Քաղաքական պահմտոցի. Պառա յա՜, բացեցի՜, ում որ տեսա…

Քաղաքական պահմտոցի. Պառա յա՜, բացեցի՜, ում որ տեսա…

2018թ․ իշխանափոխությունից հետո հայաստանյան իշխանություններն ու իրավապահները կարծես զբաղված լինեն պահմտոցի խաղալով. նախ հայտարարում են, որ այսինչ նախկին պաշտոնյան կամ գործարարն ինչ-որ գլխից մեծ հանցանք է գործել, եւ հանրության մեջ արթնացնում են հանցագործին պատժելու սպասումներ: Ավելի կտրուկ քայլերի կողմնակիցներն ու ռադիկալներն ընկնում են սպասումների մեջ, որ էսա՝ «վիշապի» գլուխներից մեկը Փաշինյանը կտրելու է: Այդ հրապարակավ հայտարարությանը հաջորդում է տվյալ մարդու՝ Հայաստանից դուրս գալը տարբեր պատրվակներով, նաեւ՝ «առողջական խնդիրներ» լուծելու: Նրա դուրս գալուց հետո միայն տվյալ գործի շուրջ սկսվում են իրավական գործընթացներ, եւ հետախուզում է հայտարարվում: Տպավորություն է, թե մեր իրավապահները մանկական պահմտոցիի նման փակում են աչքերը, հաշվում մինչեւ տասը եւ սպասում, որ խաղընկերները լավ, «պինդ» թաքնվեն: Հետո նոր սկսում են «հերոսաբար» փնտրել իրենց խաղընկերներին: Այդպիսի դեպքեր «թավշյա» Հայաստանում շատ են: 

Օրերս ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նեղսրտել էր, թե շատ գործեր լրագրողների մեղքով չեն բացահայտվում, քանի որ ժամանակից շուտ աղմուկ են բարձրացնում ու ձախողում իրենց օպերացիան: Թավշյա Հայաստանում, այո, նման դեպքերը քիչ չեն, որ լրագրողն իրավապահներից առաջ է ընկնում ու աղմուկ բարձրացնում դեպքի մասին: Բայց այդ լրագրողն արդեն նախկի՛ն լրագրող է, նա այլեւս ՀՀ վարչապետ է: Բերենք օրինակ.

2018 թ․ հոկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու: Թե ինչու վարչապետն իրավապահներից առաջ ընկավ եւ այդ «աչքալուսանքն» առաջինն ինքը տվեց՝ առանց իրավական գործընթացները սկսվելու, կարելի է կապել նրա լրագրողական մասնագիտության հետ՝ հետաքրքիր լուրն առաջինը հայտնելու մոլուցքով: Իսկ մինչ հասարակությունը, լրագրողական համայնքը սկսեցին գուշակություններ անել, թե խոսքն ում մասին է, Արամ Հարությունյանն զգաց իրեն սպառնացող  «աղետը» եւ անհետացավ «ռադարներից»:

Նախ՝ լուրեր շրջանառվեցին, թե նա դուրս է եկել հանրապետությունից, հետո մամուլը գրեց, թե Հայաստանում է: Հիմա էլ իրավապահները, քափ ու քրտինք մտած, Հայաստանում «բուլկի» են «փնտրում», չեն գտնում: Մինչդեռ այդ ամենը կարելի էր անել գրագետ, անաղմուկ եւ անակնկալ: Հիշեցնենք, որ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունից հետո Գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, Սիլվա Համբարձումյանից պահանջել եւ միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ հանքերի ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու եւ հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելու համար»: Հարությունյանը չի ընդունում  առաջադրված մեղադրանքը:

Ըստ մամուլի հրապարակումների, իրավապահները հստակ ինֆորմացիա ունեն, որ նա թաքնվել է Հայաստանում, եւ խուզարկություն են իրականացրել նաեւ նրա նախկին օգնականի բնակարանում, որն այդ քրեական գործի շրջանակներում մի քանի անգամ հարցաքննվել է: 

