«Նվիրատվությունների» մեխանիզմը և դատական համակարգի քրոնիկ անբուժելիությունը

«Նվիրատվությունների» մեխանիզմը և դատական համակարգի քրոնիկ անբուժելիությունը

«Գնա, ում ուզում ես, ուր ուզում ես՝ բողոքի»։ Ոչ, սա ինչ-որ «գազելի» վարորդի արտահայտություն չէ, ոչ էլ «լավ» տղու... Այս արտահայտությունը, կարելի է ասել, դատավորների կարգախոսն է, որ բարձրաձայնեց Երեւանի առաջին ատյանի դատավոր Լիզա Գրիգորյանը՝ հայցորդի զայրույթին ու տարակուսանքին ի պատասխան, ինչպես ասում են՝ չագուչն իրենց ձեռքն է, ինչ ուզում՝ անում են, ու թե գլուխդ պատով էլ տաս, ինչպես Սեւակն է ասում. «Էլի՛ պատը կմնա պատ,/կպակասի մի լավ ճակատ», սակայն, վստահ եմ, եթե պատին խփվող ճակատները շատ ու որակով  լինեն, պատը ճեղք կտա այդ ճակատների հարվածներից, ու Լիզա Գրիգորյանի նմանները չեն նստի պետական դրոշի տակ ու անօրինական վճիռներ ու որոշումներ չեն կայացնի Հայաստանի Հանրապետության օրենքի անունից, եւ նրանց սուտ երդումներն արյունլվա չեն անի ազնիվ ճակատներ։

Լինելով երկու տարբեր քաղգործով հայցորդ՝ մի դեպքում ընդդեմ Երեւանի (Բաղրամյան պող. 1-ին փակուղի, 14 շենք) նոտար Ելենա Սարգսյանի եւ մյուսների, մյուս դեպքում՝  ընդդեմ Երեւանի (Արցախի պող. 14 շենք, շին. 156) նոտար Մարինե Սարգսյանի եւ մյուսների, եւ շուրջ 3-4 տարի առնչվելով հիշյալ նոտարների ու դատավոր Լիզա Գրիգորյանի վարած քաղաքականությանն ու գործունեությանը, կարելի է ասել՝ բացահայտեցի իրավական համակարգում տիրող սարդոստայնային հյուսվածքի անվրեպ մեխանիզմը, ուր կարող է հայտնվել ցանկացած ազնիվ քաղաքացի եւ տանուլ տալ ոչ միայն իր ազնվությունն ու օրենքին հետամուտ լինելու քաղաքացիական պարտքը, այլեւ ենթարկվել ծաղրի ու հեգնանքի եւ վերջնականապես կորցնել հավատն ինչպես օրենքի ու արդարության, այնպես էլ օրենքն ու արդարությունը պետության պաշտպանության տակ գտնվելու հանգամանքի հանդեպ։

Հիշյալ քաղգործերն այնքան պարզ են, որ հատուկ իրավական գիտելիքներ անհրաժեշտ չեն դրանք կարճ ժամանակում եւ ըստ օրենքի լուծելու համար, մինչդեռ դատավոր Լիզա Գրիգորյանը պարզագույն դատական գործընթացները կարող է ձգձգել մինչեւ Հայրենական պատերազմի տեւողության ժամանակաշրջանի ու հետո էլ կամայական վճիռ ու որոշում կայացնել՝ դրանով իսկ ապահովելով թե՛ իր զբաղվածությունը, թե՛ «նվիրատվությունների» քաշի ծանրությունը (ըստ ունեցվածքի մասին Լիզա Գրիգորյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա առաջին ատյանի 65 դատավորների շարքում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը)։

Թե որքան պարզ են հիշյալ քաղգործերը, եւ որքան աբսուրդ են դրանց վերաբերյալ դատավոր Լ. Գրիգորյանի վճիռն ու որոշումը, ընթերցողն էլ կարող է դատել։ Այսպես, նոտար Ելենա Սարգսյանը ժառանգություն հատկացնելու դեպքում գերազանցել է իրեն վերապահված նոտարական գործողությունների շրջանակը եւ որոշում կայացրել դատավորի կարգավիճակով՝ առանց որեւէ դատական գործընթացի, իսկ Լ. Գրիգորյանը, անժխտելի փաստերի առկայության դեպքում, չկարողանալով պաշտպանել կամ պատասխանողների օգտին վճիռ կայացնել, ոչ ավել, ոչ պակաս՝ չորս պատասխանողներից միայն մեկի կիսատ-պռատ, առանց որեւէ ապացույցի ու հիմնավորման (դատական վերջին նիստի վերջում՝ փաստերի ներկայացումից հետո) դիմումի հիման վրա, չհրավիրելով դատական նոր նիստ (եւ, ըստ սովորության, այլեւս «չձգձգելով» պրոցեսը, երբ պարտավոր էր նոր նիստ հրավիրել) եւ հնարավորություն չտալով հայցորդին ըստ պատշաճի պատասխանել հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանողի դիմումին, անմիջապես անցել է վճիռ կայացնելուն եւ հիշյալ քաղգործով հայցային վաղեմություն կիրառելուն, երբ որեւէ կերպ ապացույց չկար, թե հայցորդը կարող էր ժամանակին ծանոթ լինել նոտարի փակ գործողությանը եւ նրա կողմից իր իրավունքների խախտմանը։ Մինչդեռ ի սկզբանե հայցորդը շեշտել է, որ ինքը տեղեկացել է նոտար Ելենա Սարգսյանի ապօրինի գործողությանն ու իր իրավունքների խախտմանը միայն դատական պրոցեսի ընթացքում, երբ դատարանում հայտնվել է նոտար Ելենա Սարգսյանի կողմից կազմված գործը, եւ հենց այդ պատճառով էլ ներկայացված հայցի հիմքը փոխվել է, եւ մի քաղգործը բաժանվել է երկու մասի։

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում նոտարները գերազանցել են իրենց լիազորությունների շրջանակը եւ կեղծ գործեր կազմել։ Նոտար Մարինե Սարգսյանն էլ կատարել է այլ նոտարի վերապահված գործողություն՝ առանց որեւէ հիմնավորման ու հրահանգի, օդի մեջ ժխտելով ինչ-որ չեղած կամ եղած բաներ, արհամարհելով թե՛ նոտարիատի մասին եւ թե՛ քաղօրենսգրքի այն բոլոր օրենքները, որով կազմել է իրեն չվերաբերող նոտարական կեղծ գործը։ Հնարավորինս ձգձգելով նաեւ այս գործի քննությունը, մերժելով հայցորդի միջնորդություններն ու հետեւողական չլինելով ներկայացված միջնորդությունների դատական կարգով լուծմանը, ինչպես նաեւ մերժելով հայցորդի կողմից դատավորի հանդեպ անվստահությունն ու ինքնաբացարկի պահանջը, բոլոր ակնառու եւ ապացուցված փաստերից հետո, երբ պատասխանող կողմ Մարինե Սարգսյանը բազմաթիվ ծանուցումներից հետո չի ներկայացել որեւէ դատական նիստի, իսկ վերջում պատճառաբանել, թե հիվանդ է, երբ ո՛չ հայցորդը, ո՛չ պատասխանող կողմերից որեւէ մեկն այլեւս նպատակահարմար չեն համարել ձգձգել առանց այն էլ ձգձգված դատական գործընթացը, այս դեպքում եւս, դատական վերջին նիստից հետո, կիսատ-պռատ եւ կամայական ներկայացնելով գործի առնչությամբ փաստերը, անգամ ի հայտ բերելով այնպիսի փաստեր, որ դատավարության ընթացքում առհասարակ ներկայացված չեն եղել դատավորի կողմից, ինչը պարտավոր էր անել դատավորը ժամանակին, Լիզա Գրիգորյանը նորից խաղացրեց իր «կոզրի տուզը»՝ որոշում կայացնելով վերսկսել հիշյալ քաղգործով քննությունը։ Ահա, այս որոշումն ընթերցելուց հետո էր, որ ի պատասխան հայցորդի զայրույթի, Լիզա Գրիգորյանն ինքնավստահ հայտարարեց. «Գնա, ում ուզում ես, ուր ուզում ես՝ բողոքի»։ 

Իհարկե, նրա ինքնավստահությունը հիմքեր ունի, քանի որ շատ լավ գիտի, որ վերաքննիչի նախագահող դատավոր Ա. Պետրոսյանը կգոռգոռա հայցորդի վրա՝ ճնշելով նրա արտահայտվելու իրավունքը, եւ իր անձնակազմով չի խորանա գործի քննության մեջ ու գործընկերոջ՝ Լիզա Գրիգորյանի կայացրած որեւէ ապօրինի վճիռ չի փոխի, իսկ վճռաբեկի 10 հոգանոց անձնակազմն էլ՝ Ռ. Հակոբյանի նախագահությամբ, հայցը վարույթ չընդունելու ձեւը կգտնի։ Իսկապես, այս կատարյալ մեխանիզմը գործի դնող դատավորների աստիճանական կոհորտայի անօրինական գործողությունների դեմ ո՞ւմ բողոքի քաղաքացին, ո՞ւմ վրա հույսը դնի... Թերեւս միայն Աստծո՞, թե՞ հրաշք հանգամանքների...


Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