Անձնական տվյալները կեղծելով էլ՝ չեն կարող խուսափել վերադարձից

Անձնական տվյալները կեղծելով էլ՝ չեն կարող խուսափել վերադարձից

Թավշյա հեղափոխությունից հետո ոչ սակավադեպ հանդիպող լուրերից մեկն էլ այն է, որ եվրոպական երկրներն այլեւս նախկինի պես հեշտությամբ չեն քաղաքական ապաստան տրամադրում Հայաստանից մեկնողներին, ավելին՝ նրանց հետ են ուղարկում, քանի որ Հայաստանը համարում են ժողովրդավարական երկիր։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն ծառայության վերադարձի եւ վերաինտեգրման հարցերով բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը հակադարձում է՝ այդ միտումները սկսվել են ոչ թե անցյալ տարվանից, այլ 2012 թվականից։

«Շվեդիան, Լեհաստանը, ՌԴ-ն համաձայնագրերի շրջանակներում իրենց երկրներում բնակվող անձանց ինքնությունը ճշտելու եւ վերադարձի հարցերն էին կարգավորում։ 2015, 2016,2017 թվականներին մենք բավականին մեծ քանակով սկսեցինք ստանալ այդ հայցերը։ Սկզբից բավականին շատ հայցեր էին գալիս Շվեդիայից, Լեհաստանից, Նիդերլանդներից, Ավստրիայից։ Սակայն 2017թ․ սկսեցինք մեծ թվով ռեադմիսիոն հայցեր ստանալ Գերմանիայից։ 2018թ․ ութ եվրոպական երկրներից եւ ՌԴ-ից միասին  ստացել ենք ընդհանուր 1042 հայց 2077 հոգու մասին։ Միայն Գերմանիայից հայցեր ենք ստացել 1402 անձանց մասին, որոնցից 1208-ի քաղաքացիությունը հաստատվել է։ Բայց լինում են դեպքեր, երբ նրանց քաղաքացիությունը չի հաստատվել։ Եթե մարդու ինքնությունը պարզվում է, դա չի նշանակում, թե նրան անմիջապես հետ են ուղարկում հայրենիք։ Շատ հաճախ այնպես է պատահում, որ հաստատվում է ինքնությունը, սակայն ինչ-ինչ պատճառներով չի լինում այդ անձանց հետ ուղարկել։ 2018թ․ շատ ակնհայտ դարձավ, որ մենք ունենք մեծ թվով հայցեր, բայց դա չի նշանակում, որ նրանց բոլորին ուղարկեցին»,- նշեց Հայկանուշ Չոբանյանը։ 

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ փախստականի ապաստան ստանալու համար մեր քաղաքացիներն արտերկրում հայտնվում են տեւական գործընթացի մեջ, քանի որ ծանրակշիռ հիմնավորումներ են պետք։ «Փախստականներ մասին» կոնվենցիայով նրանք պետք է ապացուցեն, որ իրենց երկրում հայտնվել են անապահով վիճակում, երկյուղ կա իրենց կյանքի համար, կան պատերազմական գործողություններ, մարդու իրավունքների աղաղակող խախտումներ՝ էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության հողի վրա։ Հիմա, ըստ նրա, եվրոպական մի շարք երկրների համար Հայաստանը համարվում է ապահով երկիր։ Օրինակ, Ֆրանսիայի համար, սկսած 2010 թվականից, Հայաստանը համարվում է ապահով երկիր։ Նույն վերաբերմունքն ունի նաեւ Գերմանիան։ 

