Շահած խաղադրույքը չեն վճարել՝ Federbet–ից տեղեկանալով, որ խաղը պայմանավորված է

Շահած խաղադրույքը չեն վճարել՝ Federbet–ից տեղեկանալով, որ խաղը պայմանավորված է

«Հրապարակին» քաղաքացի Էդիկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ քաղաքացի Էդիկ Սարգսյանին «Տոտո գեյմինգի» բուքմեյքերական գրասենյակ չէր վճարել հաղթած խաղադրույքի 100 հազար դրամը․ մենեջերը խաղի ընթացքում մոտեցել և պահանջել էր  խաղադրույքով կտրոնը։

Ընկերությունից քաղաքացուն հանձնառել էին վերադարձնել միայն կատարված խաղադրույքը։
«Հրապարակը» այդ մասին լուր էր գրել՝ զանգահարելով նաև բուքմեյքերական ընկերության գրասենյակ, սակայն այնտեղից չէին ցանկացել մեկնաբանություն տալ՝ լրատվամիոցը դիտարկելով որպես երրորդ անձ։

Հետագայում, սակայն, տեղեկատվություն տրամադրվեց գրության տեսքով, որում ներկայացված է պարզաբանում, թե ինչու շահած խաղադրույքի վճարումը չի կատարվել։ Ներկայացում ենք գրությունը․

«Ուրախ ենք, որ Դուք կանգնած եք վիճակախաղի մասնակիցների կողքին և փորձում եք պաշտպանել նրանց իրավունքները: Սակայն հարկ ենք համարում նշել, որ վիճակախաղի մասնակիցների իրավունքների պաշտպանության գործում առաջին հերթին շահագրգռված ենք մենք, քանի որ դրանից անմիջականորեն կախված է մեր ընկերության բարի համբավը: Վիճակախաղի մասնակիցների և վիճակախաղի կազմակերպչի իրավունքները և պարտականությունները հստակ ամրագրված են ընկերության կողմից մշակված և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» տոտալիզատորի կազմակերպման և անցկացման կանոնակարգում և մենք միշտ հետևում ենք, որ վիճակախաղի մասնակցի՝ կանոնակարգում ամրագրված բոլոր իրավունքները լինեն պաշտպանված, ինչպես նաև խրախուսում ենք, որ յուրաքանչյուր հաճախորդ անպայման ծանոթանա կանոնակարգին ու իմանա թե իր և թե վիճակախաղի կազմակերպչի իրավունքները և պարտականությունները:

Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ մեր ընկերությունը հանդես է գալիս որպես ազնիվ ու արդար խաղի կողմնակից: Սպորտը պետք է լինի մաքուր, մասնակից կողմերը՝ ազնիվ ու անկողմնապահ: Ցավոք, մերօրյա իրականությունում դրան հասնելը հաճախ անհնար է դառնում: Մասնավորապես աշխարհով մեկ տարածում են ստացել նախապես պայմանավորված խաղերը: Մեր ընկերությունը կտրականապես դեմ է այս երևույթին և հատուկ համագործակցություն է հաստատել պայմանավորված խաղերի բացահայտմամբ ու դրա դեմ պայքարով զբաղվող հայտնի Federbet միջազգային կազմակերպության հետ:

Այդ համագործակցության շրջանակներում Federbet–ը մեզ տեղեկացնում է նախապես պայմանավորված խաղերի մասին՝ գրավոր հիմնավորելով իր տեղեկատվությունը: Դրանից անմիջապես հետո ընկերությունը կատարում է պայմանավորված խաղի վրա կատարված խաղադրույքների վերահաշվարկ և մասնակցին վերադարձնում են կատարված խաղադրույքի գումարը:

Նման դեպքերի համար մեր կանոնակարգի 4-րդ կետում հատուկ նշված է, որ «նախապես պայմանավորված իրադարձությունների վրա կատարված խաղադրույքների դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չվճարել շահումը և խաղադրույքը համարել 1 գործակցով վճարման ենթակա»: Կանոնակարգում նաև պարզաբանվում է, թե որ իրադարձություններն են համարվում նախապես պայմանավորված՝ «նախապես պայմանավորված իրադարձություններ են համարվում Կազմակերպչի գրավոր հարցման հիման վրա Ֆեդերբեթ ԷյԱյԷսԲիԷլ կազմակերպության կողմից տրված գրավոր հիմնավորումը՝ տվյալ իրադարձության նախապես պայմանավորվածության մասին»:

Ինչ վերաբերում է մեր հաճախորդ Էդիկ Սարգսյանին, ապա, նա ներկայացրել է գրավոր բողոք, որին ընկերությունը կանոնակարգով սահմանված ժանկետում կպատասխանի:

Ինչ վերաբերում է Ձեր հոդվածում նշված Վիետնամի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոնի խաղերից մեկին, ապա տեղեկացնում ենք, որ այդ խաղի ընթացքում Federbet–ից գրավոր տեղեկություն է ստացվել այն մասին, որ տվյալ խաղը նախապես պայմանավորված է: Նախքան խաղի ելքի հայտնի դառնալը ընկերությունը կանոնակարգով սահմանված ընթացակարգին համապատասխան անմիջապես վերադարձրել է այդ խաղի վրա կատարված բոլոր խաղադրույքները և վիճակախաղի մասնակցի որևէ իրավունք չի խախտել:


Հարգանքով՝
TotoGaming թիմ»