Գևորգյանի ընտրությունը անցավ սցենարին խիստ համապատասխան

Գևորգյանի ընտրությունը անցավ սցենարին խիստ համապատասխան

Ինչպես և «Հրապարակը» գրել էր մեկ օր առաջ, երեկ նույն այդ  սցենարով ընթացավ ԵՊՀ հոգաբարձուների արտահերթ նիստը, որի օրկարգը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելն էր։ Առաջադրվել էին 2 թեկնածուներ՝ Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության  ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, և նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը։ Ձայների մեծամասությամբ, ինչպես և սպասվում էր, ընտրվեց Գեղամ Գևորգյանը, Քվեարկության արդյունքում  Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե Հովհաննիսյանը՝ 11 ձայն ։

Նիստն անցավ ելույթներով ու բանավեճերով, նախ սկսեցին վիճել, թե ո՞րն է ճիշտ, փա՞կ, թե՞ բաց քվեարկությունը, քաղաքագիտության դոկտոր Աթուր Աթանեսյանը նույնիսկ բաց քվեարկությունը  իրավունքների ոտնահարում համարեց։ Սակայն, այնուամենայնիվ, բաց քվեարկություն տեղի ունեցավ։ Ապա սկսվեց ելույթների հաղթարշավը, խոսեցին ՈւԽ ականներն ու նախագահ Դավիթ Ափոյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն էլ նրանց հիպերակտիվ անվանեց, ապա էստաֆետը փոխանցեցին «բարձրաստիճաններին», ելույթ ունեցան պատգամավորենր Հովհաննես Հովհաննիսյանն ու Համազասպ Դանիլյանը, որը իրեն չզսպեց ու նոտաներ հեղեց նախորդ օրը ԱԺ-ում ՍԴ անդամի թեկնածուի կարգավիճակ ունեցող Արթուր Վաղարշյանին, Դավիթ Գյուրջինյանն էլ հորդորեց այլևս ելույթ չունենալ և խնայել ժամանակը։ Այուամենայնիվ նիստը թեժ անցավ։ Գևորգյանին  նույնիսկ հակահեղափոխական անվանեցին, ինքն էլ ասաց, որ ժամանակին դռները փակել է Նիկոլ Փաշինյանի առջև, դրանից չի ամաչում, սակայն մարդիկ կային, որոնք իրենց աշխատասենյակում ծնկները դողացնում էին՝ այդպես ակնարկելով Արամ Սիմոնյանին․

« Այդ օրը եղել է միջադեպ, որի մի մասնակիցը ես եմ եղել , մեկը՝ վարչապետ, մյուսը՝ ԱԺ նախագահը, ԿԳ նախարարը։ Եվ կարծեք՝ որևէ մեկը, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա չունի նեղացվածություն, բայց մարդիկ, որոնք ոչ միայն չեն մասնակցել, այլ նաև խուսափել են մասնակցելուց, այսօր սկսում են հայտարարել հեղափոխական, հակահեղափոխական։ Ես կրկնում եմ, ես ոչ հեղափոխական եմ, ոչ էլ հակահեղափոխական, իմ ցանկությունը միշտ եղել է լինել գիտության և կրթության կազմակերպման մեջ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվել»,- ասաց Գևորգյանը լրագրողների հետ զրույցում՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ո՞ւմ նկատի ուներ։

«Հրապարակի» հարցին, թե վարչապետի խոսքը, որի համաձայն՝ ուսանողների առջև դուռ փակած ռեկտորները Հայաստանում անելիք չունեն, իրեն չի՞ վերաբերում, դա ճնշում չի՞ համարում, պատասխանեց, որ դա ընդամենը կարծիք է եղել․
«Բայց Արամ Սիմոնյանը ե՞րբ հրաժարական տվեց, իշխանությունների համար դժվար չէր լինի իրեն նույն օրը հեռացնել»,-ասաց  ռեկտորի նորընտիր պաշտոնակատարը։ 

Մենք գրել էինք, որ Գևորգյանը «լավ նախապատրաստություն էր տեսել» մինչև նիստը, նա հանդիպել էր խորհուրդը ներկայացնող պրոֆեսորադասախոսկան անձնակազմի հետ, նույնիսկ Արայիկ Հարությունյանին էր հանդիպել։ Հարցրինք, թե ո՞րն էր նպատակը այդ հանդիպումների․ «բարի նպատակներով»,- պատասխանեց Գևորգյանը․

« Ես Արայիկ Հարությունյանին առաջին անգամ տեսել եմ այստեղ, այնուհետև սեպտեմբերի 8-ին ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստին, և մի անգամ էլ աշնանը ինչ-որ մի պաշտոնական ընդունելության ժամանակ։ Ինձ աշխատանքից հեռացրել են այն բանի համար, որ ես համագործակցում եմ իշխանությունների հետ․ ակտիվ հանդիպում եմ Արայիկ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի և այլոց հետ։ Նման բան չկա, չի եղել, ես Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել եմ ինձ աշխատանքից հեռացնելուց 15 օր հետո»։ 

Գևորգյանի խոսքով՝ ինքը մարտի 12-ից հետո Արամ Սիմոնյանին չի տեսել, սակայն պատրաստվում է նրա հետ նորմալ աշխատել․

« Պաշտոնատար անձի պարտականությունների մեջ է մտնում բոլորի հետ աշխատել նորմալ, եթե մարդը չի կարող իր ենթակաների հետ շփվել, ապա նա որպես ղեկավար անելիք չունի, իսկ թե ինքը պատրաստակամ կլինի, իրեն հարցրեք»։

Հետաքրքիր էր Ուսանողական խորհրդի պահվածքը, մենք գրել էինք, որ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վահագն Վարագյանը հանդիպել էր Ափոյանի հետ և նրանք կոնսենսուսի էին եկել քվեարկել Գևորգյանի օգտին, բայց ուսանողները չքվեարկեցին, Ափոյանն էլ նիստի ընթացքում ելույթ ունեցավ և շատ հստակ, բաց տեքստով ասաց, որ սա ընտրություն չի համարում, և որ ամեն բան արդեն որոշված է կուլիսներում , նա նաև հարց տվեց խորհրդին, թե ԵՊՀ-ում միակ մեղավորը Արամ Սիմոնյա՞նն էր, միակ պատասխանատուն նա՞ էր։ Գևորգյանին հարցրինք, թե ինչո՞ւ էր Ափոյանը նման պնդումներ անում, ճնշումնե՞ր են եղել ՈւԽ-ի վրա․

« Ես պարոն Ափոյանի խոսքերի մեկնաբանը չեմ, խնդրում եմ իրեն հարցրեք, թե ինչու է նա այդպես ասել։ Ես համաձայն չեմ նախարարի այն պնդումների, որ համալսարանը 15 տարի առաջ չի գնացել, գուցե այնքան չի առաջ գնացել, որքան պետք է առաջ գնար, հաստատ ինչ-որ բաներում թերացել ենք, բայց դա քննարկման բան չէ, մեր անելիքը պետք է միտված լինի ապագային, ոչ թե նախկինում ինչ չի արվել»։

Գևորգյանը, պատասխանելով մեր հարցին, անդրադարձավ իր, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի, գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանի, և պատգամավոր Հովհաննես Հովհաննիսայնի  հարաբերություններին։ ԵՊՀ-ում տեղեկություններ կային հստակ, որ վերջիններս աջակցում են Գևորգյանին, Գևորգյանը դա չհերքեց․

«Պարոն Հովհաննիսյանին հանդիպել եմ մի քանի անգամ, եթե նա լավ է վերաբերվում իմ թեկնածությանը, ուրեմն ես շնորհակալ եմ իրեն, ինչ վերաբերում է Սմբատ Գոգյանին, ապա նա 2004 թվականից ճանաչում է ինձ, 2004-ին նա ավարտեղ ֆիզիկայի ֆակուլտետը, որից հետո ես, նկատելով այդ տաղանդավոր երիտասարդին, ամեն կերպ աջակցել եմ, և նա իրեն դրսևորել է որպես հասուն մարդ, հասուն գիտնական։ Երևի այդ շփումների աչդյունքն էր, որ նա այսօր տվեց այդ գնահատականը»։

«Հրապարակը» նաև տեղեկություններ ուներ, որ Գևորգյանը բաժնեմասեր ունի «Էվոկաբանկում», նա սա նույնպես չհերքեց։ Հարցրինք, թե այդ դեպքում ի՞նչ է անելու դրանց հետ, չէ՞ որ օրենքը պետական պաշտոնատար անձանց արգելում է բիզնես գործունեությամբ զբաղվել․

« Բաժնետոմսերը ոչ մի բիզնես կառավարում չի ենթադրում, ես տարվա վերջում ստանալում եմ իմ փայը», -ասաց Գևորգյանը։