Մինչեւ հիմա հիշում եմ իմ տատիկի վիրավորանքն ու նրա ապրած շոկը

Մինչեւ հիմա հիշում եմ իմ տատիկի վիրավորանքն ու նրա ապրած շոկը

Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու մասին լուրերն ու խոսակցությունների ձայնագրությունը, որում տնօրենն ու կաշառատու ուսուցչուհին «ռազբորկա» են անում, թե ով ում ինչի համար ինչքան է տվել, լայնորեն քննարկվում է հենց 122-րդ դպրոցի շրջանավարտների շրջանում։

Դպրոցն այս, որը ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի անունն է կրում, խորհրդային շրջանում բարի համբավ է ունեցել։ Երեւանի ամենալավ ռուսական դպրոցներից էր, որտեղ կար յուրօրինակ կոլորիտ, մթնոլորտ եւ ամեն տարի բուհ ընդունելության բարձր ցուցանիշ։ Ուստի վերջին իրադարձությունները 122-ի շրջանավարտները ցավով են ընդունել։  
 «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդվածը նրանք տեղադրել են իրենց փակ խմբում ու ակտիվորեն ինքնարտահայտվում են դրա տակ։ Ահա առավել հետաքրքիր մեկնաբանությունները։

Շատերը կարծում են, որ տնօրենը խայտառակել է անուն, հեղինակություն ունեցող դպրոցը, խաղացել է հայտնի կրթօջախի պատվի հետ։ Ոմանք մեղադրում են ե՛ւ տնօրենին, ե՛ւ ուսուցչուհուն, որը, ըստ ձայնագրության, նրան վճարել է դասաժամեր ունենալու համար ու ամեն ամիս «նալոգ» է մուծվել։ «Իսկ ինչո՞ւ ուսուցչուհուն չեն ենթարկում քրեական պատասխանատվության՝ կաշառք տալու համար։ Նա իրավունք չունի աշխատել դպրոցում»։ «Այն ամենը, ինչ նախկինում արժեք էր՝ պարտքի զգացումը, հոգատարությունը, նվիրվածությունը, այսօր տեղի է տվել։ Բիզնես եւ անձնական ոչինչ»,- գրում են ՖԲ օգտատերերը։

Աննա Գալստյանը, որը ստեղծել է Բլոկի դպրոցին նվիրված ՖԲ խումբը, գրում է․ «Ես դառնությամբ եմ դիտում, որ այս ողորմելիությունը շարունակում է կոչվել Բլոկի անվան 122-րդ դպրոց։ Այն ոչ մի ընդհանուր բան չունի մեր դպրոցի հետ»։

«Մեր խեղճ դպրոց։ Գիտելիքի տաճարից վերածվեցիր բազառի»,- գրում է շրջանավարտներից Անիտա Գյոզալյանը։ Նրանք նկատել են նաեւ, թե ինչ վուլգար խոսակցաոճ ունեն տնօրենն ու ուսուցչուհին, ինչը նկատելի է ձայնագրության մեջ։

«Տնօրենի եւ ուսուցչուհու կրթվածության աստիճանը մեծ հարցականի տակ է։ Արդյոք մեր մանկավարժներից որեւէ մեկը կխոսե՞ր այսպես, կօգտագործե՞ր նման բառեր ու խոսքի դարձվածքներ»,- հարցնում է Գայանե Գրիգորյանը։ 122-րդ դպրոցի հին ու հայտնի մանկավարժներից մեկի՝ Օֆելյա Եղիշեւնայի թոռնիկն էլ՝ Սուսաննա Կարապետյանը, հիշեցնում է, թե ինչպես է Մարինա Մալախյանը ժամանակին վիրավորել իր տատիկին՝ ներս չթողնելով դպրոց եւ դռան մոտից վռնդելով։ «Ես մինչեւ հիմա հիշում եմ իմ տատիկի վիրավորանքն ու նրա ապրած շոկը»,- գրում է Սուսաննան։

Ի դեպ, այս գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո ԿԳՄՍՆ-ն տնօրենի հավաստագիրը չեղյալ է արել եւ նրան ազատել պաշտոնից։