Վրաստանը դեմ է 6-ի պլատֆորմին, բայց կողմ է Հայաստան-Վրաստան սահմանազատմանը

Վրաստանը դեմ է 6-ի պլատֆորմին, բայց կողմ է Հայաստան-Վրաստան սահմանազատմանը

Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած  երկօրյա պաշտոնական այցի ընթացքում վրացի պաշտոնակցի՝ Իրակլի Ղարիբաշվիլու եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպումներում նախանշված են հայ-վրացական բանակցություններ։ Պաշտոնական լրահոսն այսքանն է հաղորդում։ Եթե հիշում ենք, այս այցի մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը ներկայացնելիս։

Իսկ ծրագրում այսպիսի հատված կա․ «Տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը եւ /կամ զարգացումը։ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանազատումը եւ սահմանագծումն էական նշանակություն կունենա տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորման համար»։ Մեկ այլ պարբերություն․ «Ըստ էության, մենք սահմանների ճշգրտման օրակարգ ունենք միայն նախկին Խորհրդային Միության մաս կազմած մեր հարեւանների հետ, քանզի Իրանի եւ Թուրքիայի հետ մեր սահմանների հարցը Խորհրդային Միության ժամանակ է լուծվել»։  

Վրաց վերլուծաբան Գելա Վասաձեն կարծում է, որ բանակցությունների առանցքում հնարավոր է լինեն նաեւ Վրաստանի հետ սահմանազատման խնդիրներին վերաբերող քննարկումներ։ «Տեսեք, մենք միայն Թուրքիայի հետ սահմանազատված սահմաններ ունենք, մենք որեւէ այլ երկրի հետ սահմանագծված սահմաններ չունենք։ Հասկանալի պատճառներով՝ չունենք Ռուսաստանի հետ, բայց չունենք նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Եվ շատ կարեւոր է, որ այս աշխատանքները հիմք եւ մոդել կարող են հանդիսանալ Հայաստանի ու Ադրբեջանի համար շատ ավելի կարեւոր սահմանագծման աշխատանքների համար՝ որպես աշխատող եւ որոշակի մոդել»,- ասաց վրաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ հիմա պահը հարմար է,  նախ, որովհետեւ,  նրա խոսքով, արտաքին գերատեսչական մարմինների համար առավել հեշտ է աշխատել լարվածության բացակայության պայմաններում եւ «մետր առ մետր լուծել խնդիրները»։ Վասաձեն մեջբերում արեց Նիկոլ Փաշինյանի վաղ հեղափոխական մտքերից, որ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը (ինչպես նաեւ կառավարության 2021-2026թթ․ ծրագրից) գերակայություն է։

Ասաց՝ չի էլ կարող գերակա չլինել, քանի որ մենք անմիջական հարեւաններ ենք։ Ինչ վերաբերում է օրակարգի կոնկրետ հարցերին, ապա, Վասաձեի կարծիքով, անպայման կքննարկվեն տնտեսական-լոգիստիկ խնդիրներ եւ ինչպես  նավահանգստային հնարավորությունների ավելացման, այնպես էլ Վերին Լարսից Վրաստանը ՌԴ-ին միացնող նոր հաղորդակցության ուղու կառուցման մասին հարցեր։ «Այդ շինարարության գաղափարն աջակցություն է գտել խոշոր խաղացողների կողմից, ինչպիսիք են Եվրոպական միությունն ու Չինաստանը»։ Վրաց քաղաքագետը նաեւ կարծում է, որ վերադարձի փորձ կլինի այն դրական ձեւաչափին, երբ Վրաստան-ԱՄՆ սերտ կոնտակտների արդյունքում Հայաստան վերադարձվեցին Բաքվում պահվող 15 հայ գերիները։ «Վրաստանն ու ԱՄՆ-ն համատեղ աշխատեցին, բայց դրանից հետո ՌԴ-ն իր ձեռքն առավ  դրա մենաշնորհը»,- նկատեց վրաց քաղաքագետը։ Ամեն դեպքում արձանագրենք՝ բնական է, որ վրացիները կձգտեն արագ սկսել սահմանազատման գործընթացը, քանի դեռ Հայաստանը թույլ է եւ զիջումների հակված։

Հիշեցնենք, որ  Փաշինյանի այցը  կայանալու է այն իրողության  պայմաններում, երբ  Վրաստանը հրաժարվել է միանալ թուրքական կողմի առաջարկած «3+3 հետպատերազմյան պլատֆորմին»։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մեկնելուց առաջ երկար-բարակ խոսեց հարեւանների հետ հաղորդակցության զարգացման անհրաժեշտության մասին։ Հնարավո՞ր է, որ Փաշինյանը կրկնի այս առաջարկը, եւ Վրաստանն էլ համաձայնի։ Գելա Վասաձեն պնդում է՝ Վրաստանի համար այս ձեւաչափը բացարձակապես անընդունելի է։ «Մենք որեւէ քաղաքական ազդեցություն չունենք ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի ու Թուրքիայի, ո՛չ էլ, առավել եւս՝ Իրանի ու Ռուսաստանի վրա։

Տնտեսական կոնտակտներն ու տրանսպորտային հեղահաղորդակցության միջոցներն այնպես էլ բաց են։ Բանակցությունների համար եւս մեկ հարթակի ստեղծումը ռուսների հետ․․․ իմաստը ո՞րն է։ Մենք ունենք մեր եվրոպական գործընկերների հետ համագործակցության հարթակ, որը լիարժեք կատարում է իր գործառույթները։

Փաստ է, որ ՌԴ-ն չի ճանաչում Վրաստանը որպես պետություն։ Հետեւաբար, ո՞րն է նման հարթակ ստեղծելու իմաստը։ Եթե անգամ Վրաստանի կողմից լիներ այդ ուղղությամբ բարի կամքի ժեստ, միեւնույն է, սա բացարձակ անիմաստ բան է, որը ոչ մի բան չի տա։ Ես, առհասարակ, չեմ հասկանում, թե դա Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի ու առավել եւս Ռուսաստանի  ինչին է պետք»։ Մեր դիտարկմանը՝ բայց չէ՞ որ Վրաստանի հետ փայլուն հարաբերություններ ունեցող Թուրքիան ամենաշահագրգռված կողմն է, վրաց փորձագետը պատասխանեց․

«Ուրեմն թող ստեղծեն ոչ թե «3+3», այլ «3+2» ձեւաչափ, ի՞նչ կապ ունի Վրաստանը։ Եթե «3+3»-ը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման միջոց է դիտարկվում, ապա մենք կարող ենք կողմերին՝ երկու երկրների առաջին դեմքերին հրավիրել մեզ մոտ՝ ուղիղ բանակցությունների, թեյ ու սուրճ հյուրասիրել ու կամաց նրանց վրա դուռը փակել։ Սա է միակ բանը, որը Վրաստանը կարող է անել, մենք չունենք ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի վրա ազդելու միջոցներ։ Մենք շատ ուրախ կլինեինք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստից, շատ ավելի, հավատացեք, քան ՌԴ-ն, Իրանը եւ  այլ երկրներ»։ 

Իսկ Թուրքիան չունի՞ Վրաստանի վրա ներգործության միջոցներ։ Չմոռանանք, որ թուրքական կապիտալով հեղեղված Բաթումն Էրդողանի կողմից հայտարարվել է Թուրքիայի «պատմական տարածք»՝ Հալեպի, Վառնայի ու այլ բնակավայրերի հետ միասին։  Վասաձեն ի պատասխան ասաց, թե Թուրքիան Վրաստանի համար գործընկեր պետություն է, ինչպեսեւ մյուս պետությունները։

«Եվ ես զերծ կմնամ Թուրքիայի՝ Վրաստանի վրա քաղաքական ազդեցությունների մասին խոսելուց»,- ասաց նա։ Իր հերթին, Վրաստանի համար մտահոգիչ է ռուս զինվորականների հնարավոր ներկայությունը հայ-վրացական սահմանին։ Ներկայում Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ռուսական ուժերի՝ «հայ-ադրբեջանական ամբողջ սահմանագծով» տեղակայելու հնարավորությունը։ Հրապարակել են տեղեկություններ, ըստ որի՝ Ռուսաստանը պահանջում է իր վերահսկողությանը փոխանցել նաեւ հայ-վրացական սահմանը։ Բնական է, որ Տավուշում ռուս զինվորների հայտնվելն անհանգստացնում է Վրաստանին, ինչպես Իրանում «Մեղրիի միջանցքի» խնդիրներն են տագնապով ընդունում։ Պարոն Վասաձեն չթաքցրեց՝ այո, սա իրենց անհանգստացնում է։ «Ռուսական ստորաբաժանումների յուրաքանչյուր ներկայություն տարածաշրջանում անհանգստացնում է Վրաստանին եւ դիտարկվում է որպես սպառնալիք։ Այլ բան է, որ խոսքը Հայաստանի սուվերեն տարածքի մասին է եւ այն մասին, որ դա որոշում է Երեւանը։ Մենք չենք կարող խառնվել, որքան էլ մենք սա դիտարկենք սպառնալիք՝ այն պարզ պատճառով, որ ՌԴ-ն օկուպացրել է մեր շրջանները, եւ մենք 2 անգամ պատերազմել ենք»։