ԲԴԽ-ն Խաչատուրովի գործով դիմումն ուշացրել է` ՍԴ-ն վարույթ չի ընդունել

ԲԴԽ-ն Խաչատուրովի գործով դիմումն ուշացրել է` ՍԴ-ն վարույթ չի ընդունել

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի գործով դիմումը Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտը սահմանված ժամկետից ուշ է ուղարկել Սահմանադրական դատարան, ինչի պատճառով ՍԴ-ն այն վարույթ չի ընդունել։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։ Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար, սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը, եւ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գ. Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց, եւ վերջինս մինչ օրս կալանքի տակ է։ Հիշեցնենք նաեւ, որ, ըստ մեղադրանքի, Խաչատուրովի ընկերը ՊՆ-ին ոչ պիտանի զորանոց է սեփականացրել, որի իրական տեր դատախազությունը համարում է Խաչատուրովին: Եվ հորինված, ականջներից քաշած մեղադրանքով՝ հայտնի գեներալին, ով նաեւ 2020-ի հունիսին տավուշյան միջադեպի հերոսներից է, պահում է կալանքի տակ: Խաչատուրովն այս իշխանությունների նկատմամբ ամենակոշտ տրամադրված զինվորականներից էր եւ բազմիցս խոսել է Նիկոլ Փաշինյանի հեռանալու մասին ու հայտնվել նրա անձնական սեւ ցուցակում:

Դեռեւս ամռանը Գ. Խաչատուրովի գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշ հոդվածների սահմանադրականության հարցի առնչությամբ որոշել էր դիմել Սահմանադրական դատարան, օրենքը դատավորներին նման հնարավորություն է ընձեռում։ Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասաց, որ Մարաբյանը դիմել է ՍԴ, սակայն ՍԴ-ն վարույթ չի ընդունել նրա դիմումը։ Ենոքյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչ հոդվածների սահմանադրականության հարցով է դատավորը դիմել ՍԴ:

«Դատավարական մի քանի ընթացակարգային հոդվածներ կային, որոնցով մենք առաջին ատյանի դատարանի կողմից խախտումներ էինք արձանագրել, մեր վերաքննիչ բողոքում դրանց մասին նշել էինք, որ, օրինակ, նախնական դատական լսումների ընթացակարգը դատավորը չի պահպանում, առաջ է ընկնում` կալանքը տալիս, այնինչ պետք է բացարկը լսի, հերթականությունը պահպանի եւ այլն։ Այդ հարցերով դիմել էր ՍԴ, թե արդյո՞ք այդ հոդվածները սահմանադրական են։ ՍԴ-ն չէր ընդունել դիմումը, հետո, երբ հայտնի էր դարձել, որ վարույթ չի ընդունվել, որոշում կայացնելու պահին արդեն եւս մեկ անգամ Գրիգորի Խաչատուրովի կալանքը երկարացրեց։ Նույն որոշման մեջ նշել էր, որ Գրիգորի Խաչատուրովին վերագրվող փողերի լվացման հանցակազմը, դատարանի կարծիքով, առկա չէ»,- ասաց փաստաբանը։

Նրան հարցրինք, թե ինչն է պատճառը, որ Մարաբյանի դիմումը ՍԴ-ն վարույթ չի ընդունել։ «ՍԴ-ն գրեց, որ դիմումն ուշ ժամկետում է ստացվել, այսինքն՝ ժամկետի պահպանմամբ չի ուղարկվել, դրա համար վարույթ չընդունեց, այսինքն՝ ըստ էության չի քննել, բայց այդ ուշ ուղարկելն էլ Դատական դեպարտամենտի մեղքն էր, որովհետեւ քանի որ այս գործը գաղտնի նշագրումով է, ապա պետք է բոլոր փաստաթղթերը Դատական դեպարտամենտի միջոցով ուղարկվեին, դրա համար վարույթ չէին ընդունել»։ Ենոքյանին հարցրինք, թե ինչ ազդեցություն է ունեցել Վերաքննիչ դատարան դիմելը Խաչատուրովի գործի քննության ընթացքի վրա։

«Ըստ էության, մեղադրյալի իրավունքների ապահովման տեսանկյունից ոչ մի արդյունք էլ չունեցավ, որովհետեւ նախորդ նիստին մենք վերաքննիչի վկայակոչումներով միջնորդություն արեցինք, որ խափանման միջոցը վերացնեն, բայց առաջին ատյանի դատարանն անտեսեց այդ արձանագրումները եւ մերժեց մեր միջնորդությունը»,- ասաց Ենոքյանը։