Բոլորը դժգոհ են՝ բացի Լևոն Մկրտչյանից

Բոլորը դժգոհ են՝ բացի Լևոն Մկրտչյանից

Հայաստանի կրթական համակարգը նման է հիվանդ մարդու: Որքան ավելի շատ են այդ ոլորտում բարեփոխումներ իրականացվում, այդքան այն հիվանդանում է: Գործ ունենք շղթայական ռեակցիայի հետ, որը պտտվում է «դարձ ի շրջանս յուր» տրամաբանությամբ: Ամեն ինչ սկսվում է դպրոցից: Դպրոցը տարատեսակ կոնֆլիկտների բացառիկ մի կծիկ է, որից ճյուղավորվում է ձևախեղված հանրային միջավայրը: Երեխաները դժգոհ են ուսուցիչներից, վերջիններս դժգոհ են երեխաների ծնողներից, ծնողները դժգոհ են տնօրենից, տնօրենները դժգոհ են նախարարությունից, իսկ նախարարը ոչ միայն գոհ է բոլորից, այլ նաև շարունակում է բարեփոխել համակարգը, որը այդպես էլ չի բարեփոխվում:

Ամենակարևոր խնդիրն այն է, թե ինչով են երեխաները զբաղվում դպրոցում: Թերևս չափազանցություն չի լինի, եթե նշենք, որ դպրոցը մի կողմից կտրված է մեր իրականությունից, իսկ մյուս կողմից էլ թաղված է այդ նույն արատավոր իրականության մեջ: Առաջին հերթին կրթական համակարգը չի համապատասխանում անկախ պետության արժեքային համակարգին, իսկ դրան զուգընթաց դպրոցը ներքաշված է այդ նույն պետության կողմից պարտադրված շուկայական հարաբերությունների մեջ: Այսինքն՝ երեխաները ստանում են ցածրակարգ կրթություն, և, որքան էլ տարօրինակ հնչի, նրանք պարտավոր են վճարել: Վճարել, բայց ոչ կրթության, այլ դպրոցի առօրյայի հետ կապված ծառայությունների համար (աջակցության գումար, վերջին զանգի գումար, քննությունների համար և այլն): Ի դեպ, դրամահավաքությունը հանրակրթական դպրոցներում արգելված է` այդ ամենը կատարվում է իբրև թե կամավորության սկզբունքով, բայց իրականում՝ պարտադրված: Տեղին կլինի բերել մեկ օրինակ: Ուսուցիչը մտնում է դասասենյակ, հանում է ցուցակը և կարդում աջակցության գումարը չվճարածների անունները: Դրա անունը դրել են կամավոր, բայց ի՞նչն է կամավոր, եթե երեխան հոգեբանական ճնշման միջոցով ստորացվում է դասընկերների ներկայությամբ: Եվ ստորացվում է ծնողների գումար չունենալու պատճառով:

Նույնը կարելի է ասել վերջին զանգի գումարների դեպքում: Ծնողները գումար են հավաքում և տալիս տնօրենին, որպեսզի վերջինս իրենց երեխաներին քննությունների ժամանակ լավ նայի: Ո՞վ կարող է չտալ: Ով չտա, նրա երեխան կարող է և կտրվել ավարտական քննության ժամանակ: Վերադառնանք ցածրակարգ կրթությանը: Երեխաները չունեն կանոնակարգված զբաղվածություն: Ավելին` նրանք զրկված են մտածելու, իրենց շրջապատող աշխարհը վերլուծելու և հասկանալու հնարավորությունից: Դասաժամը տևում է 40 կամ 45 րոպե: Այդ ընթացքում նրանք զբաղվում են անգիր արած փաստերը վերարտադրելու մեխանիկական աշխատանքով, որից հետո 5 րոպե զբաղվում են ուտելով կամ էլ վազվզելով: Եվ այսպես՝ տարիներ շարունակ:

