդված։

Հնարավո՞ր է, որ ոստիկանությունը դիմի ուժի կիրառման։ «Չեմ բացառում, օրենքով թույալտրելի է»։
Նա նաև նշեց, որ վնասվածք ստացած ոստիկանները դեռ աշխատանքի չեն վերադարձել։

ՀԳ Մենք տեղեկացանք, որ այսօր առավոտյան Իջեւան բերված լրացուցիչ ոստիկանական ուժերը՝ մոտ 2 հազար համազգեստավոր քաղաքում քայլերթ են կատարել՝ մահակներով, սաղավարտներով, ապա նոր շարվել եւ լսել ոստիկանապետի խրոխտ ճառը։ Իջեւանցիները կարծում են, որ նպատակը ուժի ցուցադրությունն է՝ վախեցնելու, զգուշացնելու միտումով։