Գևորգ Սաֆարյանը պայքարող և երբեք չվաճառվող քաղաքացու տեսակ է

Գևորգ Սաֆարյանը պայքարող և երբեք չվաճառվող քաղաքացու տեսակ է

2012-13 թթ. Նախախորհրդանը (ներկայումս՝ Հիմնադիր Խորհրդարան) ուներ երիտասարդական լավագույն թիմերից մեկը: Սխալված չենք լինի, եթե նշենք, որ ներկայումս ակտիվ պայքարող առաջադեմ ջահելների մի զգալի մասը դուրս են եկել հենց այդ քաղաքական կառույցից:

Ի դեպ Նախախորհրդարանում է իր քաղաքական կուսությունը կորցրել նաև այս տողերի հեղինակը՝ այսինքն՝ ես: Հենց այս ընթացքում էլ առիթ ունեցա ճանաչել, իսկ ավելի ուշ նաև՝ ընկերանալ Գևորգ Սաֆարյանի հետ: Այն ժամանակ դեռ չէինք կարող պատկերացնել, որ ինչ-որ մի օր Գևը կարող է քաղբանտարկյալ դառնալ, իսկ ես «Հրապարակ»-ում նրա մասին հիշողություններ կգրեմ: Ես տեքստ գրել չգիտեի, իսկ նա էլ համոզված էր, որ ամիսներ հետո իշխանությունը տապալվելու է:

Ժիրայր Սեֆիլյանի շրջապատում քչերը կային, որ պատրաստ կլինեին մինչև վերջ գնալ և այդ քչերից մեկը Գևորգ Սաֆարյանն էր: Դժվար թե հնարավոր լինի գտնել Սեֆիլյանին առավել հավատարիմ ու նվիրված մեկին, քան Գևն է: Իսկապես նա գաղափարական զինվոր էր ու պրոֆեսիոնալ հեղափոխականի տպավորություն էր թողնում՝ հիշեցնելով 1900-ական թթ. հեղափոխականներին: Ասկետի կյանքով էր ապրում, հրաժարվել էր կյանքի գրեթե բոլոր հմայություններից, նույնիսկ ֆեյսբուքից չէր օգտվում՝ դիտարկելով այն որպես դատարկախոսության տարածք: Գևի միակ մտածմունքը հեղափոխությունն էր, իսկ դրան հասնելու միակ միջոցը կարող էր լինել փողոցը:

Չնայած ջերմ մարդկային փոխհարաբերություններին, բայց ես Գևի հետ ունեի լրջագույն գաղափարական տարաձայնություններ: Ընդհանրապես Գևի հնչեցրած հրապարակային ելույթներն ու թիմային բանավեճերում նրա կողմից բերվող հիմնավորումները ես ընկալում էի որպես դեմագոգիա: Նրան էլ եմ բազմիցս ասել, որ դու իմ տեսած բոլոր դեմագոգներից ամենազորեղն ես: Իսկ երբ այդ դեմագոգիան ողողվում էր նաև ազգայնական ծայրահեղ մոտիվներով, տարաձայնությունները դառնում էին նաև աշխարհայացքային:

Ի դեպ Գևն էլ ինձ միշտ մեղադրում էր ֆեյսբուքում դատարկաբանությամբ զբաղվելու համար, իբրև թե՝ հեղափոխություն անելու փոխարեն ամբողջ օրը դատարկախոսում ենք:

Իհարկե Գևի դեմագոգ կամ իմ դատարկախոս լինելն այսօր այդքան էլ էական չէ, քանի որ բոլորիս միավորում է ավելի լավ պետություն ունենալու և սոցիալական անարդարության բուրգը ոչնչացնելու մեծ գաղափարը:

Անկախ գաղափարական տարաձայնություններից Գևորգ Սաֆարյանը լուսավոր անհատականություն է, նա պայքարող և երբեք չվաճառվող քաղաքացու տեսակ է, որը կեղծ մատնության ու դավադրության արդյունքում դարձել է քաղբանտարկյալ: Ըստ էության չկա որևէ պատճառ նրան անազատության մեջ պահելու համար: Խնդիրն այն է, որ իշխանությունները մի կողմից փորձել են հաշվեհարդար տեսնել Սաֆարյանից՝ նախկինում նրա կողմից հնչեցված սուր ելույթների համար, իսկ մյուս կողմից էլ՝ կեղծ մատնության միջոցով փորձել են չեզոքացնել հերթական ակտիվ պայքարող քաղաքացուն և կանխարգելել նրա հետագա ակտիվ մասնակցությունը իշխանությունների դեմ պայքարին:

Այսօր Գևորգ Սաֆարյանի՝ մեր Գևի, ծննդյան օրն է: Թեև նա անազատության մեջ է, բայց մարդկային հոգիներ կուլ տվող իշխանություններին չի հաջողվել շղթայել նրա մեջ ապրող ազատությունը:

2013 թ. Նախախորհրդարանը առաջ էր քաշում խաղաղ համակարգափոխության ծրագիր: Գրեթե բոլորը հարցնում էին, իսկ եթե այդ ռազմավարությունը ձախողվի, ապա ի՞նչ է լինելու հաջորդ քայլը: Սեֆիլյանը և մյուսները ասում էին, որ պլան A-ից զատ կա նաև պլան B-ն: Իհարկե մենք չեինք հասկանում, թե ինչ է դա իրենից ենթադրում: Տարիներ հետո պարզ դարձավ, որ պլան B-ն Սասնա ծռերի ապստամբությունն էր: Եթե Գևն այդ ժամանակ ազաության մեջ լիներ, ապա ներկայումս հաստատապես կդատվեր Սասնա ծռերի հետ միասին: