Վովա Գասպարյանի բացահայտումների հետքերով

Վովա Գասպարյանի բացահայտումների հետքերով

Երկու տարի անց փակագծեր են բացվում։ Օրերս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հարցազրույցների շարքով հանդես եկավ՝ մեսիջներ փոխանցելով, փակագծեր բացելով եւ ինչ որ բացահայտումներ անելով ու սպառնալով, թե՝ ինձ մի հանեք հունից։ Դրանց մեջ շատ ուշագրավ բան կար, բայց մեր ուշադրությունը գրավեց այն, թե ինչպես է նա բացատրում 2018 թվականի իշխանափոխության դեպքերը եւ մասնավորապես՝ ոստիկանության դերակատարումն այդ շրջանում։ Ընդ որում, Գասպարյանի խոսքում նաեւ հակասություններ կային։

Օրինակ ասում էր․«Ռադիոտունը հատուկ պահպանվող օբյեկտ է, իրականացվում է զինված պաշտպանություն: Իմ հրամանով է եղել, որ չեն կրակել, թե չէ ոստիկանները զինված էին հրազենով, և նրանք իրավունք ունեին ու պարտավոր էին այն կիրառել, եթե իրենց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնար: Ես եմ կանգնեցրել: Ես հասցրել եմ զանգել ու ասել՝ կրակոց չլինի: Չեմ գտել նպատակահարմար, որ Ռադիոտուն մտնելու համար մարդ պետք է սպանվի»։

Մյուս կողմից ասում էր․ «Տեխնոլոգիաներ կիրառվել են, անչափահասներին ներքաշելը, հղի կին առաջ մղելը․․․ Մենք դա տեսնում էինք, բայց մեր խնդիրը ազգաբնակչությանը պաշտպանելն էր, մեր ակտիվ գործողությունները կարող էին հանգեցնել զոհերի, առնվազն վնասվածքների։ Անչափահասներին ներքաշելը ճիշտ մեթոդ չի, դրա դառը պտուղները քաղելու են»։

Հետո ասում էր․ «Երեխաներին ներքաշել չի կարելի, մենք փոքր երկիր ենք, եթե լավ պրպտենք՝ բոլորս բարեկամ դուրս կգանք։ Երրորդ նախագահը, երբ հարցրեց՝ քանի հոգի են, ինչ միջոցներ են հնարավոր, ես ներկայացրի, որ կարելի է մեծ զգուշությամբ ցրել, զոհերն ու վիրավորները բացառելով, թեեւ վտանգավորն այն էր, որ երեխաներ ու հղի կանանց կարող էին օգտագործել որպես վահան, նա չհամաձայնեց, ասելով, որ հանկարծ կարող են եւ այդպիսի հետեւանքներ լինել, ոչ մի իշխանություն չարժի, որ այն արյունով պահվի կամ վերցվի։ Ես համաձայն եմ իր հետ»։

Հիմա՝ վերջը ո՞ւմ որոշումն է եղել ուժ չկիրառելը՝ ի՞ր, թե՞ Սերժ Սարգսյանի, այդպես էլ չի հասկացվում։
Բայց ամբողջ բանն այն է, որ մի կողմից՝ իշխանությունն այդ օրերին չգիտեր իր անելիքը, Սերժ Սարգսյանն՝ իր բնույթին հավատարիմ, կողմնակից էր սպասելուն, քանզի կարծում էր, որ ժամանակն իր օգտին կաշխատի եւ փողոց ելած մարդիկ կհոգնեն ու շուտով տուն կգնան, ինչպես եղավ Էլեկտրիկ-Երեւանի դեպքում՝ երբ հաջողվեց բողոքի ալիքը մարել՝ առանց զոհերի ու հեղինակության կորստի։ Բայց այն ժամանակ էլ ուժային մեթոդները գործի դնելու կողմնակիցներ կային։ Եւ շատերը ենթադրում էին, որ այդ մեթոդի կողմնակից է նաեւ Վովա Գասպարյանը ու զարմանում էին, թե ինչո՞ւ չի այդ մեթոդները կիրառում՝ չէ որ օրենքը թույլատրում է ուժ կիրառել եւ ոստիկանությունն ուժ կիրառելու, բողոքի ակցիաները ճնշելու հարուստ փորձ ունի։ Դեռ այն ժամանակ ասում էին, որ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի եւ ոստիկանապետի միջեւ։ Սերժ Սարգսյանն իր զարմանքն է հայտնել, թե ինչու չի գործում ոստիկանությունը, Վ․Գասպարյանը վկայակոչելով անչափահասների ու կանանց մեծաքանակությունը, ասել է, որ չի կարող կտրուկ միջոցների դիմել։ Բայց իրականում այդ ընթացքում ծածուկ բանակցություններ է վարել հեղափոխականների հետ։ Առհասարակ՝ 2018-ին շատ պաշտոնյաներ ու կառույցներ սաբոտաժ էին անում եւ թաքուն կամ բացահայտ աջակցում էին Նիկոլ Փաշինյանին։

Բանն այն է, որ երկրում դժգոհության մեծ չափաբաժին էր կուտակվել Սերժ Սարգսյանից։ Մասամբ դժգոհողների թվում նրանք էին, ում թվում էր, թե իրենց «քիչ» է բաժին հասել՝ քիչ փող, նվազ լծակներ, ցածր պաշտոն ու արտոնություններ։ Սովորական ագահություն, երբ մարդուն միշտ թվում է, թե՝ «հարեւանի հարսն ավելի սիրուն է»։ Դժգոհողների թվում էին նաեւ նրանք, ովքեր կարծում էին, թե Սերժ Սարգսյանը շատ է «փափուկ», ժամանակակից բառով ասած՝ «թավիշը շատ է», նախագահը պետք է պատժի օլիգարխներին, հաբռգածներին, թալանչիներին, ցինիկներին, բայց չի անում։ Դժգոհների թվում էին նաեւ նրանք, ովքեր կարծում էին, թե Սերժ Սարգսյանի 10 տարին լրացել է, ինքն էլ խոստացել է, որ պետք է հեռանա, ուստի՝ պետք է հեռանա, այլ ոչ թե ուժով-զոռով մնա իշխանության։ Եւ այս բոլորի դժգոհությունը եկավ լրացրեց շարքային մարդկանց դժգոհության բաժակն ու կրիտիկական սահմանագծին հասավ։

Վերադառնանք ոստիկանապետին, ով մի կողմից փորձում է Նիկոլ Փաշինյանին հասկացնել, որ իրեն է պարտական իշխանության գալու համար, մյուս կողմից՝ ռեվերանսներ է անում՝ ուղղված Սերժ Սարգսյանին, թե նախագահն ասում էր՝ ոչ մի իշխանություն չարժի արյան գնով պահպանել։ Իսկ իրականությունն այն է, որ ինչ որ պահից շատերը հասկացան, որ հեղափոխության պրոցեսը կանգնեցնել չի հաջողվելու եւ սկսեցին «մտածել» իրենց ապագայի մասին։

Խոսքը ոչ միայն արագ ճամբարափոխ եղած Ցոլակյան-Հունանյան-Շիրակ Թորոսյան եւ այլք խմբի մասին է, այլ, օրինակ, վարչապետ Կարեն Կարապետյանի, ով կարծում էր, թե Նիկոլ Փաշինյանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին եւ ինքը կմնա այդ աթոռին, ասենք՝ Նիկոլ Փաշինյան-ԱԺ նախագահի հետ տանդեմով։ Խոսքը վերաբերում է հենց Վովա Գասպարյանին, ում թվում էր, թե անփորձ վարչապետ Փաշինյանը կգնահատի իր ծառայություններն ու պրոֆեսիոնալիզմը եւ ինչ որ տեղ նաեւ երախտագիտությունից դրդված իրեն կխնդրի շարունակել պաշտոնավարել ոստիկանապետի պաշտոնում։ Խոսքը վերաբերում է Բարգավաճ Հայաստանին, որին թվում էր, թե եկել է իր ոսկե դարաշրջանը եւ սա լավագույն պահն է Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից 2015 թվի դեպքերի համար վրեժ լուծելու համար։ Խոսքը վերաբերում է ՀՅԴ-ին, որին թվում էր, թե՝ ի՞նչ տարբերություն, թե ում հետ կոալիցիայի մեջ կլինի՝ Սերժ Սարգսյանի, թե՞ Նիկոլ Փաշինյանի։ Խոսքը վերաբերում է տարբեր պաշտոնյաների, որոնց թվում էր, թե կադրային սուղ բանկ ունեցող Փաշինյանը չի կարող առանց իրենց երկիր կառավարել, իսկ իրենց համար ի՞նչ տարբերություն ով է երկրի ղեկին՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։
Մի խոսքով, բազում հաշվարկներ սին դուրս եկան եւ պարզվեց՝ Փաշինյանը կադրեր չունի, բայց առանձնապես որակյալ կադրերի կարիք էլ չունի։ Երախտագիտության զգացում չունի, քաղաքական ուժերի աջակցության կարիքը չունի, չի վախենում ձախողվելուց եւ տնտեսական ու արտաքաղաքական անհաջողություններից, առհասարակ՝ ոչ մեկի ծառայություններին չի դիմում, բայց կարծում է, որ բոլորը պետք է ծառայեն իրեն՝ անշահախնդիր ու առանց հաշվարկների։ Իսկ երբ ինքը որոշում է ազատվել նրանցից, չպետք է ծպտուն հանեն եւ դժգոհություններ հայտնեն, այլ լուռ պետք է կրեն իրենց խաչը՝ երազելով նորից արժանանալ իր ուշադրությանն ու բարեհոգությանը։