Պաշտոնի մրցավազքը սկսված է 

Պաշտոնի մրցավազքը սկսված է 

Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար իսկական մրցավազք է սկսվել՝ չնայած, որ դեռ մրցույթ հայտարարված չէ, նույնիսկ ժամանակավոր պաշտոնակատար չկա։ Իսկ ռեկտոր դառնալու հեռանկարով ամենաշատը ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն է տարված, որին Արամ Սիմոնյանը հեռացրել էր պաշտոնից անվստահության հիմքով․ Սիմոնյանը Գևորգյանին կասկածում էր «իր թիկունքում դավեր նյութելու և իշխանությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու մեջ»։

Մեզ հայտնի դարձավ, որ նախկին պրոռեկտորը այժմ՝ երբ Արամ Սիմոնյանն այլեւս չկա, ինտենսիվ քայլեր է ձեռնարկում, հանդիպում է հոգաբարձուների խորհրդի՝ պրոֆեսորադասախոսական կազմը ներկայացնող անդամների հետ, բացի այդ նա նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ է հանդիպել, վերջինիս «դաբրոն» ստանալու համար։ Իսկ պրոֆեսորադասախոսական կազմը ներկայացնող անդամների հետ նրա հանդիպումները բացատրվում են նրանով, որ հոգաբարձուների խորհրդի ամենաանկախ հատվածը հենց նրանք են ներկայացնում՝ ուսանողության հետ միասին, և այս կազմից եթե Գևորգյանին հաջողվի ձայներ ստանալ, ապա նրա ընտրվելու հավանականությունը ավելի է մեծանում, քանի որ, մեր տեղեկություններով, նրան են հովանավորում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, որը նույնպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է՝ առաջադրված հիմնադիրի՝ կառավարության անունից, և ԿԳՆ Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, վերջինիս որդին նախարար Արայիկ Հարությունյանի հետ ընկերական կապեր ունի։ 

Այսինքն՝ Կառավարության և լիազոր մարմնի մասով՝ Գևորգյանը, ինչպես ասում են, արխային է։ Հարցին, թե մտադրություն չունի՞ Գևորգյանը ռեկտորի պաշտոնին հավակնելու, նախկինում նա մեզ պատասխանել էր, որ իր մտադրությունների վերաբերյալ ոչ ոքի պարտավոր չէ բացատրություններ տալ։ Այնուամենայնիվ, նոր իրավիճակում կրկին զանգահարեցինք՝ հասկանալու, թե ի՞նչ նպատակով է հանդիպել հոգաբարձուների խորհրդի ու նախարարի հետ, Գևորգյանն այս անգամ էլ նշեց, որ պարտավոր չէ իր մասնավոր հանդիպումների վերաբերյալ բացատրություններ տալ՝ հաստատելով, որ նման հանդիպումներ, այնուամենայնիվ եղել են, իսկ դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ այդ հանդիպումների արդյունքում ցանկանում է ռեկտոր դառնալու հետ կապված իր հարցերը կարգավորել, Գևորգյանը պատասխանեց․ « Տղա ջան, Դուք հարցեր եք տալիս, որոնք Ձեզ այնքան էլ չեն վերաբերվում, ի՞նչ անենք, որ լրագրող եք, լավ չեք կարդացել օրենքը, հաջողություն»,- և անջատեց հեռախոսը։ Փորձեցինք կապվել նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ, սակայն վերջինս անհասանելի էր։