Հույս ունենք մասնակցություն ունենալ ավելի հուսալի վաղվա կերտման հարցում. հայտարարություն

Հույս ունենք մասնակցություն ունենալ ավելի հուսալի վաղվա կերտման հարցում. հայտարարություն

Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանն ու Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:

Նրանք հայտարարություն են տարածել․

«Ամիսներ առաջ մենք որոշեցինք հրաժարվել մաս կազմելուց այն պարզունակ շոուին, որը թաքնված էր «քաղաքական գործընթացներ» կոչվող քողի տակ: 

Մենք անհանգստացած էինք երկրի ապագայով երեկ, անհանգստացած ենք այսօր, բայց նաև մեծ հույս ունենք մեր բաժին մասնակցությունն ունենալու ավելի հուսալի և ավելի կանխատեսելի վաղվա կերտման հարցում: Դժվարին ու անորոշություններով լի այս փուլում, երբ նժարին մի ողջ ժողովրդի ճակատագիր է, մենք չենք կարող անմասն մնալ, քանի որ լուռ հետևողի կամ չարախինդի դերը մերը չէ: Մենք տեսնում ենք հնարավոր վտանգներն ու պատրաստ ենք ամեն ինչ անելու` հանուն իրական Նոր Հայաստանի և Հայրենիքը տեսանելի մարտահրավերներից հետ պահելու ուղիներ ենք առաջարկելու: 

Կարևորելով զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում ու հանրային օրակարգի ձևավորման գործում, ինչպես նաև մեդիան համարելով մեր կյանքի գործի ու ընտրած ուղու անքակտելի մաս՝ որոշում ենք կայացրել հիմնադրել «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:

Մեկ միասնական «Թերթ.am» բրենդի ներքո այս ընկերությունների միասնական գործադիր ղեկավարումը վստահել ենք Արամ Անտինյանին», - ասված է տարածած հայտարարությունում։

Արման Սաղաթելյան
Կարեն Բեքարյան
Միհրան Հակոբյան
Սամվել Ֆարմանյան