Եղբայր ջան, որ ամեն ինչը թանկանում ա, աշխատատեղերը կրճատվում են, դա ի՞նչ ա նշանակում․ Ծառուկյանը՝ տնտեսության վիճակի մասին

Եղբայր ջան, որ ամեն ինչը թանկանում ա, աշխատատեղերը կրճատվում են, դա ի՞նչ ա նշանակում․ Ծառուկյանը՝ տնտեսության վիճակի մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, այսօր պատասխանելով Hraparak.am-ի հարցին՝ կապված Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ, ասաց, որ ինքը դեմ է հարկային բեռի ավելացմանը։

«Էսօր տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ա ոչ թե կտրուկ ավելացում, այլ հարկավոր ա թեթևացում։ Եթե էսօր գործարարը պահում ա 300 աշխատող այս տնտեսական ճգնաժամի ժամանակ, վճարում ա տասը միլիոն դրամ ամսական տուրք, հարկ, եթե սա ավելացնում են՝ տասը սարքում են տասներկու, ուրեմն համապատասխան հնարավոր ա երեքից հինգ ամսվա ընթացքում այդ գործարարը սնանկ ճանաչվի, երեք հարյուր ընտանիք տունը նստի, գործազուրկ դառնան, արտագաղթի ճանապարհը բռնեն, և բյուջե էլ տասը միլիոնը չի գնալու։ Դրա համար տասը միլիոնը պետք է սարքեն ութ միլիոն, յոթ միլիոն, որ եթե ութ միլիոն վճարես, հնարավո՞ր է, որ դու էդ երեք հարյուր աշխատատեղը պահես»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ եթե հետո տնտեսական աճ կատարվի, նոր կարելի է հարկերն ավելացնել։

Մեր հարցին՝ մենք հիմա տնտեսական ճգնաժամ ունե՞նք, մեր տնտեսությունը ճգնաժամային փուլո՞ւմ է գտնվում։ «Եղբայր ջան, որ ամեն ինչը թանկանում ա, աշխատատեղերը կրճատվում են, դա ի՞նչ ա նշանակում։ Մեր գնահատականը՝ գնալով ծանրանում ա, գնալով դժվարանում ա, մենք քայլեր պետք է կատարենք»։

Ծառուկյանը նշեց, որ թեև դեռ չեն ծանոթացել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին, բայց եթե պիտի հարկային բեռ ավելանա, իրենք դեմ են քվեարկելու նախագծին։