17 րոպե 17 վայրկյանանոց նիստ

17 րոպե 17 վայրկյանանոց նիստ

Սեպտեմբերի 8-ի՝ Փաշինյան Նիկոլի բացակայությամբ, կառավարության հերթական նիստը տևեց ընդամենը 17 րոպե 17 վայրկյան: Կարող ենք ասել, որ սա աննախադեպ երևույթ էր վերջին տարիների համար: Փոխվարչապետ Մաթևոսյան Համբարձումը, ի տարբերություն իր վերադասի, փորձեց նիստը վարել տեղեկատվական հունով, ու հիմնականում հաջողեց: Այնուամենայնիվ, նիստի ընթացքը զերծ չմնաց պոպուլիզմի դրսևորումից, ինչը ձանձրալի էր, բայց իր վերադասի համեմատությամբ՝ ավելի քան տանելի: Պոպուլիզմի առաջին դրսևորումը չզեկուցվող հարցերի փաթեթից մեկի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելն էր: Ենթադրում եմ, որ այդ հարցում նրան «օգնել են կողմնորոշվել» նիստից անմիջապես առաջ, այլապես այն կդրվեր զեկուցվողի փաթեթում: Հատկապես, որ վերաբերում էր կառավարության նախորդ որոշումներից մեկին: Խոսքը 3000 դրամով բազային և նվազագույն կենսաթոշակի չափն ավելացնելու մասին էր: Հիշեցնեմ, որ երկու շաբաթ առաջ, կառավարության նիստում առաջինը սահմանվել էր 21 000 դրամ, երկրորդը՝ 31 600 դրամ: Եվ «պարոն Մկրտչանն» (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը) էլ հեշտ ու հանգիստ ներկայացրեց օգոստոսի վերջին կառավարության կողմից ընդունված որոշումը: 

Բայց, կարծում եմ, որ ինքը ճիշտ չարեց՝ Մաթևոսյան Համբարձումին դիմելով ընդամենը «պարոն փոխվարչապետ» դիմելաձևով: Դա լուրջ քաղաքական սխալ էր: Որովհետև, նախ, Մաթևոսյանը փոխվարչապետ է նշանակվել «մեծարգո պարոն վարչապետի» կողմից, իսկ կառավարության այդ նիստում հենց նա էր փոխարինում վարչապետին: Այսինքն, հենց նրա վրա էր ընկած «մեծարգո»-ի ստվերը: Բացատրեմ՝ առաջնորդվելով նիկոլական «թիվ մեկ ուսապարկի» տրամաբանությամբ՝ վարչապետի բազկաթոռին նստած անձին պետք է համարյա թե նույն վերաբերմունքը մատուցվի, ինչ անձամբ «ժողովրդի փրկիչ» վարչապետին: Այս լուրջ քաղաքական սխալն անմիջապես ուղղվեց հաջորդ հարցի վերաբերյալ զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սանոսյան Գնելի կողմից: Վերջինս «մեծարգո փոխվարչապետին» և «հարգելի գործընկերներին» տեղեկատվություն ներկայացրեց մի շարք մարզերի մի քանի տասնյակ համայնքներում կառավարության տրամադրած գումարներով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին: Ձանձրացնելով լսարանին՝ այդ թվում և տողերիս հեղինակին, փոխվարչապետը ներկայացրեց համայնքները և նրանցում կատարվող և կատարվելիք աշխատանքները: Խոսքը գնում էր ասֆալտ փռելու, հետիոտնային ճանապարհ սալարկելու, արտաքին լուսավորություն անցկացնելու, ոռոգման ջրատար կառուցելու և այլ նմանատիպ աշխատանքների մասին: Սա հենց պոպուլիզմի երկրորդ դրսևորումն էր, բայց քանի որ փոխվարչապետը շառ հեռու է իր վերադասի մակարդակից, այն, ինչպես ասվեց վերևում, բավականին ձանձրալի ստացվեց: Մի բան էլ ավելացնեմ՝ նման հարցերի բարձրաձայնումը սազական կլիներ ոչ թե կառավարության, այլ «ժէկ»-ի կամ առավելագույնը վարչական շրջանի մակարդակի աշխատակազմի նիստին:

Այնուհետև, վեց-վեցուկես րոպե խոսվեց սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների իրականացման՝ արդեն փոփոխված կարգի մասին, որը հնարավորություն է տալու համայնքներին կրկնակի ավելի երկար (չորս ամիս) մտածելու և կողմնորոշվելու, թե ինչ աշխատանք են ցանկանում անել իրենք ևկառավարությանը ներկայացնելու համապատասխան փաստաթղթեր: Նոր կարգը թույլ կտա նաև աշխատանքները սկսել ավելի վաղ՝ հենց հաջորդ տարվա գարնանից: Այսպիսով, Փաշինյան Նիկոլի բացակայության դեպքում թե՛ կառավարության նիստի մասնակիցները և թե՛ մնացած լսարանն ավելի քիչ ժամանակ են կորցնում և պոպուլիզմի պակաս դոզաներ են ստանում: Ինչը, իմ համեստ կարծիքով, բավական առողջարար երևույթ է: