Մյուս տարի Վիգեն Սարգսյանը կպահանջի մարդկանց երիկամները

Մյուս տարի Վիգեն Սարգսյանը կպահանջի մարդկանց երիկամները

Հանրությանը ծնկի բերելու իշխանությունների և նրանց ֆեյբուքյան «վերլուծաբանների» մեխանիզմները սարսափելի են: Նրանք խաղում են մարդկանց բացառապես բոլոր նվիրական զգացմունքների հետ: Հայրենիք, բանակ, անվտանգություն, զինվոր, բարեգործություն, եկեղեցի, աստված, Տիգրան Մեծ, ցեղասպանություն, Նժդեհ. Պատկերացրեք, թե ինչ ահռելի գաղափարական ներուժի հետ մենք գործ ունենք, մտածեք, թե ինչքան մարդիկ են ընկնում այս թակարդի մեջ, առանց հասկանալու, որ բոլոր մատնանշված թեմաները օդում լողացող փուչիկներ են: Ամենապարզ խաղաքարտն է. Հայրենասիրության կեղծ քողի տակ ոչնչացնել անհատին: Սա բավական չէ. Ինչ-որ խմբեր ինքնահաստատվում, կյանք են ստանում զոհված զինվորների ծնողների հաշվին, զինվորի արյան հաշվին, զինվորի հաշվին: Պարզ չերևացող հրեշի հետ գործ ունենք, միայն երևում է դրա վրայի գունավոր, գեղեցիկ գրառումը. Հայրենասիրություն: Ահա այս նույն նպատակով է շրջանառության մեջ մտել «Ազգ-բանակ» կոնցեպտը։ Առաջին հայացքից այն բավականին գեղեցիկ, նույնիսկ շքեղ է հնչում և մարդիկ հեշտությամբ կարող են գայթակղվել դրա ռազմահայրենասիր ական շղարշով։ Իրականում «Ազգ-բանակը» ոչ մի պաշտպանության հարց էլ չի լուծում, այդպիսի նպատակ էլ չկա։ Խնդիրը մեկն է․ ազգին դարձնել վերահսկելի՝ բացառելով ընդդիմանալու և ըմբոստանալու մարդկանց բնական ձգտումները։ Իրականում «Ազգ-բանակը» մուսուլմանական Ջիհադի հայկական ինտերպրիտացիան է։ Այդ ճանապարհով մարդկանց մոբիլիզացնում են՝ մի կողմից հպատակեցնելու, իսկ մյուս կողմից էլ՝ անհրաժեշտության դեպքում կամավոր զոհ դարձնելու նպատակով։ Դրա հիմքում իմացյալ մահ անմահություն սկզբունքն է։ Դեռ ավելին՝ ազգը պետք է դառնա ֆիդայի, իսկ ֆիդայի նշանակում է ինքնազոհ, այսինքն՝ ազգի երիտասարդները պետք է կամովին ինքնազոհվեն:

Նայեք համաշխարհային պատմության փորձը և կտեսնեք, որ պատմական տարբեր ժամանակներում, մոլորակի տարբեր հատվածներում, որտեղ տնտեսական համակարգերը կրախի են ենթարկվել, այնտեղ էլ ուժեղացել են նացիոնալիստական տրամադրությունները: Դրանք մշտապես հրահրվել և օգտագործվել են իշխանությունների կողմից: Միայն բացառություն են կազմում Իսլամական երկրները, որտեղ վերոհիշյալ գործառույթը կատարում է կրոնական ֆունդամենտնալիզմը:

Այդ տեսանկյունից Ազգ-բանակ կոնցեպցիան ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ արատավոր պրակտիկայի գործարկման մի անհաջող փորձ: Իշխանությունները Հայաստանի կազմաքանդված էկոնոմիկայի ծանրագույն հետևանքները փորձում են կոմպեսացնել կարճաժամկետ, բայց նույնիսկ այդ կարճ ժամանակի մեջ հուժկու արդյունք ապահովող գործիքակազմի միջոցով, որն է՝ ազգայնական դեմագոգիան: Չի աշխատում տնտեսությունը, ապա կաշխատի հայրենասիրական շիզոֆրենիան։ Կարճ տարածության վրա աննշան թիրախների հարվածելով՝ գործընթացն այդ մեծ հաշվով սուր ծայրով հարվածելու է հենց ազգին: Առաջին արդյունքը երկար սպասեցնել չտվեց. ի վերջո տեսանք այդ հայրենասիրությունը, որն արժեր ընդամենը հազար դրամ կամ սոցիալական անարդարության մի պարզ դրսևորում, որը կիրառվեց ազգայնական դեմագոգիայի սրընթաց ներգործության միջոցով: Խոսքը անցած տարի շրջանառության մեջ մտած բանակին տրվող 1000 դրամների մասին է։ Անցած տարի Վիգեն Սարգսյանը 1000 դրամ էր ուզում, այս տարի որոշեց, որ ուսանողներին զանգվածաբար պետք է քշի բանակ, իսկ ի՞նչ է լինելու մյուս տարի։ Ենթադրում եմ, որ պարոն նախարարը կպահանջի մարդկանց ներքին օրգանները, օրինակ՝ երիկամներից մեկը պարտադիր կերպով նվիրաբերել բանակին։

Ի դեպ, ընդդիմադիր դաշտում նույնպես կան ուժեր, որոնք կողմ են արտահայտվում համանման մոտեցումների: Մեծ հաշվով, իշխանությունների դեմ պայքարի դուրս եկած քաղաքական այդ միավորները իսկական նվեր են հենց իշխանությունների համար:

Աբսուրդային այս իրավիճակում Հայաստանը կայացած պետության տպավորություն չի թողնում: Կարծես թե, ինչ-որ պայմանական աշխարհագրական տարածքում ինքնավարություն հռչակած ու զինյալ խմբերի հաշվին գոյատևող գավառական հանրույթ լինենք՝ առանց պետական ինստիտուտների և պետականությանը բնորոշ խաղի կանոնների: Այս բնորոշումները ըստ էության պետք է ավելի համապատասխան լինեին քրդական «PKK»-ին կամ էլ Իրաքի հյուսիսում Քրդիստանի ռեգիոնալ կառավարությանը, բայց ոչ երբեք՝ 25 տարվա ընթացք ունեցող Հայաստանի Հանրապետությանը:

Եթե Իրաքի քրդերը փող հավաքեն փեշմերգայի (զինյալ խմբերի միավորում) համար, ապա ավելի քան օրինաչափ կլինի, քանզի չկա պետություն, չկան համապատասխան ինստիտուտներ, բայց, եթե նույն բանը կատարվում է արդեն կայացած երկրում, ապա գործ ունենք պետականազուրկ մտածողության վերակենդանացման միտումների հետ: Իսկապես արդեն հոգնեցրել են այդ բանակի թեմաներով, չի կարելի ամբողջ պետությունը դնել մի կողմ և ախ բանա՜կ-բանակ՜ գոռալով զզվեցնել մարդկանց ու մի հատ էլ մտնել գրպանները ու գիտության հաշվին բանակի հարց լուծել:

Հա ու էս էկոնոմիկայով մենք պատերազմում հաղթողը չենք, ինչքան էլ հետույքները հայրենասիրաբար պատռեն։ Հայու ոգին ու թասիբը հաշիվ չեն: Նորմալ երկրներում փողերն ու գիտությունը ներդրվում են բիզնեսի, արդյունաբերության մեջ, որ դրանցից եկող շահույթներով նաև հնարավոր լինի բանակ պահել: Իսկ առավել զարգացած պետություններում բիզնեսի ու արդյունաբերության մեջ է ներգրավվում նաև բանակը:

Հայաստանում ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը, այստեղ ողորմության և մուրացկանության պրակտիկան է առաջնային պլան մղվել. ինչ-որ մեկը կամավոր կօգնի, ժողովուրդը փող կհավաքի, ռուսաստանաբնակ հայ գործարարը այս կամ այն տեխնիկան կնվիրի, ՀԿ-ները սնունդ կնվիրեն, գիտություն էլ պետք չէ, բոլորը՝ բանակ, բոլորը պետք է քրիստոնյա «ջիհադիստներ» դառնան

Սա ոչ միայն կայացած ու երկու տասնամյակ գոյություն ունեցող պետության վարքագիծ չի, այլ նաև շանտղություն է: