Ո՛չ իրենք են անում, ո՛չ էլ թողնում են Ծառուկյանն անի

Ո՛չ իրենք են անում, ո՛չ էլ թողնում են Ծառուկյանն անի

Գագիկ Ծառուկյանի մոտ տնտեսությունից խոսելը կարծես թե լավ է ստացվում, ավելի լավ, քան քաղաքական թեմաներով արտահայտվելը։ Ճիշտ է, նա չի սիրում, որ իր միտքն ընդհատում ես, դրա համար պետք է զգույշ լինել, որ հանկարծ Ծառուկյանի «դռբի տակ չընկնես», բայց եթե կարողանում ես «արանքը ճղել» ու հարցդ ձեւակերպել այնպես, որ նրա դաշտից լինի՝ տնտեսությունից, ու հետն էլ, ինքնըստինքյան, նրա «սրտով ստացվի»՝ «լարված, ուղղորդված հարցեր չտաս», Ծառուկյանը կարող է ժամերով խոսել տնտեսությունից։ Այ, քաղաքական հարցերը՝ ռադիկալ ընդդիմություն լինելու, Մարտի 1-ին իրենց հավանական մասնակցության, էլ չենք ասում՝ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի մասին եւ այլն, Ծառուկյանին զայրացնում են, իսկ դա կարող է վտանգավոր լինել հարց տվողի համար։ Մինչդեռ տնտեսության մասին խոսելիս նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում՝ որպես խոշոր ներդրող եւ վարչապետի ասած՝ խոշոր սեփականատեր։ Ճիշտ է, նա չի խոսում տնտեսագիտության լեզվով, մակրոտնտեսական ցուցանիշներով ու ֆինանսամեթոդական տերմինալոգիայով, բայց երբեմն շատ ավելի ռեալ գնահատականներ է հնչեցնում տնտեսության վիճակի վերաբերյալ, քան կառավարության տնտեսական բլոկի գուրուները։ Օրինակ՝ սա․ «Եղբայր ջան, որ ամեն ինչը թանկանում ա, աշխատատեղերը կրճատվում են, դա ի՞նչ ա նշանակում։ Մեր գնահատականը՝ գնալով ծանրանում ա, գնալով դժվարանում ա, մենք քայլեր պետք է կատարենք»։ 

Ի վերջո, Ծառուկյանը խոսում է բիզնեսմենի եւ խոշոր հարկատուի դիրքերից, ով ամեն օր դրա մեջ է եւ բիզնեսի խերն ու շառը գուցե ավելի լավ է հասկանում, քան, ասենք, Սերժ Սարգսյանի իշխանությունից ժառանգություն մնացած, նախկին գանձապետ, այժմ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կամ իր քվոտայով փոխվարչապետ նշանակված ու հետո ճամբարափոխ եղած Մհեր Գրիգորյանը։

«Էսօր տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ա ոչ թե կտրուկ ավելացում, այլ հարկավոր ա թեթեւացում։ Եթե էսօր գործարարը պահում ա 300 աշխատող այս տնտեսական ճգնաժամի ժամանակ, վճարում ա տասը միլիոն դրամ ամսական տուրք, հարկ, եթե սա ավելացնում են՝ տասը սարքում են տասներկու, ուրեմն համապատասխան հնարավոր ա երեքից հինգ ամսվա ընթացքում այդ գործարարը սնանկ ճանաչվի, երեք հարյուր ընտանիք տունը նստի, գործազուրկ դառնան, արտագաղթի ճանապարհը բռնեն, եւ բյուջե էլ տասը միլիոնը չի գնալու։ Դրա համար տասը միլիոնը պետք է սարքեն ութ միլիոն, յոթ միլիոն, որ եթե ութ միլիոն վճարես, հնարավո՞ր է, որ դու էդ երեք հարյուր աշխատատեղը պահես»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ եթե հետո տնտեսական աճ կատարվի, նոր կարելի է հարկերն ավելացնել։

Նա դեմ չէ, որ վիսկիի, կոնյակի կամ այլ թանկարժեք խմիչքների ակցիզային հարկն ավելանա, բայց ծխախոտի, գազավորված ըմպելիքների վրա դրվող հարկի ավելացմանը դեմ է, ուստի, եթե կառավարությունը չգնա փոփոխության, իրենք հնարավոր է դեմ քվեարկեն ՀՕ փոփոխությունների նախագծին։

ԲՀԿ նախագահը նաեւ մի ուշագրավ միտք էլ հայտնեց բիզնեսի ու հայրենասիրության տիրույթում․ «Պետք է օրենքում փոփոխություններ գրեն, որ մարդը լիարժեք վստահ լինի գալու, գումար դնելու, եւ մեծահարուստը, սեփականատերը, եթե տեսնելով, որ այստեղ շահույթն ավելի քիչ է, Վրաստանում ավելի շատ է, նա կարա աջակցի, մի քայլ կատարի, ասենք թե, հայրենասիրության համար, բայց հիմնական տնտեսության զարգացման համար մարդը պետք է լիարժեք զգա՝ շահույթ կա՞, որ գա գումար դնի»։

Հիմա ինքն իր գումարները Հայաստանում դնում է հայրենասիրությունի՞ց մղված, թե՞ շահույթի ակնկալիքով՝ հարցրինք նրան։ «Ուրեմն իմ հարգելի, սիրելի լրագրողին ասեմ, ամենակարեւորը դուք գիտեք, Ծառուկյանի արած ներդրումները, եթե ես դրա 30 տոկոսն անեի Ռուսաստանում, այսօր ամսական 20, 30, 50 միլիոն գումար կունենայի։ Ես դա հայրենասիրության համար, հայրենիքի համար, հայ լինելով հանդերձ, որ, ասենք թե, էսօր գալիս են աշխարհի տարբեր ծայրերից, նայելով իմ բոլոր կառույցները՝ հիացած գնում են, եւ մարդկանց ներկայացնելու բան ունենք, ու նրանք էլ են ցանկանում դնել»,- ասաց Ծառուկյանը։

Ապա նա դժգոհեց նոր իշխանությունների առանձին օղակներից ու անհատներից՝ նշելով, որ Եղեգնաձորում, օրինակ, ուզում է սիլիցիումի գործարան կառուցել, բայց քաղաքապետը խոչընդոտում է, տարածքի թույլտվությունը չի տալիս, ու ծրագիրն ութ ամիս է՝ փաստացի կանգ է առել։ Կամ, օրինակ, Աբովյանում հիմա աբովյանցիների համար մատչելի պայմաններով բնակարաններ է սկսել կառուցել, նույնը կարող է իրականացնել նաեւ Երեւանում, բայց Երեւանի քաղաքապետարանը չի նպաստում դրան։ «Արդեն չորս ամիս է՝ հայտարարել եմ, թող հողհատկացում անի, երեւանցիների համար էլ կառուցեմ։ Ո՛չ անում են, ո՛չ էլ թույլ են տալիս մենք անենք»,- ասաց գործարար, խոշոր սեփականատեր ու միաժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։