Պահմտոցի է հիշեցնում նաեւ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի գործը. մինչ իրավապահները կրիմինալ «կինո» էին նկարում՝ «Սաշիկ եւ որդիներ» վերնագրով, Սաշիկին փռում մեքենայի դիմահատվածին, ձեռքերը ոլորում, տանում մեկուսարան, բերում, նրա որդին՝ Նարեկը, ով քրեական գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, հասցնում է Հայաստանից ճողոպրել, նրա նկատմամբ հայտարարվում է միջազգային հետախուզում: Հիշեցնենք, որ 2018-ի հուլիսի 4-ին ԱԱԾ-ն շուրջ 9 ժամ խուզարկել էր Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի՝ Երեւանի Թումանյան 11 հասցեում գտնվող բնակարանը, ինչից հետո՝ ուշ երեկոյան, Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ:

Ավելի ուշ հաղորդագրություն տարածեցին՝ նշելով, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ: Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս գործով Նարեկ Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ, եւ հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին` միջազգային հետախուզում։ ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում եւ նրա հոր բնակարանում խուզարկությամբ հայտնաբերել էր գումար, թմրանյութ եւ Մարտիրոս Սարյանի նկարները, որոնք Սարգսյանը, ըստ ԱԱԾ հաղորդագրության, ստացել է Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելով: Նարեկը կարողացավ ճողոպրել Հայաստանից, հայտնվեց Չեխիայում եւ դարձավ Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալես: Հիմա մեր իրավապահները շունչները պահած սպասում են, թե չեխ իրավապահները երբ կհանձնեն «Գոնսալեսին» եւ կհանձնե՞ն արդյոք: 

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ասաց, որ Ազգային անվտանգության խնդիր է, քանի որ պաշտպանության նախկին նախարարն է կորել: Խոսքը պաշտպանության նախկին փոխնախարար Միքայել Հարությունյանի մասին էր: «Չի կորել, տեղը գիտենք»,- ասաց Վանեցյանը: Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց, որ նա պետք է վերադառնա Հայաստան եւ պատասխանի նախաքննական մարմնի հարցերին․ «Երկիրը լքածներին պետք է հասկացնել, որ Հայաստանը պետություն է, եւ պետությունում բոլոր օրենքները գործում են: Մենք հասկացանք, որ Հայաստանում եղել են մարդիկ, ովքեր ունեցել են լիզենցիա՝ կողոպտելու, մարդ խփելու, եւ անպատիժ են մնացել: Կարծում եմ, որ գոնե այս պահին անպատիժ լինելու հնարավորություն չկա»:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Միհրան Պողոսյանը, ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել օֆշորի քրեական գործի վարույթը, մինչդեռ 2017 թվականին քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։

Այս տարվա մարտի վերջին Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չի ներկայացել՝ պատճառաբանելով, թե արտերկրում է։ Թեեւ ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Միհրան Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության, սակայն պարզվեց, որ նման մտադրություն նա չունի, դեռ մի բան էլ քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից։ Ապրիլի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը եւ որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։ Պողոսյանը հայտնաբերվեց Ռուսաստանի Կարելիայի Հանրապետությունում եւ ձերբակալվեց, ապա կալանավորվեց՝ Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների համագործակցության արդյունքում:

Հետո նրան բաց թողեցին, եւ նա շարունակում է մնալ անպատիժ, թեեւ ՀՀ իրավապահները դեռ սպասում են, որ ռուսական իշխանությունը նրան արտահանձնելու է: 
Այս ցանկը կարելի է շարունակել: Սակայն հիշեցնենք, որ քաղաքական ամենամեծ պահմտոցին Հայաստանում խաղացել են մոտ 20 տարի առաջ, երբ այն ժամանակվա իշխանությունների «քթի տակից» անհետացավ Վանո Սիրադեղյանը, ու մինչեւ օրս նրան «չեն կարողանում» գտնել ո՛չ հայաստանյան, ո՛չ միջազգային իրավապահ մարմինները: Այդ ժամանակվա իշխանությունը պահմտոցին պարզապես մեկ հոգու հետ խաղաց, իսկ հիմա խաղացողները շատ են…