Մեզ մոտ խնդիրները երբեմն դեռ կենցաղային մակարդակի վրա են. Շիրակի մարզպետ

Մեզ մոտ խնդիրները երբեմն դեռ կենցաղային մակարդակի վրա են. Շիրակի մարզպետ

Վերջին օրերին Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրու մի շարք դպրոցների տնօրենների նկատմամբ դատախազությունում գործեր են հարուցվել: Տնօրենները, չարաշահելով պաշտոնեական դիրքերը, կոռուպցիոն սկանդալի մեջ են հայտնվել: Երեկ Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է մարզի դպրոցների տնօրենների հետ: Մարզպետի խոսքերով՝ կրթությունը պետության կողմից մարզում իրականացվող ամենամեծ ծրագիրն է, որի ֆինանսավորումը մարզի ֆինանսավորման առյուծի բաժինն է տանում, եւ բնագավառն ամենաշատ խնդիրներն ունի:

«Այն, որ կրթական գլոբալ ճգնաժամ կա ողջ աշխարհում, գաղտնիք չէ որևէ մեկի համար, բայց որ մեզ մոտ խնդիրները երբեմն դեռ կենցաղային մակարդակի վրա են՝ մտահոգիչ է: Աշխատանքային այս մի քանի օրերի ընթացքում ես ավելի շատ զբաղված եմ եղել կրթության, այսպես ասած, հրդեհների մարմամբ, այսինքն տարատեսակ վեճերի ու տարաձայնությունների քննարկմամբ, սա ինձ մտահոգում է: Ես հասկանում եմ, որ կրթության կազմակերպիչները նախկինում, իրավիճակից դուրս գալով, դարձել են քաղաքական անառողջ խաղերի մասնակիցներ, հետո նաև դերակատարներ, դարձել են տնտեսական կապերի շահաբաժին ձեռք բերելու գործիք, ու արդյունքում տուժվել է կրթական ողջ գործընթացը: Հիմա փոխվել է ամեն ինչ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը: Մարզպետը վստահեցրել է, որ այսուհետ կրթական գործընթացի ու կրթության կազմակերպիչների նկատմամբ վերաբերմունքը հստակ է լինելու, յուրաքանչյուր պատասխանատու իր աշխատանքում ազատ է լինելու՝ իրականացնելու օրենքով սահմանված լիազորություններն ու պարտականությունները:

«Մեր կրթության վարչությունն այսօր հստակ հանձնարարական է ստացել մշակելու Շիրակի մարզի կրթության զարգացման «ճանապարհային քարտեզ», որի միջոցով մենք կնախանշենք մեր առաջնահերթություններն ու դրանց լուծմանը միտված ձեռնարկները: Ձեզ նաև ուզում եմ տեղեկացնել, որ մենք արդեն որոշակի գործիքներ ենք մշակում խնդիրների լուծման համար: Առաջին քայլերից մեկն է լինելու ուսուցիչների բանկի ստեղծումը, որը հնարավորություն կտա համակարգից դուրս մնացած մասնագետներին աշխատանք գտնելու: Կստեղծենք նաև Շիրակի մարզի կրթության զարգացման աշխատանքային խումբ, որն իր բնույթով լինելու է ավելի շատ խորհրդակցական մարմին, ինչը հնարավորություն է տալու մարզպետին որոշումների կայացման հարցում ունենալ նաև մասնագիտական եզրակացություն»:

Շիրակի մարզպետը նախանշել է այն երկու կարմիր գծերը, որոնցից անցնելու դեպքում նպատակահարմար չի համարելու աշխատել տվյալ պատասխանատուների հետ, դրանցից մեկն այն դեպքն է, երբ գիտակցված գործողությունների արդյունքում տուժել է պետության հեղինակությունը: Երկրորդն այն դեպքն է, երբ գիտակցված գործողության արդյունքում խաթարվել է մարդկանց հավատը իրականացված փոփոխությունների նկատմամբ: