Քաղաքական երկրաշարժ է սպասվում, էպիկենտրոնը՝ Սյունիք

Քաղաքական երկրաշարժ է սպասվում, էպիկենտրոնը՝ Սյունիք

Աշնանը ՏԻՄ ընտրությունների տեսքով, կարելի է ասել, քաղաքական երկրաշարժ է սպասվում։ Համաձայն կանխատեսումների՝ էպիկենտրոնը լինելու է Սյունիքի մարզում։ Իշխանությունը որոշել է կենաց-մահու պայքար մղել Սյունիքը գրավելու համար։ 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի համայնքներում իշխանությանը յուրային համայնքապետեր են պետք, որոնք չեն խոչընդոտի ճանապարհների ապաշրջափակման, թուրք-ադրբեջանական միջանցքի եւ այլ ոչ հայանպաստ ծրագրերի իրականացմանը, ինչպես անում էին Գորիսի, Քաջարանի, Սիսիանի եւ այլ համայնքների նախկին ըմբոստ համայնքապետերը, ու հենց այդ պատճառով էլ իշխանությունն ազատվեց գլխից էլ, գլխացավանքից էլ՝ նրանց ուղարկելով կալանավայրեր։

Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ եւ Տեղ խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով կկայանան ավագանու անդամների ընտրություններ։ Սեպտեմբերի 2-ից կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները կարող են փաստաթղթեր ներկայացնել տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ մասնակցելու հայտերով։ 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր համայնքներում թեկնածուներ կառաջադրի, նախօրեին էլ պաշտոնապես հայտարարեցին թեկնածուների անունները։ Այսպիսով այդ թեկնածուներն են․ Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը, որը գործող համայնքապետ Ներսես Շադունցի համագյուղացին է։ Համերկրացիները նրան բնորոշում են որպես «անշառ երիտասարդ», որը դժվար թե ձգի գործող համայնքապետի հետ մրցապայքարում։ Շադունցից բոլորն են գոհ,  եւ չի բացառվում, որ անկուսակցական համայնքապետն առաջադրվի ընդդիմության, ավելի կոնկրետ՝ «Հայաստան» դաշինքի մաս կազմող Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության ցուցակով։ Կուսակցության տարածքային կառույցն ուրբաթ օրը ժողով է հրավիրել, քննարկելու են թեկնածուներին՝ ինչպես Տեղ, այնպես էլ մյուս համայնքներում։ Տեղ համայնքում դեռեւս այլ հավակնորդներ հայտնի չեն։ 

Տաթեւ համայնքում իշխանության թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանն է։ Այս համայնքում եւս դեռ ընդդիմադիր շարժեր չկան։ 2021-ի փետրվարին սպառվել էր Տաթեւի արդեն նախկին համայնքապետ Մուրադ Սիմոնյանի լիազորությունների ժամկետը, ամիսներ անց նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց, եւ Սիմոնյանը, ամենայն հավանականությամբ, հեռու կմնա ընտրապայքարից։

Առավել դիտարժան պայքար է սպասվում ավելի խոշոր համայնքներում եւ հատկապես Գորիսում, որտեղ նախկին ղեկավար Առուշ Առուշանյանը համաքաղաքացիների սերն ու հարգանքն է վայելում, մանավանդ արդեն մի քանի ամիս է՝ կալանավորված է եւ բացահայտորեն հետապնդվում է ընդդիմադիր հայացքների համար։ Առուշանյանը նաեւ պատգամավոր է, սակայն պատգամավորական անձեռնմխելիությունը նրա վրա չտարածվեց։

Նա առաջադրվել էր «Հայաստան» դաշինքով՝ Վահե Հակոբյանի կուսակցության քվոտայով։ Առուշ Առուշանյանը Գորիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է բանտից՝ կուսակցությունների դաշինքով։ Երեկ նրա պաշտպանը հայտնեց, որ «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները դաշինք են կազմել, որը կրելու է «Առուշ Առուշանյան» անունը։ Գորիսում կարծում են, որ Առուշանյանը վերընտրվելու մեծ շանսեր ունի։

Գորիսում ՔՊԿ-ի ցուցակը կգլխավորի 46-ամյա Վլադիմիր Աբունցը։ Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից, հիմա չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ։ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, Խաչատրյանի շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն ներկուսակցական քննարկումների ժամանակ Խաչատրյանն ասել է, որ Առուշ Առուշանյանի հետ մրցակցության պարագայում խայտառակ կլինեն, եւ Առուշանյանին կարող է հաղթել միայն նախկինում պաշտոն ունեցած, շրջապատ ունեցող մեկը, ինչպիսին Աբունցն է։

Մեղրիում ամենաշատ թեկնածուների անուններն են շրջանառվում։ ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ, կարատեի նախկին մարզիչ Արարատ Թումանյանն է, ում այդ պաշտոնին նշանակեցին Մխիթար Զաքարյանի կալանավորումից հետո։ Զաքարյանը, հիշեցնենք, «Հայաստան» դաշինքով պատգամավոր է դարձել, քննարկվում է Վահե Հակոբյանի կուսակցությունով Զաքարյանի «մարդկանցից» մեկին առաջադրելու հարցը։ Ինչ վերաբերում է իշխանական թեկնածուին, նա գործարար է, 46-ամյա Թումանյանը ՔՊ-ի Մեղրու տարածաշրջանի պատասխանատուն է, ազգակցական կապ ունի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հետ, զբաղվում է Իրանից վառելիքի ներկրմամբ, գրանցված է որպես անհատ ձեռներեց եւ դիզվառելիք է ներկրում Հայաստան։ Չնայած դրան, համարվում է թույլ թեկնածու։ Իշխող թիմը մարզում ազդեցիկ մարդկանց է ընդգրկելու ավագանու ցուցակ, որ կարողանան ձայն բերել, որոնցից մեկը Մեղրիի ճանշին ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանն է՝ Սյունիքում բավականին վարկանիշ ունեցող անձ։ 

Թեկնածու կառաջադրի նաեւ Փաշինյանի դուստր ձեռնարկությունը՝ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։ Ցուցակը կգլխավորի Հայաստանի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի ժամանակավոր պաշտոնակատար Բագրատ Զաքարյանը։ Ըստ տեղեկությունների, Զաքարյանն ի սկզբանե հավակնել է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել, սակայն ՔՊ-ն մերժել է նրան, նա էլ նեղացել է ու քաղաքական այլ տանիք գտել՝ ի դեմս Արամ Սարգսյանի։ Մեղրիի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ Երկրապահ կամավորականների միության անդամ, ագարակցի Խաչատուր Անդրեասյանը՝ Ագարակի շուկայի նախկին տնօրենը։ Նա գլխավորելու է Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ընտրացուցակը։

Նշենք, որ Կապանում ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։