Արցախյան պատերազմը պետք չէ համեմատել հեղափոխության հետ

Արցախյան պատերազմը պետք չէ համեմատել հեղափոխության հետ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը երեկ ՀՀ Ազգային ժողովում էր, մասնակցում էր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին։ Նրա հետ խոսել ենք Արցախում մարդու իրավունքների խախտումներից, ՄԻԵԴ ուղարկվող գործերից եւ Փաշինյանի հայտարարություններից։

- Պարոն Բեգլարյան, եթե զուգահեռներ անցկացնենք Հայաստանի եւ Արցախի միջեւ, մարդու իրավունքների պաշտպանվածության առումով որտե՞ղ է ավելի լավ վիճակ։

- Հարաբերական է, այսինքն՝ ընդհանուրը դժվար է գնահատել, կան ոլորտներ, որտեղ Արցախում կարող է դրական լինել, կան ոլորտներ, որ՝ Հայաստանի Հանրապետությունում, նաեւ կան ոլորտներ, որոնք առանձնահատուկ են։ Բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում ավելի լավ իրավիճակ է, եւ դրա գլխավոր պատճառը ճանաչվածությունն ու միջազգային ընդգրկվածությունն է, քանի որ միջազգային կազմակերպությունները բավականին մեծ չափով աջակցում են Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների մշակույթի տարածման հարցում։ 

- Այսինքն՝ Արցախում ավելի՞ անմխիթար կամ ոչ բարվոք վիճակ է այդ առումով, մարդու իրավունքների խախտումներ ավելի շա՞տ են լինում։

- Այսպես ասեմ՝ խախտումները քանակական առումով շատ դժվար է այս պահին գնահատել։ Եթե չափորոշիչը վերցնենք բողոքները՝ մարդու իրավունքների պաշտպանին, ոչ՝ ավելի լավ վիճակ է, քանի որ ավելի քիչ բողոք ենք ստանում։ Բայց դա ունի իր բավականին լուրջ պատճառները, օբյեկտիվ խնդիրներ կան, բայց այս տարի, կարծում եմ, միտումն ավելի բարձր է լինելու, այսինքն՝ տարվա ընթացքում մենք կտեսնենք, որ արդյունքները, բողոքներն ավելի շատ են լինելու Արցախում։

- Իսկ խոսքի ազատության ու մամուլի առումո՞վ ինչպիսին է վիճակն Արցախում։

- Մամուլի առումով՝ նախ պետք է հաշվի առնել, որ Արցախը նույն տեղեկատվական դաշտում է գտնվում, ինչ Հայաստանի Հանրապետությունը, ու հայաստանյան լրատվամիջոցներն անարգել գործում են նաեւ Արցախի Հանրապետությունում։ Դրա համար այստեղ շատ ավելի դժվար է իրավիճակ գնահատել, բայց խնդիրներից մեկն այն է, որ Արցախում տեղական լրատվամիջոցները շատ քիչ են։ Փաստացի մեկ հեռուստատեսություն է գործում, մեկ լրատվական գործակալություն եւ երկու-երեք շատ փոքր կայքեր, որը, բնականաբար, այդքան էլ ցանկալի քանակ չէ։ Բայց, մյուս կողմից, հաշվի առեք, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն լուսաբանում են նաեւ Արցախի կյանքը, դրա համար դժվար է գնահատել։

- Ի դեպ, անցյալ տարի մենք երբ լուսաբանում էինք արտահերթ ընտրությունների քարոզարշավը, Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանություններին ուղղված ելույթներում հորդորում էր կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին։ Եվ սա տարընթերցումների ու քննադատությունների տեղիք տվեց, որ Հայաստանի վարչապետը հրահանգ է տալիս Արցախի ղեկավարությանը։ Մարդու իրավունքների տեսանկյունից Դուք սա ինչպե՞ս եք գնահատում։

- Քանի որ խիստ քաղաքականացված թեմա է եւ իրավունքների հետ կապ չունի, լավ կլինի՝ ես չմեկնաբանեմ։ Բայց, իհարկե, Դուք էլ եք արձանագրել, որ տարընթերցումների, տարմեկնաբանությունների տեղիք է տվել ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ Արցախում, նաեւ՝ քննադատությունների։ 

