Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի թիմը գրոհով չվերցրեց իշխանությունը

Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի թիմը գրոհով չվերցրեց իշխանությունը

2008-ի սեպտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանի հոդվածը՝ «Ինչպիսի իշխանություն եմ ուզում», հրապարակված «Հայկական ժամանակ» թերթում, որին անդրադարձել էի 12․12․2023-ին, ինչն ամբողջական չէր, նա սկսել է իշխանությունը գրոհով վերցնելու նպատակահարմարությունից, միայն թե հասնի իր երազած իշխանական աշխատասենյակին։ Մեջբերում.

«․․․Նույն թվականի (2008թ․) փետրվարի 26-ին, երբ Ազատության հրապարակում հավաքվել էր հայոց պատմության մեջ աննախադեպ բազմություն, ահա, այդ մարդիկ էլ տրամադիր էին եւ պահանջում էին գրոհով վերցնել իշխանությունը, գնալ եւ գրավել նախագահի նստավայրը եւ վերջ դնել հանցավոր իշխանությանը։ 2008թ․ մարտի 1-ին մարդիկ նույնկերպ էին տրամադրված։ Մենք մարդկանց գրոհի չտարանք, չնայած ակնհայտ էր, որ առնվազն վերջին երկու դեպքում գրոհի հավանականությունը ռեալ ու շոշափելի էր։ Այսօր շատերն են հարց տալիս, թե ինչու տեղի չունեցավ ակնկալված գրոհը, եւ ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմն այդպիսով չվերցրեց իշխանությունը… Քաղաքական ուժը պետք է կարողանա իշխանությունը վերցնելու պատեհ առիթն օգտագործել։ Եթե այս տեսակետից ենք նայում, գուցե իրոք գրոհների չգնալը լուրջ սխալի տպավորություն է թողնում»։

Այնուհետեւ Նիկոլն իրեն հատուկ ոճով փորձում է հիմնավորել, որ սխալ էր գրոհով չվերցնելը, միաժամանակ ակնարկում է ստվերային պայմանավորվածությունների մասին՝ զուգահեռաբար հասկացնելով գործարքի հեղինակներին, որ խոստումը չկատարելու դեպքում ինքը չի լռելու։ Մեջբերում.

«․․․ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ քաղաքականության մեջ գալիս են պահեր, որ ի սկզբանե պարզ ու հստակ դրված խնդիրը հընթացս որոշակի փոփոխությունների է ենթարկվում։ Ավելի ճիշտ՝ ոչ թե փոփոխությունների է ենթարկվում, այլ որոշակի խոր ու լուրջ ենթատեքստ է ստանում»։

Նիկոլի կողմից վերոնշյալ կոդավորված բացահայտումն այն դավադրության մասին է, որ նախապատրաստվում է հայ ժողովրդի դեմ, որի մասին տարիներ առաջ իմ կողմից բարձրաձայնվել էր, այն է՝ 2008-ին եղել է գործարք իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, որին որոշակի չափաբաժնով իրազեկ եւ մասնակից են դարձրել նաեւ Նիկոլին, որպեսզի կարողանան վերահսկել գործընթացը, եւ պատահական չէ, որ 2008-ի փետրվարի 23-25-ին ձերբակալեցին եւ մեկուսացրին այն ընդդիմադիր հայտնի գործիչներին, որոնք կարող էին խոչընդոտել իշխանության ու ընդդիմության գործարքին՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ։ Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ տարիներին Հայաստանում իշխանության հարցերը լուծվում էին Կրեմլի կողմից, եւ այդ դավադիր ծրագիրը որոշվել էր դրսում։ Արձանագրենք, որ մինչեւ 2022թ. ռուս-ուկրաինական պատերազմը Մինսկի խմբի համանախագահող երկրները միակարծիք էին Ղարաբաղի հարցում, չնայած դրանից հետո եւս չի բարձրաձայնվել տարաձայնությունների մասին, եւ այդ երկրների հովանավորչությամբ տեղի ունեցավ 2018-ի թատերականացված իշխանափոխությունը, նույն երկրների լուռ համաձայնությամբ սանձազերծվեց 2020թ. պատերազմը, Արցախը նույնպես հայաթափվեց այդ երկրների ու ամբողջ միջազգային հանրության համաձայնությամբ, նաեւ` Հայաստանի իշխանությունների անտարբերությամբ ու թողտվությամբ։ Նիկոլն այդ հոդվածում, ըստ էության, բացահայտում է իր մարդկային որակները, հատկապես՝ իշխանատենչությունը եւ փառամոլությունը։ Մեջբերում.

«․․․ Մի ինչ-որ պահի ընտրական կամ հեղափոխական ճանապարհով կհասնենք իշխանափոխության։ ․․․ Զուտ տեսականորեն իսկապես հնարավոր է, որ որոշ ժամանակ անց հայտնվեմ որեւէ իշխանական կաբինետում։ ․․․ Եվ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ իր աշխատասենյակում ունեցած հանդիպումից հետո երկար, երկար մտածել եմ «բարձրաստիճան պաշտոնյայի աշխատասենյակ» կոչվող երեւույթի մասին, դա իսկապես երեւույթ է։ Աշխատասենյակ ասելով, ես նկատի ունեմ զուտ աշխատասենյակը, անկախ նրանից, թե ով է տվյալ պահին այնտեղ գտնվող պաշտոնյան»։

Անցած շուրջ 6 տարիները ցույց տվեցին իշխող խմբակի անմարդկային, սրիկա տեսակը, որոնք չունեն ազգային արժանապատվություն եւ մարդկային որակներ, որին առիթ ունեցել եմ պարբերաբար անդրադառնալ եւ առաջիկայում եւս ի ցույց կդնեմ այդ խմբակի եւ իրենց առաջնորդի ողջ էությունը։ Ժամանակն է՝ օր առաջ այս արկածախնդիրներին կանգնեցնել, որովհետեւ երկիրը փուլառփուլ հանձնելով ու պատասխանատվության չենթարկվելով, շարունակում են կործանել ազգը եւ կազմաքանդել պետականությունը։

ՀԳ․ Վերջերս պատահական հանդիպեցի իմ կողմից հարգված, ժամանակին պայքարակից ընկերներիցս մեկին։ Բնականաբար, շատ ջերմ ողջունեցի, սակայն վերջինիս կողմից նկատեցի զգուշավորություն ու սառնություն։ Իր տեսակով լինելով ազնիվ մարդ՝ անմիջապես բացականչեց. «Չգիտե՞ս որտեղ եմ աշխատում»: Ի պատասխան հեգնեցի․ «Մեծ պատիվ է Ձեզ համար»: Չգիտեմ՝ ընկալե՞ց հեգնանքը, թե՞ ոչ, բայց ստացա հարցիս պատասխանը, թե ինչպիսի անմարդկային մթնոլորտ է ձեւավորվել Հայաստանում, մասնավորապես՝ Նիկոլի երազած իշխանական աշխատասենյակներն ինչպես են ազդել մարդկային հարաբերությունների վրա։

Պետրոս Մակեյան