Ի՞նչ կապ ունի Վիլյամ Սարոյանը պետական խորհրդանիշների հետ

Ի՞նչ կապ ունի Վիլյամ Սարոյանը պետական խորհրդանիշների հետ

«Թումո»-ն մասնակցել է Կենտրոնական բանկի հայտարարած ՀՀ թղթադրամի դիզայնի մրցույթին։ Թումոցիները աշխատել են շվեյցարական նոր ֆրանկի դիզայներներ Մանուելա Ֆրունդերի ու Ադրիան Հեուբերգերի օգնությամբ։ Վիլյամ Սարոյանի պատկերով 5000 դրամը՝ գրողի սիրելի հայկական արևով ու լեռներով։ Հիշեցնենք, որ 1000 դրամի վրա պատկերված է լինելու Պարույր Սևակը, 2000 դրամի՝ Տիգրան Պետրոսյանը, 10․000-ի՝ Կոմիտասը, 20․000-ի՝ Հովհաննես Այվազովսկին և վերջապես 50․000-ի դրամի վրա պատկերված կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Իհարկե Վիլյամ Սարոյանի պատկերով թղթադրամը չափազանց գեղեցիկ է, բայց միևնույնն է, հասկանալի չէ, թե ինչու է ԿԲ-ն ընտրել հենց Վիլյամ Սարոյանին և մյուսներին։ Թերևս բացառություն է միայն Կոմիտասը, որի հետ կապված որևէ քննադատություն չենք կարող նշել։ Իսկ մյուսները՞ 1000 դրամի վրա պատկերված կլինի ճ կլասի ինչ-որ էստրադային բանաստեղծ: Սևակը հարգանքի արժանի է, բայց այն կերպարը չէ, որ պետք է հայտնվի պետական խորհրդանիշի վրա: Ինչ է, թե Սերժ Սարգսյանը շախմատի սիրահար է, ապա չգիտես ինչու շախմատը և շախմատիստները պետք է աստվածացվեն: Դե հա, Տիգրան Պետրոսյանը մեծ շախմատիստ է, բայց իմ կարծիքով պետական խորհրդանիշի համար նրա կերպարը թույլ է: Վիլյամ Սարոյանը իմ սիրելի գրողներից է, բայց նա կապ չունի հայկական գրականության հետ: Նա ամերիկյան գրող է՝ հայկական ծագմամբ: Հովհաննես Այվազովսկին ընդամենը հայկական ծագմամբ ծովանկարիչ է: Նա ավելի շատ առնչվում է ռուսական մշակույթի հետ, քան՝ հայկական: Եթե ընտրությունը անպայման պետք է կանգներ նկարիչի տարբերակի վրա, ապա շատ ավելի տաղանդավոր և խորհդանիշի կարգավիճակ ունեցող նկարիչներ կան: Վերջին տարբերակը պարզապես խայտառակություն է, այն էլ ամենամեծ միավորի վրա: Հասկացանք, որ Գրիգոր Լուսավորիչը առաջին կաթողիկոսն է եղել, բայց ախր կարելի էր առավել խոշոր եկեղեցական գործիչների ներառել՝ Մաշտոց, Գոշ և այլն: Մի խոսքով՝ անճաշակ, գավառական տարբերակներ են ընտրվել:

Բացի Կոմիտասից բոլոր մյուս տարբերակները մեղմ ասած չեն կարող պատկերվել ՀՀ պետական խորհրդանիշների վրա: Դրանք որևէ կերպ չեն ուրվագծում կամ ամբողջացնում հայ ինքնությունն ու պետականության էությունը: Սա իհարկե տոտալ տգիտության վառ դրսևորում է: Այս կամ այն անհատը թղթադրամի վրա չի կարող պատկերվել զուտ հայտնի, տաղանդավոր, հանճարեղ լինելու չափորոշիչներով: Որքան էլ զարմանալի չթվա, բայց վերոհիշյալի հետ համեմատած կա նաև շատ ավելի ողորմելի արգումենտ, իբրև թե՝ այս կամ այն անհատը հայերին և Հայաստանը հայտնի է դարձրել աշխարհում և դրանից ելնելով արժանի է այդ պատվին: Իսկապես ծիծաղելի է, հատկապես, երբ խոսքը գնում է պետության և դրա բովանդակության մասին: Թղթադրամը, փողը, դրամը ինչ-որ անցողիկ դրսևորումներ չեն, դրանք պետական խորհրդանիշներ են, ազգային արժեք, դեռ ավելին՝ պետականության կարևորագույն ատրիբուտներից մեկը: Եթե այդքան թքած ունեք, ապա հրաժարվեք դրամից և մտեք ռուբլու գոտի, չեք անի չէ՞, գոնե ենթագիտակցորեն հասկանում եք չէ՞, որ դա կարևորագույն ատրիբուտ է, իսկ դրանից հրաժարվելը՝ անթույլատրելի, ինչու չէ նաև՝ ստորացուցիչ: Հին աշխարհում և Միջնադարում դրամ հատելու իրավունքը պետականության գոյության կարևորագույն ատրիբուտներից մեկն էր: Իսկ դրա բացակայությունը դիտարկվում էր որպես ինքնիշխանության կարևորագույն մասնիկի բացակայություն: Դրամների վրա տեղ գտած պատկերները ամենևին էլ պատահականությունն չէին, դրանք խորհրդանշում էին տվյալ ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակը, անցուդարձերը, ռազմաքաղաքական կարգավիճակը և այսպես շարունակ: Այսինքն բոլոր ժամանակներում դրանք հստակ խորհրդանշական ազդակներ են պարունակել: Բավական է նշել միայն, որ հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների և քաղաքական իրադարձությունների վերաբերյալ մենք պատկերացում ենք կազմում հենց դրամների վրա պատկերված պատկերների և խորհրդանիշների միջոցով: Ինչպես պատմության ընթացքում, այնպես էլ արդի աշխարհում չի գտնվի մի դրամական միավոր, որի վրայի պատկերներն ու խորհրդանիշները պատահական կլինեն: Թերևս բացառություն է միայն Հայաստանը:

Ինչպես վերևում նկատեցինք, դրամը ազգային արժեք է, իսկ դրա վրայի պատկերները տվյալ իրականության արտացոլանքը, հաստատուն վկայությունը: Այս տրամաբանությունից ելնելով Հայաստանի դրամների վրա պետք է պատկերված լինեն անկախության և ազատության խորհրդանիշները, կամ այդ գաղափարների հետ առնչվող անհատները, որոնք համահունչ կլինեն ազատ ու անկախ հանրապետության արժեքային միջավայրին: Ենթադրենք Սևակը տաղանդավոր պոետ է, և՞, հետո՞, ի՞նչ ազդակ է նա փոխանցում, նույն տրամաբանությամբ նաև Այվազովսկին, Սարոյանը, Պետրոսյանը: Ախր չի կարելի այնքան բութ լինել և հայկականություն կոչվածը լցնել բացառապես հայտնի հայ չափորոշիչով: Այդպիսի չարաճճիություն իրենց կարող են թույլ տալ միայն պետականազուրկ ազգերը, որոնք դրսևորվելու ինչ-ինչ կոմպելքսներ ունեն: Բայց չէ՞ որ սա պետություն է, չէ՞ որ այն պետք է լուրջ պետականությանը բնորոշ բովանդակությամբ լցվի: «Թումո»-ում էլ այնքան երջանիկ են, նրանց թվում է, որ չափազանց լուրջ ու «կրեաԾիվ» գործ են արել։