- Եթե դա դիտարկենք մարդու իրավունքների տեսանկյունից, կա՞ այստեղ որեւէ խնդիր կամ մտահոգություն։

- Յուրաքանչյուր ոք ազատ է իր կարծիքը հայտնելու, այդ թվում՝ քննադատելու։ Այս առումով ես խնդիր չեմ տեսնում, որ մարդիկ քննադատել են։ Իսկ բուն հայտարարությունն ու շեշտադրումները քաղաքականացված են խիստ, դրա համար ճիշտ կլինի՝ մեկնաբանություն չտամ։

- Սասուն Միքայելյանն էլ այդ օրերին մի խնդրահարույց հայտարարություն էր արել, որով ապրիլյան հեղափոխությունն ավելի բարձր արժեք էր գնահատել, քան արցախյան պատերազմը։ Սա ծանր ընկալվեց արցախցիների կողմից ու դարձյալ քննադատությունների տեղիք տվեց։ Սա՞ ինչպես կգնահատեք։

- Նախ, հաշվի առեք, որ պատմությունն է գնահատական տալիս պատմական իրադարձություններին եւ դրանց արդյունքներին։ Արցախյան պատերազմը մի քիչ վաղ անցյալում է եղել, հեղափոխությունը շատ կարճ պատմություն է դեռեւս ունեցել։ Լավ կլիներ՝ շատ ավելի երկար ժամանակ անցներ, որպեսզի գնահատական տանք, բայց անձամբ ինձ համար արցախյան պատերազմը եւ, ընդհանրապես, արցախյան շարժումը կարեւոր արժեք է, բայց կարծում եմ, որ չպետք է դա համեմատել անհամեմատելի այլ գործընթացների հետ, օրինակ՝ հեղափոխության հետ, որովհետեւ հեղափոխության նպատակները, գործիքները, ծավալները տարբեր էին, այդ թվում՝ օբյեկտը եւ սուբյեկտը տարբեր էին։ Դրա համար, կարծում եմ, անհամեմատելի էին։ Ինձ համար արցախյան շարժումը եւ այդ շարժման ընթացքում ծնված Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը եւ մեր համատեղ անկախությունն ու ազատությունը բարձր արժեք են։

- Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ի՞նչ ազդեցություն է թողել Արցախի վրա։

- Ընկալումների առումով, բնականաբար, որոշակի ընկալումներ, դրական միտումներ եղել են։ Բնականաբար, մենք մեկ մարմին ենք՝ Արցախը եւ Հայաստանը։ Եվ ՀՀ-ում կատարված իրադարձություններն ուղղակիորեն ազդում են նաեւ Արցախի վրա, ի դեպ՝ նաեւ հակառակը․ Արցախում էլ ինչ-ինչ իրադարձություններ, այդ թվում՝ պատերազմական գործողությունները, ուղղակիորեն ազդում են նաեւ Հայաստանի վրա։ Եվ որոշակի դրական միտումներ եղել են, մինչեւ հիմա էլ կան Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում, եւ կարծում եմ՝ դրա հանգուցալուծումը լինելու է հաջորդ տարի, ընտրությունների ժամանակ։ Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի ընտրությունները շատ ավելի ժողովրդավարական են լինելու, քան նախորդ ընտրությունները։

- Պարզապես, երբ կադրային փոփոխություններ եղան Արցախում, օրինակ՝ Պաշտպանության բանակի ղեկավարը փոխվեց, սա կապեցին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ, որ Հայաստանից թելադրված փոփոխություն էր դա։

- Չեմ կարծում, թե ուղղակիորեն ինչ-որ թելադրանք եղել է Հայաստանից Արցախին։ Արցախի Հանրապետությունը գոնե ներքին հարցերում ամբողջությամբ սուվերեն է, ինչ որոշումներ կայացվում են, կայացվում են ներսում։ Թե պատճառները որոնք են եղել, համապատասխան քաղաքական ղեկավարությունը մեկնաբանություն տվել է, եւ ճիշտ չէ իմ կողմից այսպիսի քաղաքական գործընթացներին գնահատական տալը։