Պետրոս Ղազարյանը կրճատել է Սուսան Բադալյանին ու Լիանա Կարապետյանին

Պետրոս Ղազարյանը կրճատել է Սուսան Բադալյանին ու Լիանա Կարապետյանին

Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ղազարյանը հունվարի 11-ին կրճատել է Հանրայինի լրագրողներ Սուսան Բադալյանին ու Լիանա Կարապետյանին։

Hraparak.am-ի հետ զրույցում Սուսան Բադալյանն ասաց․ «Ես ստացել եմ պաշտոնական ծանուցում, որ մարտի 1-ից կրճատված եմ։ Այսքանը, չեմ հարցրել՝ ինչու»։ Այլ հարցերի Սուսան Բադալյանը, որը Հայաստանի լավագույն սոցիալական լրագրողներից է, չցանկացավ պատասխանել։ 

Մեր տեղեկություններով՝ Սուսանը արդեն իսկ ստացել է աշխատանքի առաջարկներ, այդ թվում` Հ1-ից։ Լիանա Կարապետյանն էլ, որ ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել էր տեղեկությունը, գրածին ավելացնելու բան չուներ։ Բացառությամբ նրա, որ չի բացառում դատարան դիմելը։

Ներկայացնում ենք Լիանայի գրառումը մասնակի կրճատումներով․

«20 տարի Հանրային հեռուստաընկերության լրատվականում աշխատելուց հետո, #Լուրեր-ի այսօրվա տնօրեն Պետրոս Ղազարյանն, ընտրության անհայտ չափորոշիչներով, որոշեց չաշխատել ինձ հետ։ Չեն հեռացրել, որովհետև հիմնավոր պատճառ էր պետք դրա համար, ինչը գոյություն չունի, այլապես կասվեր։ Չեմ ազատվել իմ դիմումի համաձայն, որովհետև հեռուստալրագրությունն ամբողջ կյանքիս սիրելի գործն է, իսկ Հանրային հեռուստատեսությունը՝ տուն, որտեղ 17 տարեկանից անցել են 25 տարիներս (մինչև լրատվականը թղթակցել, հետո աշխատել եմ Հ1 «Մայրաքաղաք» ծրագրում)...

Լիանա Կարապետյանին ուղղակի կրճատել են՝ առանց հիմնավորման... Միակ պատասխանը, որ ստացա Պետրոս Ղազարյանից՝ «Հին աշխատողներին կրճատում եմ»․․․ Բրավո, Պետրոս, քեզ համար շատ համարձակ պատասխան է, բայց մասնագիտական բարձր նշաձող պահած լրագրողի «ինչու»-ի պատասխան չէ դա։ Այս կրճատումը կամայականություն է Հ1 լրատվականի 20 տարվա փորձառությամբ լրագրողի նկատմամբ։ «Հին աշխատողը» մի պրոֆեսիոնալ է, որի մասնագիտական կարիերան, անուն ազգանունը կեղտոտված չէ քաղաքական պատվերներով, սկանդալային, դավադիր պատմություններով, սև փիարներով, որը 20 տարվա ընթացքում գրավոր զգուշացում, նկատողություն չի ստացել, զեկուցագիր չի գրել, աշխատանքային ձախողումներ չունի...»։ 

Լիանայի պայմանագիրը ևս խզելու են մարտի 1-ին, բայց նա մանրամասնել է, որ կրճատման մասին ծանուցումից հետո ասվել է՝ այլևս ձայնդ, անուն ազգանունդ եթերում չպետք է լսվի։ Ավելին՝ Պետրոս Ղազարյանը հրահանգել է ազատել աշխատանքային սեղանն ու համակարգիչը, որովհետև դրանք պետք են «Լուրերի» նորեկներին։ Հրահանգվել է նաև չմտնել նյուզրում, որպեսզի, նոր աշխատողների հետ «կոնֆլիկտ» չլինի, սակայն «պատիվ են արել»  մի «մեկուսարան-սենյակ», որպեսզի մյուսների հետ առնչություն չունենա, իսկ այս ընթացքում անմիջապես հեռացրել են «Լուրերի» «չաթից» արգելափակել լրահոսի էլեկտրոնային փոստը։

Լիանան որպես ամփոփում  գրել է․ «Հոգ չէ, ես թևաթափ չեմ, այս ամենը համարում եմ հերթական հետաքննական մի ռեպորտաժ, որ պիտի ստանա կամայական որոշումից բխած բոլոր հարցերի պատասխանները․․․ Սա ինձ համար հրաշալի փորձություն է․․․ Լավ եղեք, կհանդիպենք․․․»։

Hraparak.am-ը կապվեց նաև Պետրոս Ղազարյանի հետ, բայց նա նշելով, որ ժողովի է՝ անջատեց հեռախոսը։