Պուտին- Էրդողան հարաբերությունների սրացման դեպքում նորից Հայաստա՞նը կտուժի

Պուտին- Էրդողան հարաբերությունների սրացման դեպքում նորից Հայաստա՞նը կտուժի

ՌԴ-ում նախագահական ընտրություններից առաջ՝ փետրվարի 12-ին, Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանդիպելու։

Թուրքագետ Նելլի Մինասյանի հետ զրույցում փորձել ենք պարզել, թե ինչն է ստիպել Պուտինին ՌԴ-ում նախագահական ընտրություններից առաջ Թուրքիա մեկնել։

- Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ի՞նչ կարևորություն ունի Պուտինի Թուրքիա այցելությունը և արդյո՞ք կարևոր է նաև Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր լինելը։

- Մենք Թուրքիան կարող ենք և պետք է միշտ դիտարկենք որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Այստեղ Ռուսաստանի համար կարևոր խնդիր կա՝ նախորդ շրջանում Թուրքիան և Ռուսաստանը բավականին փոխշահավետ համագործակցություն են միմյանց հետ հաստատել՝ տնտեսական առումով նկատի ունեմ, բայց ամերիկացիների ճնշման ներքո, ակնհայտ է, հատկապես Շվեդիայի անդամակցությունը հաստատելուց հետո, որ Թուրքիան կոնկրետ առևտուր է կատարում Արևմուտքի, Միացյալ Նահանգների հետ ու ստանալով ինչ-որ բաներ՝ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն, ըստ էության, դնում է մի կողմ։ Օրինակ, ռուսական կողմը ոչ միանշանակ ընդունեց այն փաստը, որ Թուրքիան՝ հաստատեց Շվեդիայի անդամակցությունը, բացի այդ, այդտեղ կան շատ խնդիրներ։ Առաջին խնդիրը տնտեսական հարթության մեջ այն է, որ այլևս թուրքական որևէ բանկ ռուս քաղաքացիներին՝ հատկապես գործարար շրջանակներին չի սպասարկում։ Անգամ ռուսական կառավարությունը դիմել է թուրքական կառավարությանը, որպեսզի իրավիճակ շտկեն, բայց չեմ կարծում դա բան փոխի, որովհետև Միացյալ Նահանգներն այդ խնդիրը դեռևս նախորդ տարվանից էր դրել Թուրքիայի առջև։ Թուրքիան առաջիկայում կստանա F-16-երը այդ առևտրի շրջանակներում, և այն խնդիրները, ինչի առաջ այսօր կանգնած է Թուրքիան, բնականաբար հնարավոր է լուծել միայն Արևմուտքի հետ փոխգործակցության արդյունքում։ 

- Ռուսական կողմը չի՞ նկատում դա։

- Իմ պատկերացմամբ, Պուտինը փորձում է գոնե պահել տնտեսական ոլորտում այն հարաբերությունները, որ ունեն Թուրքիայի հետ։ Եվ բնականաբար կան էլի խնդիրներ, օրինակ, արդեն հայտարարվել է, որ Ուկրաինայի խնդիրն են քննարկելու, գազային հանգույցի խնդիրը կա։ Այստեղ կարելի է մի դրական բան սպասել։ Չեմ կարծում, թե Թուրքիան կդառնա միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, մանավանդ որ Թուրքիան և Ուկրաինան կնքեցին հուշագիր, որով Թուրքիան օգնելու է Ուկրաինային վերականգնման գործընթացում։ Այսինքն, ակնհայտ է, որ Թուրքիան կրկին թեքվում է դեպի Արևմուտք, իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանի համար այն գործունեության պատուհանը, որը նաև պատժամիջոցների ժամանակաշրջանում ակտիվորեն օգտագործել է՝ փակվում է, և բնականաբար այստեղ արդեն ռուսական կողմն այլ քայլերի կդիմի, կարծում եմ։

- Այսինքն, այս այցելության ժամանակ Պուտինն ավելի շատ խնդրողի դերո՞ւմ է լինելու։

- Ես չէի ասի խնդրողի դերում, այլ ավելի շատ կփորձի որոշ խնդիրների հետ կապված համաձայնություն ձեռք բերել։ Օրինակ, նախորդ հանդիպումը` դեռ նախորդ տարվա վերջին կային նման խոսակցություններ, Պուտինը չգնաց Թուրքիա, այլ Էրդողանը գնաց ու ձեռնունայն հետ վերադարձավ, որովհետև խնդիրը՝ հացահատիկային գործարքին էր վերաբերում, ռուսներն ուղղակի ասեցին` ոչ։ Իմիջիայլոց հիմա էլ այդ խնդիրը կա, թուրքերն առաջ են քաշում և հրապարակային տվյալներով ռուսներն ասում են` ոչ։ Այն ժամանակ Պուտինը չգնաց, որովհետև գազային հաբի հետ կապված այդ խնդիրները չէին լուծվում։ Հիմա կարծես թե կա որոշակի առաջընթաց, այստեղ էլ է շատ հետաքրքիր, որովհետև ոչ թե պահուստներ են ստեղծվում գազի հետ կապված, այլ ընդամենը բիրժա է ստեղծվելու, որից տարբեր կողմեր` ում պետք է գազ, կարող են գնել և միջնորդը Թուրքիան է հանդիսանալու: Սրա հետ կապված կարծես թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց ավելի ընդհանուր, զուտ ռազմավարական խնդիրների տեսանկյունից դիտարկելու պարագայում չեմ կարծում, որ լուրջ պայմանավորվածությունների կհասնեն։ Այո, ռուսները Թուրքիայի հետ համագործակցությունն ավելի կարևորում են։

- Թուրքիայի կողմից ոչ անսպասելիորեն դեպի Արեւմուտք թեքվելուց հետո ռուսական կողմից ի՞նչ քայլեր կարելի է սպասել։

- Այստեղ խնդիրն այն է, թե թեքվելը ինչ հարցերի հետ կապված կլինի։ Եթե դրանք տնտեսական և այլ հարցերի հետ կապված կլինեն, բնականաբար նախ սպեկուլյատիվ ճանապարհներն են օգտագործվում, որովհետև առևտուրը կանգ չի առնում, գուցե ինչ-որ առանձին բանկ Թուրքիայում հիմնադրեն, որը գործարքներ կկնքի ռուսների հետ՝ այսինքն, ինչ-որ քայլեր կլինեն։ Ռուսաստանն իր ամբողջ տնտեսական համակարգը դիվեսիֆիկացնում է Եվրասիական ուղղությամբ, և այդ առումով կան մեծ նախագծեր, դրանք ընթացքի մեջ են։ Կարծում եմ, որ այս առումով Ռուսաստանն ավելի շատ ուշադրությունը կկենտրոնացնի այս խնդիրների վրա։ Ամենակարևոր խնդիրներից է նաև այն, որ Մոնտրոյի կոնվենցիան չփոխվի՝ դա է ամենակարևորը։ Թուրքական կողմը արտգործնախարարի շուրթերով հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում, կդիմակայեն այդ ճնշումներին ու չեն փոխի։ Սա է այսօր ռուսների համար ամենակարևոր ռազմավարական նշանակություն ունեցողը, որ թուրքերը դա թույլ չտան, եթե դա թույլ տան, նշանակում է արդեն, որ ՆԱՏՕ-ի ռազմանավերը կհայտնվեն Սև ծովում և այստեղ արդեն անկառավարելի վիճակ կլինի ու կգնան մեծ բախումների։ Իսկ Թուրքիան դեռ մանևրելու տեղեր ունի, կփորձի դեռ որոշ հարցերում մանևրել։

- Իսկ հնարավո՞ր է, որ նորից հայկական շահի հաշվին այդ ամեն ինչը լինի, թե՞ հիմա դրա կարիքը պարզապես չկա։

- Ես կարծում եմ, հնարավոր է, որովհետև ես ասացի, որ ռուսների և թուրքերի շահերը այս պահին համընկնում են և Ռուսաստանն այս պահին, եթե դիտարկենք վերջին երկու տարվա իրադարձությունները, անընդհատ, եթե չասեմ հակահայկական, ապա դաշնակցային պարտավորությունների մեջ մտնող քայլեր չի արել և այս դեպքում անգամ որոշ խնդիրների հետ կապված կարող էր պահպանել նաև չեզոքություն, բայց ռուսական կողմը բացահայտ սպառնում է մեզ։ Այստեղ կան խնդիրներ և շահեր, որտեղ համընկնում են նրանց շահերը և հնարավոր է, որ թե ճնշումներ տեսնենք, թե այլ բնույթի գործողություններ։