Ինչո՞ւ Երվանդ Սերոբյանը չի պայքարելու ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար

Ինչո՞ւ Երվանդ Սերոբյանը չի պայքարելու ՇՊՀ ռեկտորի  պաշտոնի համար

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի համար հայտ են ներկայացրել 4 հոգի: Եթե ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատի նրանց բոլորի մասնակցությունը, ապա մարտի 2-ին ռեկտորի պաշտոնի համար կպայքարեն ՇՊՀ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի փոխտնօրեն Նազելի Ավետիսյանը, Մանուշակ Կարապետյանը, ով ՇՊՀ ավագ դպրոցի փոխտնօրենն է, ՇՊՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Անդրանիկ Սարգսյանը  եւ Լուսինե Ֆլջյանը՝ «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների եւ գրականության ամբիոնի պրոֆեսորը: Բոլորն էլ ինքնառաջադրվել են:

Ի զարմանս մեզ՝ մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացրել ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:  Խոսակցությունների համաձայն՝ Երվանդ Սերոբյանը պաշտոնին մնալու համար գնալու էր մինչև վերջ, սակայն նրա որոշմանը նպաստել են որոշ հանգամանքներ: Ուսանողության եւ դասախոսության մի զանգված բուհում դեմ է եղել նրա թեկնածությանը, քանի որ համարում էին, թե նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի մտերիմն է, նրա կողմից ուղղորդված մեկը: Երվանդ Սերոբյանից hraparak.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտ չի ներկայացրել:

«Իմ որոշումը պայմանավորված է նրանով, որ ես ներկայացված պահանջներին չեմ բավարարում : Այնտեղ կետ կա, որ ՇՊՀ ռեկտոր կարող է դառնալ 5 տարվա հանրային կառավարման կամ բուհում վարչական ստաժ ունեցողը, ես այդ ստաժը չունեմ, այդ պատճառով չեմ ներկայացրել, ավելի շուտ ոչ թե այդ պատճառով, պարզապես չեմ դիմել»,-խոսքը շտկեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը՝ նշելով, որ ինքն ամբիոնի դոցենտ է եւ կշարունակի դոցենտություն անել: «Ես նույնիսկ ռեկտորի մրցույթի հետ կապված քննարկումներին չեմ մասնակցել, որովհետև դա հոգաբարձուների խորհրդի գործառույթն է, ես ոչ ազդեցություն ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ ազդելու: Ես վստահ եմ, որ հոգաբարձուների խորհուրդը խելամիտ որոշում կկայացնի»,- առերևույթ անտարբերություն դրսևորելով՝ ասաց նա:

Հիշեցնենք, որ ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածու կարող է առաջադրվել համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնառաջադրմամբ որևէ մեկը: Մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ: Հոգաբարձուների խորհուրդը ՇՊՀ ռեկտորին ընտրում է գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի հիսուն տոկոսից ավելի ձայն: Ռեկտորն ընտրվում է պաշտոնավարման հինգ տարվա ժամկետով: