Անսպասելի որոշում. Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Անսպասելի որոշում. Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարեց մեղադրողների միջնորդությունը. նա ինքնաբացարկ հայտնեց։

Նշենք, որ նա քննում էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ։

Ինքնաբացարկ հայտնելուց հետո նիստը հետաձգվեց, քանի որ միջնորդությունը պետք է մակագրվի այլ դատավորի։

Հիշեցնենք, որ երեկ միջնորդությանը միացել էր քննիչը, իսկ պաշտպանական կողմը առարկել էր։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է: