Նախկինում կենդանաբանական այգում կենդանիները մորթվել են եւ որպես միս վաճառվել աշխատակիցներին

Նախկինում կենդանաբանական այգում կենդանիները մորթվել են եւ որպես միս վաճառվել աշխատակիցներին

Երեւանի կենդանաբանական այգին նախագիծ է պատրաստում, որով կդիմի ԱԺ՝ կանոնակարգելու բնապահպանական դաշտում առկա բարձիթողի վիճակը։ Այս նախագիծը մշակվում է «Փրո Փոուզ» միջազգային կենդանապաշտպան կազմակերպության հետ միասին, որի հիմնադիր Էլսիկ Ազիզյանի կարծիքով՝ օրենքի բացակայությունն առիթ է տալիս, որպեսզի ամեն մարդ՝ տեղյակ թե անտեղյակ, իր կողմից որոշումներ կայացնի՝ վտանգելով վայրի բնությունն ու կենդանիներին։ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ իր հերթին է ընդգծում՝ ՀՀ-ում վայրի կենդանիների առեւտուր չպետք է լինի, եւ պետք է սահմանվեն հստակ չափանիշներ ցանկացած իրավիճակի համար։ Ըստ նրա, նաեւ այս հանգամանքով է պայմանավորված 6 ամիս շարունակ իր դեմ բողոքի ցույցեր իրականացնողների ակտիվությունը։ Այն, որ նրանց մեջ կան նախկին աշխատակիցներ, ըստ նրա, բացատրվում է նրանով, որ նրանցից շատերն այգում ունեցել են գումար աշխատելու եւ որոշումներ կայացնելու հնարավորություն։

Խաչատրյանը նկատում է՝ այս ընթացքում երբեւէ չի անդրադարձել նախկին տնօրինության աշխատանքներին, բայց չդադարող աղմուկի այս ֆոնին ստիպված է մի քանի փաստ հնչեցնել․ «Նույն մարդիկ, որ պնդում են՝ անօրինություններ են տեղի ունեցել այգում, հենց նրանք են զբաղվել ապօրինությամբ նախկին տնօրինության օրոք՝ վաճառելով կենդանաբանական այգուց կենդանիներ։ Այդ մարդկանցից մեկը Կարեն Մարտիրոսյանն է, ով էկզոտարիումների տնօրենն է եւ անմիջական կապ ունի կենդանիների առեւտրի հետ։ Եվ մի շատ զարհուրելի դեպք պիտի նշեմ․ մենք թղթաբանությամբ պարզեցինք, որ երբ կենդանիների քանակը բազմացել է, այդ մարդիկ կենդանիներին ոչ թե փոխանակել են, այլ այդ կենդանիներին մորթել են եւ վաճառել աշխատակիցների միջեւ՝ որպես միս։ Եվ սա այն մարդիկ են, ովքեր այսօր աղմկում են»։

Այն հարցին, թե ինչու են 25 տարի փղի հետ աշխատած մասնագետին տեղափոխել սողունների բաժին, Խաչատրյանն ասաց, որ հենց փղին խնամող աշխատակիցն է պատմել, որ փիղը մի քանի անգամ հարվածել է իրեն կնճիթով, եւ մահից է փրկվել․ «Հետո նույն այդ 25 տարվա մասնագետը փղին կերակրում էր թարմ հացով, որն արգելված է, եւ ընդհանրապես ոչ մի տեսակ վարժեցում չի արվել փղի հետ՝ ոտքերը չեն խնամվել, փիղը չի կարողացել հասկանալ հրամանները»։ «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայգ Բալյանն էլ նկատեց, որ կա ռոտացիոն սկզբունք, երբ այգու մի աշխատակիցը կարող է աշխատել նաեւ այլ բաժիններում, ինչը միանգամայն ընդունված պրակտիկա է նաեւ աշխարհում։

Ինչ վերաբերում է 3 առյուծների էվթանազիային, կենդանաբանական այգու մենթոր Յանոշ Շանտոն պարզաբանում է, որ այդ որոշումը կայացրել են մի քանի կենդանաբույժներ, այդ թվում՝ մասնագետներ Ամստերդամի եւ Թեհրանի կենդանաբանական այգուց, որովհետեւ առյուծները քրոնիկ հիվանդ էին ու ծեր։

Ռուբեն Խաչատրյանն ընդգծում է՝ այգին ստուգել են թե՛ քննչական մարմիները, թե՛ քաղաքապետարանի համապատասխան բաժինները։ «Այդ աուդիտորական փաստաթղթում չկա որեւէ կրիմինալ կետ, ավելին՝ քաղաքապետարանը շատ մանրամասն տեղյակ է բոլոր այն քայլերից, որ իրականացվել են վերջին տարիներին այգում։ Ի սկզբանե հենց ես եմ հրավիրել քաղաքապետարանին, որ ստուգում իրականացնեն»։ Ինչ վերաբերում է իր մասնագիտական հմտություններին, ապա ունի 15 տարվա փորձ, հետո՝ կենդանաբանական այգու տնօրեն լինելու մասնագիտություն չկա աշխարհում։ Նա օրինակ բերեց «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայգ Բալյանին, ով իր մասնագիտությամբ կինոպրոդյուսեր է, ինչը չի խանգարում, որ այգին էլ ավելի զարգանա։

Հայգ Բալյանն էլ հիշեց իր հանդիպումը «Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հետ, ով նույնպես բողոքողների շարքում է․ «Արտյոմ Վարդանյանը մի օր եկավ ինձ մոտ եւ խնդրեց իրեն օգնել՝ դառնալ կենդանաբանական այգու տնօրեն, քանի որ կենդանասեր է։ Երբ եկա Հայաստան, այցելեցի նրան եւ տեսա նրա տանը 2 փոքր շիմպանզեներ՝ Աֆրիկայի բնությունից վերցրած, երբ ասացի՝ ինչպե՞ս է դա հնարավոր, նա ասաց որ ունի ներմուծման բոլոր փաստաթղթերը»։

Այգու տնօրենն ընդգծում է՝ իր եւ այգու դեմ ցույցեր իրականացնողներն ուղղորդվում են այն մարդկանց կողմից, ովքեր մեծ բիզնես ծրագրեր ունեն․ «Դրանք այն մարդիկ են, ովքեր Տանզանիայից Հայաստան են ներմուծում մեծ թվով կապիկներ, որպեսզի հետո վաճառեն Ռուսաստանի տարբեր օբյեկտների՝ դրանք հատուկ լաբորատորիաներ են, որտեղ արվում են փորձարկումներ ՌԴ ՊՆ-ի կողմից։ Դրանք մարդիկ են, ովքեր խառնել են կենդանասիրությունը ռեստորաններում կենդանիներ ցուցադրելու հետ, ովքեր ունեն անհատական խնդիրներ թե՛ իմ, թե՛ այգու հետ։ Սա մարդկանց մի խումբ է, որ հեղափոխությունից հետո հանկարծ որոշեց միտինգային ֆորմատով մատուցել իրենց ուզած ճշմարտությունը եւ հասնել արդյունքի, որովհետեւ նոր իշխանությունը դեռ լավ տեղյակ չէ խնդիրներից, բայց նրանք չարաչար սխալվում են»։