Եթերներից  «սփռվելու» փոխարեն՝ հանգիստ նստեք տեղներդ․ Ն․Զոհրաբյանը՝ «լժեհայրենասերներին»

Եթերներից  «սփռվելու» փոխարեն՝ հանգիստ նստեք տեղներդ․ Ն․Զոհրաբյանը՝ «լժեհայրենասերներին»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ ողջ կազմով, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Արցախում էր, որտեղից վերադարձել են երեկ և որտեղ հանդիպումներ են ունեցել Արցախի նախագահի,  խորհրդարանի պատգամավորների, այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ։ Այս ընթացքում, հենց Արցախից, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բավականին զգացմունքային գրառում էր կատարել, ուղղված, իր ձևակերպմամբ, վերջին շրջանում էբոլա վիրուսի նման ակտիվացած լժեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն ՝ տարածքների դիմաց»  թեզը, և՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը:

Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցեցինք Արցախ կատարած այցի արդյունքների մասին։

-Տիկին Զոհրաբյան, հանդիպել եք Արցախի նախագահի, պատգամավորների, պետական այլ կառույցների մարմինների հետ։ Արցախում մտահոգություններ կա՞ն հակամարտության կարգավորման վերաբերյալ։

 -Պատահական չէր իմ գրառումը, որովհետև վերջին շրջանում ինչ-որ շատ տարօրինակ կերպով ակտիվացել են տարատեսակ կեղծ ինչ-որ խաղաղասերներ, ովքեր շրջանառության մեջ դնում են այդ՝ շատ վտանգավոր «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» թեզը։ Սա միանգամայն անընդունելի և վտանգավոր թեզ է, և երեկ Գերմանիայում վարչապետի՝ Փաշինյանի ու Մերկելի հանդիպման ժամանակ գոնե իմ  մտահոգություններն այդ առումով ցրվեցին Փաշինյանի՝ Արցախի հակամարտության խնդրի վերաբերյալ  բավականին կոշտ և բավականին սթափ գնահատականից։
 Եվ հույս ունեմ, որ նորակոչիկ-խաղասերները, որ ինչ-որ նոր խաղաղասիրական «թրենդի» մեջ՝ ինչ-որ սպիտակ դրոշներ առած ՝ ողողել են բոլոր եթերները, խորհուրդ եմ տալիս եթերներից սփռվուց առաջ վերընթերցեն Ալիևի ու Ադրբեջանի քաղաքական էլիտայի հայտարարությունները։ Եվ, առհասարակ, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: 

-Արցախի իշխանություններից ի՞նչ այլ ուղերձներ ստացաք և փոխանեցիք։

-Նոր խորհրդարանում մեր խմբակցության առաջին այցը, բնական է, որ պետք է լիներ Արցախ, որտեղ խորհրդարանում շատ բովանդակալից քննարկումներ ունեցանք, մի քանի առանցքային պայմանավորվածություններ ձեռք բերեցինք հետագա համագործակցության հետ կապված։ Մասնավորապես, առաջիկայում ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի և Արցախի պետաիրավական հանձնաժողովը, որի գործառույթների մեջ է նաև մարդու իրավունքների պաշտպանությունը, համատեղ նիստ կանցկանցնեն․ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում քննարկվում է, որպեսզի մշակենք «ճանապարհային քարտեզ» միջազգային հարթակներում շատ ավելի գրագետ, ճշգրիտ ու թիրախավորված ներկայացնելու Արցախում մարդու իրավունքի խնդիրը, որը չպիտի դուրս մնա միջազգային հանրության ուշադրությունից, որովհետև միջազգային բազմաթիվ կոնվեցիաներով հստակ արձանագրված է, որ անկախ պետության ճանաչված կամ չճանաչված լինելուց, մարդու կրթություն ստանալու, առողջությունը պահպանելու և բազմաթիվ այլ իրավունքներ պիտի լինեն հարգված և պաշտպանված։

Հանդիպեցինք Արցախի նախագահի հետ,  երկար՝ 2 ժամից ավել  բավականին բովանդակալից քննարկում ենք ունեցել բազմաթիվ խնդիրների շուրջ։ Բնականաբար, եղանք զորամասերում, առաջնագծում, լսեցինք զինվորների, սպայական անձնակազմի խնդիրները, որոնց մասին այս պահին չեմ բարձրաձայնի, բայց առաջիկայում որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ պատրաստվում եմ հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ՝ զինվորների ու սպաների այդ մտահոգությունները նրան փոխանցելու համար։ Հույս ունեմ, որ դրանք անլուծելի խնդիրներ չեն, և դրանց օպերատիվ լուծումներն անպայման կգտնենք։