Պատռե՞լ, սրբագրե՞լ, թե՞ սերտել 44-օրյա պատերազմի մասին հայոց պատմության դասագրքի էջը

Պատռե՞լ, սրբագրե՞լ, թե՞ սերտել 44-օրյա պատերազմի մասին հայոց պատմության դասագրքի էջը

Արցախի անկախության 30-ամյակը նշվեց գլխահակ՝ առանց տոնականության եւ Հայաստանի իշխանության մասնակցության: Մի քանի շաբաթից էլ Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձն է՝ դարձյալ առանց տոնի զգացողության։ Առհասարակ, պետական տոնացույցի բոլոր հիշարժան օրերն իմաստափոխվել են, դժվար է անգամ հասկանալ՝ այդ տոներն ի՞նչ խորհուրդ ունեն իրենց մեջ, եթե մեզ առժամանակ զրկել են հպարտության եւ արժանապատվության զգացումներից։

Օրինակ, ինչպե՞ս են այսուհետ նշվելու Հունվարի 28-ը, Մայիսի 9-ը եւ Սեպտեմբերի 21-ը։ Պարտությունից հետո բանակի օրն այս տարի առաջին անգամ վերափոխվեց հազարավոր հերոս հայորդիների թարմ շիրմաթմբերին զանգվածային այցելությունների օրվա, իսկ Շուշիի ազատագրման եւ «Երկրապահի» հիմնադրման օրն անցկացվեց առանց Շուշիի եւ այն ազատագրած Կոմանդոսի, «Երկրապահի» հարմարվողական եւ անպատիվ վիճակով։
Թերեւս ծանր է լինելու հայոց պատմության, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների բեռը։ Դժվար է պատկերացնել, թե ինչ են նրանք պատմելու միջին եւ ավագ դպրոցների իրենց սաներին, ինչպես են փորձելու «արդարացնել» մեր վերջին անփառունակ պարտությունը, ինչ բացատրություն են բերելու վերջին մի քանի հարյուրամյակում հայության ամենապանծալի հաղթանակի իսպառ զրոյացման հարցում։

Հայոց պատմության ավագ դպրոցի դասագրքերում անթաքույց հպարտությամբ խոսվում է արցախյան ազատամարտի, Շուշիի ազատագրման եւ մեր նորօրյա փառավոր հաղթանակների մասին։ Անվանի զորահրամանատարներից առանձնակի ներկայացված են գեներալ-գնդապետներ Միքայել Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի հերոսական ուղու դրվագները։ Ուշագրավ զուգադիպությամբ՝ երեք գեներալ-գնդապետներն էլ վերջին երեք տարում քրեական հետապնդման են ենթարկվում։

Ինչպե՞ս են խմբագրվելու պատմության դպրոցական դասագրքերը, մի քանի տարի անց ի՞նչ են սովորեցնելու մեր դպրոցներում, ինչպե՞ս է գրվելու հայոց պատմության 2020 թվականի էջը մեր դասագրքերում։ Մշտապես մեծ է գայթակղությունը՝ ակտուալ գնահատական տալու կատարվածին, թեեւ փորձը ցույց է տալիս, որ միայն որոշակի ժամանակ անցնելուց հետո է հնարավոր սթափ եւ իրատեսորեն գնահատել կատարվածի մասշտաբը։ Այս դեպքում հարկ է ասել՝ միայն իշխանափոխության դեպքում կարող է ճշմարտությունը գրվել դասագրքերում (եւ առհասարակ՝ հայտնի դառնալ լայն հանրությանը):

Ուշագրավ է, որ 2018-ի իշխանափոխությունից հետո նորելուկ հեղափոխականների առաջին քայլերից մեկը հայոց պատմության դպրոցական դասագրքերի նորագույն փուլի խմբագրումն էր, որն իր բնույթով լենինյան ոճն է հիշեցնում։ Թերեւս արժանին մատուցելով իրենց համար ճանապարհները փակած դպրոցականներին՝ իշխանությունն շտապեց դասագրքերի բովանդակությունը փոփոխելով՝ աշակերտներին տեղեկացնել, որ «թավշյա հեղափոխությամբ հայ ժողովուրդն ազատվեց բռնապետությունից, եւ սկսվել է իրականում ազատ, արդար, ժողովրդավար եւ ինքնիշխան պետության կայացման գործընթացը»։

Ամենասարսափելի արձանագրումը, սակայն, տիեզերական մասշտաբի այդ սուտը չէ, այլ այն, որ այդ դասագրքային ձեւակերպման հեղինակն ակադեմիական պատմաբաններ են՝ Գիտությունների ազգային ակադեմիայից եւ Երեւանի պետական համալսարանից։ Ի դեպ, այն նույն հեղինակային կազմը, որը 2018-ից հետո ինչ-որ հրաշքով «վերանայեց» նաեւ Մարտի 1-ի մասին նախկինում արված ձեւակերպումներն ու խմբագրեց դրանք։

Եվ ավագ դպրոցի աշակերտը մի կողմից իր պատմության դասագրքում կարդում է առաջին արցախյան պատերազմի, ապա եւ «թավշյա հեղափոխության» պատմականության մասին դասագրքային տեքստը, ապա արձանագրում, որ հենց այդ «պատմականության» արդյունքում Արցախի մեծագույն մասի եւ հաղթանակների մասին արդեն իսկ խոսում է անցյալով։

Դավիթ Սարգսյան