Եվրոպական երկրներում օրինական ճանապարհով հաստատվելու համար, ըստ մեր զրուցակցի, ՀՀ  քաղաքացիները պետք է գտնեն օրինական աշխատանք, ինչը դժվար է՝ կապված հիմնականում լեզվական իմացության հետ։ Նաեւ՝ բարձր որակավորում ունեցող քաղաքացիների պահանջարկ կա՝ բժիշկների, IT ոլորտի մասնագետների, դասախոսների եւ այլն։ Այդ առումով էլ ենք զիջում, քանի որ եվրոպական երկրների գաղութներից են շատ միգրանտներ  գալիս իրենց մոտ՝ աշխատելու։ 
Հաջորդ տարբերակը ամուսնությունն է արտերկրի քաղաքացու հետ, սակայն այս դեպքում էլ միանգամից չեն կարող ձեռք բերել տվյալ երկրի քաղաքացիություն։ Տարբերակ է նաեւ ընտանիքի վերամիավորումը։ Արտերկիր մեկնելու օրինական տարբերակ է նաեւ կրթություն ստանալն արտերկրում։ Չորրորդ տարբերակն էլ փախստականի կարգավիճակն է, որը, սակայն, ունի իր ընթացակարգը։ 

«Շատերը փորձում են ինչ-ինչ պատմություններ հորինել, որպեսզի հիմնավորեն, թե իրենք իրենց երկրներում ունեն խնդիրներ։ Եվ դա վերաբերում է ոչ միայն հայերին։ Շատ միգրանտներ կան Բալկաններից, որոնք գնում են եվրոպական երկրներ»,- նշեց Հայկանուշ Չոբանյանը։
Ի՞նչ են անում շատ անօրինական միգրանտներ։ Նրանք կեղծում են իրենց անձնական տվյալները՝ ներկայացնելով, օրինակ, որ իրենք ոչ թե Հայաստանից են, այլ Ադրբեջանից։  Կամ՝ եթե մի երկրում, օրինակ՝ Գերմանիայում, չի հաջողվում ապաստան ստանալ, մեկնում են մեկ այլ եվրոպական երկիր։ 
Հայկանուշ Չոբանյանի հավաստմամբ՝ «մինչեւ քսան տարի կարող են անկանոն կարգավիճակով  ապրել արտերկրում։ Նույնիսկ երբ արտերկրում երեխաներ են ունենում, ներկայանում կեղծ անուն-ազգանունով, երեխայի տվյալներն էլ կեղծում, դա,  միեւնույնն է, չի փրկում իրենց։ Այդ երեխան չի կարող իր ծնողների հետ վերադառնալ, ծնողները չեն ստանում նաեւ փախստականի կարգավիճակ։ Եվ այս դեպքում նրանք լուրջ խնդիրների առջեւ են կանգնում, քանի որ հյուպատոսը չի կարող նրանց տրամադրել վերադարձի վկայական, քանի որ ապացույց չունի, որ այդ երեխան իրենցն է»։

Ինչպե՞ս վարվել այն քաղաքացիների հետ, որոնք տարիներ շարունակ անօրինական հիմքով ապրելով արտերկրում, որոշել են վերադառնալ Հայաստան։ Չէ՞ որ նրանց սոցիալական կապերը խզվել են, կորցրել են տուն եւ աշխատանք։

«Մարդիկ գալիս են տարբեր խնդիրներով՝ զինապարտության, աշխատանքի, առողջական։ Եթե մարդը պատրաստված է գալիս, գիտի, թե որտեղ է ապրելու, ինչ է անելու։ Բայց եթե մարդիկ կարիքավոր են, ապա նրանց համար իրականացվում են տարբեր ծրագրեր միջազգային կազմակերպությունների կողմից։ Դրանք են՝ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ֆրանս-հայկական կազմակերպությունը, հայկական «Կարիտաս» կազմակերպությունը, այլք։ Նրանք այդ մարդկանց ապահովում են ժամանակավոր կացարանով, հոգում են նրանց կարիքները։ Մինչեւ հիմա պետությունը ներգրավված է այդ քաղաքականության մեջ։ Եվ հիմա մենք  մշակում ենք վերադարձողների ամենահրատապ խնդիրները լուծելու ծրագիր, որպեսզի հասկանանք, թե խոցելի խմբերն ինչ խնդիրներ ունեն։ Մարդն, օրինակ, վերադառնում է եւ կանգնում է մաքսազերծման խնդրի առջեւ։ Ինչպե՞ս անենք, որ մարդիկ չունենան այդ խնդիրը, կացարանի խնդիր չունենան։ Սրանք շատ կարեւոր հանգամանքներ են»,- նշեց մեր զրուցակիցը։