«Երկաթուղում» պաշտոնանկությունները շարունակվում են

«Երկաթուղում» պաշտոնանկությունները շարունակվում են

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում հարուցված քրեական գործի ֆոնին պաշտոնանկությունները շարունակվում են։ Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, աշխատանքից ազատվել էր տնօրենի անվտանգության գծով տեղակալ, ԱԱԾ գեներալ Արմեն Դարբինյանը, որը պնդում է, որ ոչ թե հեռացվել է, այլ տեղափոխվել է, նշանակվելով խորհրդական։ Դարբինյանի ճակատագրին արժանացել է նաեւ գլխավոր տնօրենի ֆինանսական գծով տեղակալը՝ Իլյա Կելպերիսը։ Նրան եւս հեռացրել են իր դիմումի համաձայն։ Մեզ հասած տեղեկություններով՝ գործազրկության ճանապարհն է բռնել նաեւ մատակարարման վարչության պետ Եվգենի Լադոշան, ով առայժմ համառում է դիմում գրել, սակայն ասում են՝ Մոսկվայում որոշումը կայացված է։ Աշխատանքից ազատվել է նաեւ Օլգա Լուկյանովան` նյութատեխնոլոգիական ապահովման տնօրինության պետի առաջին տեղակալը, ինչպես նաեւ ենթակառուցվածքների պետ Ալեքսանդր Կոնովալովը։ 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնեցին, որ ներկայումս ընկերության գործադիր տնօրենը Հայաստանում չէ, ուստի խոստացան մեր հարցերին պատասխանել ավելի ուշ։ Միաժամանակ հայտնեցին, որ մեր թվարկած պաշտոնյաներից ոմանք հեռանում են ոչ թե պաշտոնանկության պատճառով, այլ որովհետեւ լրացել է նրանց կենսաթոշակային տարիքը։ Ի՞նչ փուլում է չարաշահումների գործը։

Քննչական կոմիտեից, որը քննում է չարաշահումների գործը, «Հրապարակի» հարցմանը պատասխանեցին․ «Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերեւույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Քննության առարկա է հանդիսանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության 10 տարվա գործունեությունը, ստուգվում են շուրջ 110 մլրդ ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը եւ իրավաչափությունը, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են մեծածավալ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ: Առերեւույթ չարաշահումներ թույլ տված անձանց գործողություններին կտրվեն համարժեք քրեաիրավական գնահատականներ»:

Որքա՞ն է այս պահի դրությամբ ներդրումների, գումարների յուրացման, բացահայտված  չարաշահումների արդյունքում հասցված վնասի չափը։ Պաշտոնապես թիվ չի հրապարակվում, իսկ ոչ պաշտոնական հաշվարկներով, այն հասնում է 60 մլն դոլարի՝ այնքան, որքան անցյալ տարի հայտարարել էր վարչապետ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։ «Այդ մասին մենք եւս խոսել ենք ՌԴ նախագահի հետ: Ես պատմել եմ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է պատահել այդպես: Կարող եմ ասել, որ այս հարցում ես, կառավարությունը ՌԴ նախագահի կողմից ունենք լիակատար աջակցություն: Որովհետեւ ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը եւս շատ է շահագրգռված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում»,- ասել է Ն. Փաշինյանը: Մեր աղբյուրները հայտնում են, որ երկաթուղու ղեկավարության եւ ՀՀ իշխանությունների միջեւ այժմ հաշտեցման գործընթաց է գնում, որը հստակ գումարային արտահայտություն է ունենալու։

ՌԴ վերնախավը, «Ռուսական երկաթուղի» ընկերությունը, որին պատկանում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բաժնետոմսերը, որեւէ գործ այս կոռուպցիոն սկանդալի, առավել եւս Հայաստանին գումարներ վերադարձնելու մասին չեն ցանկանում ունենալ՝ Հայաստանից թալանված ներդրումային գումարների վերադարձի հարցն ամբողջությամբ թողնելով ՀԿԵ աշխատակիցների վրա։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ շահերը պաշտպանող «Դավիթ եւ գործընկերներ» իրավաբանական գրասենյակի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հրաժարվեց տեղեկություններ տրամադրել։ «Մենք որեւէ մեկնաբանություն՝ մեր գործերի հետ կապված, չենք տալիս»,- ասաց նա։