Սկսենք նրանից, որ դասապրոցեսը այնքան անարդյունավետ է, որ դրա ընթացքում գրեթե հնարավոր չէ այս կամ այն առարկան ծրագրի պահանջներին համապատասխան յուրացնել: Արդյունքում երեխաները դիմում են դասապրոցեսից դուրս այլընտրանքային պարապմունքների օգնությանը: Վերոհիշյալը նույնպես կոռուպցիոն ռիսկեր ենթադրող լավ մշակված համակարգ է: Այլ խոսքով ասած՝ ուսուցչին և տնօրենին ձեռնտու է, որ երեխաների մի մասը չի յուրացնում առարկան և որոշակի գումարի դիմաց սկսում է այցելել պարապմունքների: Գումարի մի մասը ուսուցիչը պարտադիր տրամադրում է տնօրենին:

Այս արատավոր միջավայրի հետ զուգընթաց դպրոցները սահմանափակված են գաղափարական պատնեշներով: Խոսքը ռազմահայրենասիրական դաստիարակության և կրոնական քարոզչության մասին է: Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաները վերածվել են ռազմահայրենասիրական-ազգայնական քարոզչության միջոցների: Այսինքն՝ երեխաները պատմական գործընթացները վերլուծելու, պատճառահետևանքային շղթաները հասկանալու փոխարեն զբաղված են ինչ-որ կամայական հերոսապատումներ և թվեր անգիր անելու մեխանիկական աշխատանքով, որտեղ հատկապես ընդգծվում է հայ ազգի բացառիկությունը, հերոսների փրկչագործական առաքելությունը եւ այլն:

Քսենոֆոբիան լայն տարածում ունի հայ հասարակության մեջ, դպրոցական երեխաների միջավայրում՝ հատկապես։

Թուրքատյացությունը, մարդատյացությունը աշակերտների կրթության պարտադիր բաղադրիչներից են։ Դպրոցում ատելություն է քարոզվում նաև Հայաստանի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն։ Բազմիցս նշել ենք, որ կրոնական կրթությունը աշխարհիկ դպրոցում չարիք է, բայց «ձայն բարբառո հանապատի»: Նրանք շարունակում են նույն տրամաբանությամբ․ ստիպում են երեխաներին աղոթել, ստիպում են ատել իրենցից տարբերվող երեխաներին` բողոքականներին, Եհովայի վկաներին, կաթոլիկներին, մոլոկաններին, եզդիներին և այլն: Եվ այս կրթական համակարգով մենք փորձում ենք պետություն կառուցել: Երբ երեխաները ներքաշված են շուկայական հարաբերությունների մեջ, ենթարկվում են ազգայնական և կրոնական ամենօրյա քարոզչության և գիտելիքներ ստանալու փոխարեն զբաղված են փաստահավաքությամբ ու ասմունքով: Ամենն այս բավական չէ, աշակերտները իրենց առջև տեսնում են ընտրություն կեղծող և քվե գողացող կիսագրագետ ուսուցիչների:

Վերջերս ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ իրենք ամեն ինչ անում են, որ երեխաները հայ մեծանան: Ինչպե՞ս այդ դաշնակցական նախարարին բացատրել, որ երեխաները ուզեն-չուզեն, միևնույնն է, հայ են մեծանալու, պետք է ամեն ինչ անել, որ նրանք բարեկիրթ մարդ և արժանապատիվ քաղաքացի մեծանան, որոնք պատրաստ կլինեն հանուն պետության ապրել ու ստեղծագործել, այլ ոչ թե՝ «վասն հայրենեաց» զոհվել:

Ամենավատն այն է, որ վերջերս մի դպրոց էի գնացել: Ինչպես միշտ Ցեղասպանության մասին «նորաձև» միջոցառում էր կազմակերպվել: Թողնենք մի կողմ այդ միջոցառման նողկալի բնույթը, այլ ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ ընտրակեղծարար տնօրենը հպարտ-հպարտ գեղեցիկ տեքստեր էր արտասանում սահմանի և հայ զինվորի մասին: Բոլորը հուզված էին և բոլորը հպարտ:

Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն, քանզի այս ամենից է կախված հանրության և պետության ապագան։ Բոլոր այս երևույթների մասին իհարկե կարելի է խոսել առավել մանրամասն: Գնահատականները ընդհանրական են և հավաքական, բայց ամենն այս ես տեսել եմ իմ աչքերով: