ՔՊ-ին «քցել» են` 150 հազար ձայն են խոստացել, բայց չեն տվել

ՔՊ-ին «քցել» են` 150 հազար ձայն են խոստացել, բայց չեն տվել

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Վիգեն Հակոբյանն է:

- Պարոն Հակոբյան, Երևանը երեկ քաղաքապետ էր ընտրում` արտասովոր պասիվությամբ: Ընտրություններին մասնակցեց երևանցիների ընդամենը 28 տոկոսը: Իշխանությունը բավականին քիչ ձայն հավաքեց, ընդդիմությունն էլ կարող է իշխանությանը գահընկեց անել միայն մեկ դեպքում` եթե կոնսոլիդացիա տեղի ունենա Մարությանի, Թևանյանի և Դոգի միջև: Ի՞նչ գնահատական կտաք այս ընտրություններին: Ի՞նչ ակնկալել այս ընտրությունների արդյունքներից:

- Այն, ինչ տեղի ունեցավ անոմալիա է: Մասնակցությունը բացառիկ ցածր էր: Այն նման էր բոյկոտի, այլ ոչ թե ընտրության, որովհետև տեղի ունեցավ հակառեկորդ` մասնակցության առումով: Պարզ է, որ եթե մի ընտրության չի մասնակցում իրավունք ունեցողների 70 տոկոսից ավելին, ուրեմն հասարակությունը գտնվում է անառողջ վիճակում: Նման ընտրությունները շատ դեպքերում բերում են նրան, ինչ այսօր տեսնում ենք` անոմալիա: Անորոշություն է ու ապատիա: Հնչում են հայտարարություններ, որոնք ավելի շատ հետընտրական բնույթի հայտարարություններ են: Երևան քաղաքում պետք է ձևավորվի իշխանություն և ընդդիմություն, նախքան այդ հայտարարությունները լինելու են նույնաբնույթ: Ակնհայտ է, որ կարող է երկու հնարավոր կոալիցիա լինել` ՔՊ-ի և «Հանրապետություն» կուսակցության միջև և ընդդիմադիրների: Անոմալիաներ կան նաև «Հանրապետություն» կուսակցության հետ կապված: Եթե մի ընտրատեղամասում իքս կուսակցությունը ստանում է, օրինակ, 30 քվե, մյուս տեղամասում ստանում է 300 քվե, սա նորմալ չէ և փաստում է, որ այդտեղ կարող են լինել որոշակի ազդեցություններ:

- Ի՞նչ ազդեցություններ:

- Դե, օրինակ, եթե ինչ-որ կուսակցություն մի տեղ տասն անգամ ավել ձայն է ստանում, մի տեղ 20 անգամ պակաս, դա լուրջ անալիզի առարկա է: Պետք է եզրակացություններ անել ու հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Չի կարող դա նորմալ լինել: Այստեղ հարցեր են առաջանում: Երևանցին չի կարող այդ աստիճան տարբերվել: Իսկ գուցե հօգուտ այդ կուսակցությունների որոշակի գործողություններ են տեղի ունեցել և հենց դրա արդյունքում է նման ահռելի տարբերություն արձանագրվել: Այս ընտրություններն ընդհանուր առմամբ անոմալիա էին: Այս տեսակ պասիվությունը ցույց տվեց, որ երևանցիներն առանձնապես մեծ վստահություն չեն տածում ընտրական գործընթացների նկատմամբ, անգամ եթե այդ ընտրությունը կարող է դիտարկվել որպես իշխանափոխության մեխանիզմ: Մարդիկ անգամ չեն հավատում, որ իրենց կյանքում այդ ընտրությունների արդյունքում ինչ-որ բան կփոխվի, հենց այդ պատճառով էլ չեն մասնակցում քվեարկությանը: Հայաստանում մի թեզ կա, որ ընտրություններով ոչ մի իշխանություն չի կարող փոխվել: Տպավորություն է, թե մարդկանց ուղեղի մեջ դաջվել է այդ գաղափարը: Փաստացի իշխանությունները չկարողացան ապահովել 50+1 տոկոս ձայն, թեպետ ունեն ահռելի վարչական լծակներ, թաղային տասովչիկներ, պետական աշխատողներ ու այդպես շարունակ: Սովորաբար ընդդիմությունը չի ունենում «բետոնե» էլեկտորատ բերելու հնարավորություն: Գաղտնիք չէ, որ մեկ տան վրա մի քանի տասնյակ մարդ են գրանցում, ամեն բան անում են, սակայն փաստացի չկարողացան անգամ 40 տոկոս ձայն հավաքել: Իշխանությանը քվեարկել է 75 հազար երևանցի: ՔՊ-ին «քցել» են: Խոստացել են մոտ 150 հազար ձայն, սակայն այդ ձայները չեն տվել: Պետական ապարատի աշխատողների մասին է խոսքը…. Իշխանությունները, երբ զբաղվում են ընտրություններով, շատ լավ գիտեն, թե քանի տոկոսն է քաղաքացիների մասնակցելու և դրանից որոշում են, թե քանիսը կարող են իրենց ձայն տալ: Կարծում եմ, ՔՊ-ն կոնկրետ թվի հավակնություն է ունեցել, սակայն ստացել է ընդամենը 75 հազար ձայն:

- Ընդդիմության համար սա դրակա՞ն նախադեպ է, նաև հետագայում քայլեր ձեռնարկելու համար:

- Այս ընտրություններին մասնակցել են այն ուժերը, որոնք կային: Այլ ուժեր չէին կարող հաղթել: Սյուրպրիզներ տեղի ունեցան նաև: «Ապրելու երկիր» կուսակցությունն անակնկալ կերպով անհաջողություն արձանագրեց: «Ապրելու երկիրն» ուներ մեծ ծրագրեր, մեծ աշխատանք էր կատարում: Այստեղ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ: Նիկոլ Փաշինյանը թիրախավորել էր կոնկրետ մեկ ընդդիմադիր ուժի, դրան էլ հաջորդեց միտինգ` ընտրությունից առաջ:

- Ի՞նչ ազդեցություն ունեցավ Փաշինյանի մասնակցությամբ քայլերթը, միտինգը:

- Փաշինյանի ասֆալտային դիետայի, լզելու և լպստելու մասին ելույթները կոնսոլիդացրեցին արմատական ընտրազանգվածին: Այն ընտրազանգվածը, որը կարող էր բաշխել իր ձայները մի քանի ուժերի միջև, դրանք տվեց մեկ-երկու ուժի: Լավ է, թե վատ, չեմ կարող ասել, սակայն փաստ է: Բավականին տարբեր ուժեր են այսօր ասպարեզում: Նրանք ամեն ինչով տարբեր են:

- Իսկ կարո՞ղ են Հայկ Մարությանը, Անդրանիկ Թևանյանն ու Վարդան Ղուկասյանը կոալիցիա կազմել:

- Ես այսօր շատ ուշադիր երեքին էլ հետևում էի, նրանցից ոչ մեկը չի օգտագործել կոալիցիա բառը: Օրինակ` Անդրանիկ Թևանյանն ասում է, որ պատրաստ է օգնել Մարությանին` դառնալ քաղաքապետ, սակայն Մարությանը պետք է հայտարարի, որ կիսում է իշխանափոխության իրենց գաղափարը: Սա ավելի շատ նման է ոչ թե կոալիցիայի, այլ սիտուացիոն համագործակցության:

- Ո՞րն է կոալիցիայի և համագործակցության տարբերությունը:

- Տարբերությունն այն է, որ կոալիցիայով ստորագրում են քաղաքական փաստաթուղթ, իսկ պայմանավորվածությամբ ոչինչ չի ստորագրվում: