Գրագողության մեղադրանքով պաշտոնից ազատված դասախոսը կրկին նշանակվել է

Գրագողության մեղադրանքով պաշտոնից ազատված դասախոսը կրկին նշանակվել է

Ժամանակին գրագողության մեղադրանքով ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացված անձը կրկին նշանակվել է նույն պաշտոնին։ Մոտ երկու տարի առաջ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս Մաքսիմ Մանասյանը հրապարակեց, իր դիտարկմամբ, դեկան Մարատ Գրիգորյանի թելադրանքով իր դեմ հանդես եկող երեք դասախոսների՝ Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանի, Սոցիալ֊տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ Ակսել Պոտոսյանի, Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Թրահել Վարդանյանի արտագրությունները, որի հիման վրա ռեկտոր Արամ Սիմոնյանը կասեցրեց երեք վարիչների գործունեությունը՝ նոր մարդկանց նշանակելով այդ ամբիոնների վարիչի պաշտոններում։ 

ԵՊՀ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օգտվելով ռեկտոր Արամ  Սիմոնյանի հրաժարականից՝ դեկան Մարատ Գրիգորյանը հունիսի 27-ի՝ ֆակուլտետի գիտխորհրդի նիստում կրկին ամբիոնի վարիչի պաշտոնակատար է առաջադրել Սեյրան Սուվարյանին, նա նշանակվել է այդ պաշտոնին։

Ակսել Պոտոսյանն ու Թրահել Վարդանյանը նույնպես մասնակցել են, բայց չեն անցել, նրանց փոխարեն անցել են Վահագն Գրիգորյանն ու Արսեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Երբ Սեյրան Սուվարյանը, Ակսել Պոտոսյանը, Թրահել Վարդանյանը ազատվեցին պաշտոններից, նրանց փոխարեն նշանակվեցին. Սերվիսում Գոռ Ալեքսանյան, Սոցիալ-տնտեսականում Նարեկ Հարությունյան, Ֆիզիկականում՝ Հասմիկ Բալյան, որոնց նշանակումները, ըստ ԵՊՀ մեր աղբյուրների, Մարատ Գրիգորյանի սրտով չեն եղել։ 

Աշխարհագրության ֆակուլտետի դեկան մարատ Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Սուվարյանը ժամանակին ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացվել է գրագողության մեջ կասկածվելու համար, պատասխանեց, որ ինքը նման տեղեկություն չունի, և դա պետք է ԵՊՀ-ի համապատասխան բաժնից ճշտել, ապա անջատեց հեռախոսը։