Բյուզանդական գիտական մեթոդի առանձնահատկությունները

Բյուզանդական գիտական մեթոդի առանձնահատկությունները
Գիտության անտիկ մեթոդաբանությունը բյուզանդացիների կողմից ընկալվել է անփոփոխ կերպով: Նրանք ոչ որեւէ բան ավելացրել են, ոչ պակասեցրել, ոչ բարելավել եւ ոչ էլ վատթարացրել: Այդ մեթոդաբանությունը կառուցվում է մասնավորապես Արիստոտելի տրակտատների հիմքի վրա:



Ըստ Արիստոտելի, բոլոր օբյեկտները, որ կան աշխարհի երեսին, կարող են նկարագրվել երկմակարդակ համակարգում, սեռի եւ տեսակի: Տեսակները մեր շրջապատող օբյեկտների բազմազանությունն է, սեռերը` վերացարկված մտահանգումային կատեգորիաները, որոնք թույլ են տալիս մեզ համակարգել իրական օբյեկտների այդ անհամար բազմազանությունը: Տեսակները կարող են լինել որքան ցանկանանք, սակայն ըստ ընդհանուր հատկանիշների, մենք դրանք կարող են խմբավորել կամ դասակարգել որոշակի սեռերի մեջ: Սա խիստ վերլուծական մեթոդ է: Սեռը իդեալական տիպ է, որը գոյություն չունի իրականության մեջ եւ կառուցվում է հետազոտողի կողմից: Այս երկմակարդակ համակարգը կիրառվում էր որպես գործիք նկարագրության համար, որի արդյունքում դասակարգվում ու համակարգվում էին նաեւ ժողովուրդները:



Դասկարգում ինչպես մեզ, այնպես էլ բյուզանդացիների համար անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի հնարավոր լինի վերլուծել շրջապատող իրականությունը, կանխատեսել ապագան, հասկանալ, թե ինչպես է պետք շփվել հարեւանների հետ, որոնք արդեն բյուզանդացիների պարագայում, կամ առեւտրական գործընկեր էին, կամ իրենցից ներկայացնում էին ռազմական սպառնալիք:



Գիտական նկարագրությունների բյուզանդական համակարգը նույնական է մեր այսօրվա գիտական նկարագության համակարգի հետ: Այսօրվա մեր նկարագրային մեթոդաբանությունը նույնպես ենթադրում է առանձին տեսակային կատեգորիաների ուսումնասիրությունն ու խմբավորումը որոշակի ընդհանրացնող դասակարգման հիմնականում վերացական ավելի մեծ խմբերի մեջ: Օրինակ, մենք այսօր կիրառում ենք «դրամատիրություն» հասկացությունը, հասկանալով որ այդ սոցիոլոգեման հասարակության եւ տնտեսությունների կազմության բավական մի մեծ եւ բազմազան խումբ է ներառում, որոնք ունեն ընդհանրացնող նման հատկանիշներ:



Բյուզանդական գիտակցությունը նույնպես աշխատում էր նույն եղանակով: Բյուզանդացիների գիտակցությունը աշխատում էր նույն կերպ. Նրանք վերցնում էին ազգակից կոնցեպտները, որոնց արդեն դասում էին իրենց ժամանակակից աշխարհի իրական տեսակային բազմազանությունը: Այս դասակարգման համակարգը կիրառում էին հիմնականում ուսյալ բյուզանդացիները, իսկ ոչ-ուսյալ խավը արդեն իրենց շրջապատող աշխարհի երկրների եւ ժողովուրդների բազմազանության մասին պատկերացումները ձեւավորում էին պրակտիկորեն, իսկ դասակարգումներ կատարել, տիպաբանություններ ստեղծել նրանք պարզապես անկարող էին: Աշխարհագրություն, ազգագրություն եւ աստղագիտություն Բազային մոտեցումները, որոնք թույլ էին տալիս պատկերացում կազմելու ժողովուրդների նմանությունների եւ տարբերությունների մասին, բյուզանդացիները վերցնում իրենց ստեղծած եւ անտիկ ժառանգության մաս կազմող աստղագիտությունից:



Գաղափարը հետեւյալն էր: Բնության, կենդանական աշխարհի, մարդկանց վարքագծի եւ կենցաղի վրա մեծ էր երկնային լուսատուների ազդեցությունը: Ամենից վառ օրինակը` Արեգակն ու Լուսինը: Ակնհայտ է, որ երբ Արեգակը պակասություն է անում, կամ էլ չափից դուրս շատ է, ապա անխոս ազդում է տարբեր շրջանների բուսականության եւ կենդանական աշխարհի վրա: Մյուս լուսատուներն էլ ազդում են մարդկանց կենցաղավարության եւ վարքագծի վրա: Նույն կերպ նաեւ ժողովուրդների պարագայում է: Այս գաղափարը մշակվել է ուշ անտիկ շրջանում եւ բյուզանդացիների կողմից: Այս կոնցեպտը ընկալվում էր որպես գիտական հիմք եւ ազգագրության հիմքում դրվում էր աշխարհագրությունը: Այս տրամաբանությամբ էլ բյուզանդացիները, օրինակ «սկյութներ» անվանել են այն բոլոր ժողովուրդներին, ովքեր ապրում են հյուսիսում եւ այդ հասկացության մեջ ներառել են սոցիո-ազգագրական շերտեր:



Ենթադրվում էր, որ քոչվոր հյուսիսցիները տեղյակ չեն ճիշտ կառուցված պետականությունից, նրանք զինվորներ են, որոնց հասու չէ իմաստությունն ու գիտելիքը: Նրանք խիստ ցրտերի եւ Արեգակի պակասի պատճառով շատ խիզախ են, կապուտաչյա, սպիտակամաշկ, բարձրահասակ եւ ֆիզիկապես ամուր կառուցվածքով, սակայն գիտության հանդեպ ընկալունակ չեն:



Հարավցիները, ընդհակառակը. Արեգակն այստեղ շատ է եւ կարծես հալեցրել է նրանց: Նրանք ավելի վախկոտ են, ենթակա ամեն տեսակի արատների, սակայն կարող են մեծ հաջողությունների հասնել գիտությունների մեջ: Երկրի մակերեւույթի մասին հենց այս տեսությունն էլ բյուզանդացիների դասակարգումը դարձնում է առանձնահատուկ:



Մենք ժողովուրդներին դասակարգում ենք հիմք ընդունելով լեզվական առանձնահատկությունը եւ դասակարգման այս բազան կամ համակարգը ստեղվել է XVIII–XIX դդ սահմանագծին; Հենց լեզվաբանները նախ սկսեցին խմբավորել լեզուները, ապա նաեւ ժողովուրդներին: Սակայն մենք կարող ենք օրինակ նույն հնդեւվրոպական լեզվաընտանիքի մեջ ներառել եւ անգլիացիներին եւ փուշտուներին, որոնք բացարձակապես տարբեր մշակույթներ ունեն, տարբեր կենցաղ եւր այլն եւ սա կարող է նույնքան անորոշություն ստեղծել, օրինակ, որքան թյուրքերին եւ ռուսներին կամ սլավոններին նույն խմբի մեջ դասակարգելը:



Իսկ բյուզանդացիները դա անում էին եւ այդ խմբին անվանում «սկյութներ»: Իհարկե, բյուզանդացիները ունեին դասակարգման ամբողջականացման համար լրացնող պարամետրեր եւս օրինակ քոչվորներ, թամբակյացներ, նստակյացներ եւ այլն: Ուստի օրինակ պեչենեգներն ու պոլովեց թյուրքերը կոչվում էին սկյութներ, իսկ «ռուսները»` «տավրո-սկութներ»: Հատկապես, որ ռուսներն օրինակ ապրում էին այն նույն տարածքներում, ուր ժամանակին ապրել են իսկական սկյութները: Սրանով հանդերձ, նաեւ պետք է նաեւ արձանագրել, որ բյուզանդացիները հասկանում էին, որ իրենց ասած այսպես կոչված «սկյութները», «պարսիկները», «գալլերը», «կելտերը», բացարձակապես կապ չունեին այն նույն համանուն ժողովուրդների հետ, որոնք նկարագրված էին Հերոդոտոսի մոտ, Ստրաբոնի մոտ, կամ մյուս անտիկ հեղինակների մոտ: Այսպես ասած բյուզանդացիները պարզապես չէին խախտում արդեն ձեւավորված գիտական նկարագրության ավանդույթը: Կան նաեւ բազմաթիվ օրինակներ, երբ բյուզանդական դասակարգման համակարգը պարզապես այսպես ասած «խափանվել» է:



Այսպես, երբ XI դարում թյուրքերը գրավեցին Պարսկաստանը, ապա նրանց համար պարսկական թյուրքերը դարձան «պարսիկներ» եւ հենց բյուզանդացիների մոտ սկսվեց խառնաշփոթ: Նրանք չէին կարողանում հասկանալ, թե որ լեզվով են խոսում այս նոր պարսիկները: Բյուզանդացի հեղինակների մեծ մասը նրանց լեզուն անվանում էր պարսկերեն թեեւ ներկայիս գիտությունը հստակ գիտի, որ նրանք խոսում էին թյորքերենով:



Այս ամենը սակայն, չպետք է հիմք տա մտածելու համար, թե բյուզանդացիները օգտվում էին միայն հին էթնո-անվանումներից: Բյուզանդական մատենագրության մեջ այս իմաստով հսկայական բազմազանություն կա անվանումների, որոնք վերաբերվում էին ցեղերի եւ ժողովուրդների ինքնանվանումներին: Ահա օրինակ, գուններ, գոթեր, ֆրանկներ, լանկոբարդներ, սլավոնացիներ, անգլիացիներ, իտալացիներ, պեչենեգներ, կումաներ եւ այլ ուրիշներ: Հետո արդեն այդ ցեղերը դասակարգվում, խմնավորվում էին ազգակից դասերի մեջ, որոնք էլ արդեն կոչվում էին հին անվանումներով: Լինում էին դեպքեր, երբ նոր անվանումներն ու հին անվանումները կիրառվում էին մեջընդմեջ կամ էլ պարզապես տարբեր անվանումներ էին կիրառում:



Այսպես արեւմտա-եվրոպական տարածքների բնակիչներին, անվանում էին եւ ֆրանկներ, եւ կելտեր եւ գալլեր, իսկ արդեն ավելի ուշ, ըստ եկեղեցական դակարգման, նրանց անվանում էին լատիններ: Ֆրանկներն ու լատինները, բյուզանդական մատենագրության համար ստանդարտ անվանումներ էին արեւմտա-եվրոպական տարածքների բնակիչների համար, անկախ այն հանգամանքից, թե ինչ անունով նրանք կխոսեին: Արեւմտյան Եվրոպան, օրինակ նման դասակարգման համակարգ չունի, ինչպիսին ունեին բյուզանդացիները եւ արեւմտա-եվրոպական գիտակցության մեջ, ի սկզբանե, արմատացած էր ցեղային պատկանելիությամբ նույնականացման եւ անվանման համակարգը: Սա թերեւս նաեւ այն պատճառով էր, որ անտիկ ավանդույթների ազդեցությունն Արեւմուտքում համեմատաբար թույլ էր:



Պետք է նաեւ ասել, որ շնորհիվ բյուզանդացիների, որոշ ժողովուրդների ինքնանվանումներ պահպանվել են, ամրագրվել, մուտք են գործել գիտության մեջ եւ կիրառվում են մինչեւ այսօր, ինչպես օրինակ սլավոնների, պեչենեգների, կումանների եւ այլոց դեպքում: Բյուզանդացիների ինքնաընկալումը Աստղագիտական տեսությունը ազդեցություն է գործել նաեւ այն բանի վրա, թե ինչպես են իրենք իրենց ընկալել բյուզանդացիները: Կարծվում էր, որ չափազանց մերձ տեղադիրքը Արկտիկային կամ հասարակածին, պայմանավորում է մարդկային վարքուբարքի անկատարությունը: Սրանով հանդերձ, միջակա տարածքները, որոնք գտնվում էին Արկտիկայի եւ հասարակածի միջեւ, այսինքն` Հունաստանը, Բալկանները, Իտալիան եւ Իրանը, ըստ բյուզանդական պատկերացումների, աչքի էին ընկնում լուսատուների բարենպաստ փոխազդեցությամբ, որոնք էլ պայմանավորել են մարդկային բնության ներդաշնակությունն ու կատարելությունը:



Հենց այս միջակա տարածքներում են ձեւավորվել մարդկային բնավորության բոլոր ուժեղ գծերը, ինչպես նաեւ կենդանական եւ բուսական աշխարհի լավագույն տեսակները: Այդ պատճառով է, որ հույներն ու հռոմեացիները մի կողմից խիզախ են համարվել, մյուս կողմից` իմաստուն: Նրանք խուսափում էին երկու ծայրահեղություններից էլ, ինչպես արեւի ավելցուկից այնպես էլ չափազանց ցրտից, եւ հենց երկնային լուսատուների ներդաշնակ կոնֆիգուրացիան նրանց կատարյալ էր դարձնում: Եթե Բյուզանդական կայսրության հարեւան ժողովուրդների մասին հաղորդումները բյուղանդական մատենագրության մեջ բավականին շատ են, ապա կայսրության ներսում բնակվող ժողովուրդների մասին հաղորդումները չափազանց սակավ են, քանի որ բյուզանդացիները, կարողացել էին ստեղծել այսպես կոչված հպատակության վրա հիմնված քաղաքացիական հասարակություն, ինչը նշանակում էր, որ բոլոր նրանք, ովքեր կայսրության հպատակներ էին, ասյինքն ունեին քաղաքացիություն, արդեն համարվում էին բյուզանդացիներ:



Հիշենք, որ բյուզանդական իրավունքը, որը հիմնված էր հին հռոմեական իրավունքի վրա, ազգային պատկանելիություն չէր ճանաչում եւ հիմնվում էր հպատակության սկզբունքի վրա: Միայն քրիստոնեացումից հետո, երբ սկսվեցին դավանաբանական վիճաբանությունները, Բյուզանդիայում սկսեցին տարբերակել ուղղադավանների եւ ոչ ուղղադավանների, ինչը կրոնական բաժանարար սկզբունքից վերաճելով, դարձավ նաեւ իրավական սկզբունք կայսրության մեջ:



Այսպիսով, թերի եւ դեմ մոտեցումներով հանդերձ բյուզանդացիների պատկերացումները բավական կենսունակ են եղել եւ գործել են ինչպես կայսրության գոյության ժամանակ, այնպես էլ հետո, եւ եկել հասել են մինչեւ մեր օրեր:



**Ռուստամ Շուքյուրով**



Պատմ. գիտ դոկտոր Մոսկվայի պետ համալսարանի պրոֆեսոր