Իշխանությունը լեգիտիմության խնդիր ունի․ ՀՀ-ում կարող են լինել արտահերթ ընտրություններ

Իշխանությունը լեգիտիմության խնդիր ունի․ ՀՀ-ում կարող են լինել արտահերթ ընտրություններ

Սեպտեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի ընտրական իրավունքի դասախոս, ընտրությունների հարցով Եվրախորհրդի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

- Վերլուծելով ընտրությունների արդյունքները, Ձեր կարծիքով, այս պահին կա՞ն հաղթողներ կամ պարտվողներ․ այսինքն՝ ընդդիմությո՞ւնը հաղթեց իշխանությանը, թե՞ իշխանությունը՝ ընդդիմությանը։

- Ընտրությունների արդյունքներն առաջինը ցույց տվեցին, որ մեծ հիասթափություն կա երեւանցիների մոտ՝ ընդհանրապես քաղաքական համակարգերի, ընտրությունների եւ ընտրական համակարգի հետ կապված, որովհետեւ մասնակցության տոկոսն աննախադեպ ցածր է այս անգամ։ Երկրորդը․ պետք է ասել, որ իշխող կուսակցությունը, չնայած ակնհայտ վարչական ռեսուրսի օգտագործմանը, կարելի է ասել՝ համատարած օգտագործմանը, որովհետեւ ինքս, բացի մասնագետ լինելուց, դիտարկումներ անելու համար նաեւ որպես անկախ դիտորդ էի մասնակցում այս ընտրություններին, ռեսուրսներն օգտագործելով հանդերձ՝ չկարողացավ գոնե իր նվազագույն նպատակին հասնել, այսինքն՝ նույնիսկ կոալիցիայով իշխանությունը պահել։ Երրորդը․ Երեւանի ավագանին այս անգամ շատ խայտաբղետ եղավ, այսինքն՝ այնտեղ հստակ ջրբաժան, թե ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն, ով կարող է վաղը լինել ընդդիմություն կամ իշխանություն, շատ դժվար է ասել, եւ առաջիկա զարգացումները դա ցույց կտան։ Չորրորդ հետեւությունը, որը կարելի է անել, այն է, որ, ըստ էության, ամբողջ Հայաստանով մեկ իշխանության լեգիտիմությունը դրվեց հարցականի տակ, ինչը լրացուցիչ հույս է արթնացնում ընտրողների մոտ, որ ընդհանրապես կարելի է ընտրություններով Հայաստանում իշխանության վրա ազդել։

- Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ասում էին, որ իրենց երկու ձեռքը կկտրեն, բայց ընտրություններ չեն կեղծի։ Կարո՞ղ ենք ասել, որ այս ընտրությունները չկեղծված, ժողովրդավարական ընտրություններ էին։

- Ոչ։ Ես 15 տարուց ավելի ընտրական գործընթացներին մասնակցում եմ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ եղել եմ 10-ից ավելի անգամ միջազգային դիտորդ՝ տարբեր երկրներում։ Ես կարող եմ ասել, որ այս ընտրություններն իրենց կազմակերպման մակարդակով, ըստ էության, որակապես չէին տարբերվում նախորդ ժամանակաշրջանի ընտրություններից, այսինքն՝ մինչեւ 2018 թվականը կազմակերպված ընտրություններից, որովհետեւ այստեղ վարչական ռեսուրսի էական օգտագործման օրինակներ կային՝ ուղղորդման դեպքեր։ Ընտրակաշառքի մասին չեմ կարող ասել, բայց ուղղորդում հստակ կար։ Տեսեք՝ Երեւանում մի քիչ դժվար է դա անելը, որովհետեւ կրթական ցենզը միջին հանրապետականից բարձր է, բայց եթե Դուք Կենտրոնից դուրս գայիք, ապա Կենտրոնից հեռու վարչական շրջաններում դա հստակ երեւում էր եւ հատկապես այն տեղամասերում, որտեղ մասնակցության տոկոսն է մեծ եղել, հենց այդ տեղամասերում իշխող կուսակցությունը շատ ձայներ է հավաքել։ Դա նշանակում է, որ մասնակցությունը պայմանավորված է եղել ուղղորդմամբ եւ ընտրողներին ընտրատեղամասեր բերելով։

- Եթե նայենք ավագանի անցած քաղաքական ուժերի ներկապնակը, որը Դուք խայտաբղետ բնութագրեցիք, հնարավոր կոալիցիաներ տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով նաեւ ուժերի հայտարարությունները։

- Քարոզարշավի առաջին իսկ օրվանից սկսած՝ բոլորը մի կոալիցիայի մասին գիտեին, դա «Հանրապետություն» կուսակցության եւ իշխող ՔՊ-ի կոալիցիան էր, եթե «Հանրապետությունն» անցներ, ինչը շատ բնական է, որովհետեւ նրանք՝ այդ երկու քաղաքական ուժերը, անցած համատեղ ուղի ունեն։ Եթե անցներ, ապա «Լուսավոր Հայաստանը» կարող էր միանալ այդ կոալիցիային։ Մնացած երեք քաղաքական ուժերն իսկապես շատ խայտաբղետ են։ Նույնիսկ կարելի է ասել, որ նույն քաղաքական ուժի մեջ կա այդ խայտաբղետությունը, այսինքն՝ տարբեր մտածելակերպի, տարբեր ուղի անցած մարդիկ, եւ այստեղ խոսել միահամուռ որոշումների կայացման, միակարծիք լինելու մասին, կարծում եմ, ոչ միայն շատ վաղ է, այլեւ այդպես չի էլ լինելու։ Իմ կանխագուշակումը հետեւյալն է․ նույնիսկ եթե ձեւավորվի կոալիցիա, որն ընտրի քաղաքապետ՝ նոր արտահերթ ընտրություններից խուսափելու համար, ապա այդ կոալիցիան երկար կյանք ունենալ չի կարող։

- 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից մինչեւ կիրակի օրը Երեւանի ՏԻՄ ընտրություններ եղած ժամանակահատվածը վերլուծելով եւ հիշելով նաեւ բազմաթիվ խոշոր համայնքներում ՔՊ-ի կրած պարտությունները, կարո՞ղ ենք ասել, որ ՔՊ-ն Հայաստանում այլեւս վարկանիշ չունի։

- Միանշանակ կարելի է ասել, որ ՔՊ-ն Հայաստանում լեգիտիմության խնդիր արդեն ունի, բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ ՔՊ-ի վարկանիշը 15 տոկոսի սահմաններում էր վերջին շրջանում, եւ այս ընտրությունները եկան դա եւս մեկ անգամ հավաստելու, որովհետեւ մոտ 15-20 տոկոս գնահատվում է վարչական ռեսուրսի ուժը Հայաստանի ընտրություններում։ Այսինքն՝ մենք մոտավորապես ստանում ենք նույն պատկերը՝ եթե առանց որեւէ ռեսուրսի օգտագործման ընտրություններ լինեին, ապա ՔՊ-ն Երեւանում կունենար առավելագույնը 15 տոկոս, իսկ ՀՀ-ի ամբողջ մասշտաբով՝ ամենաշատը 20 տոկոս ձայն, այս ընտրությունները դա էլ հաստատեցին։ Այո, ՔՊ-ն լեգիտիմության խնդիր անպայման ունի, եւ զարգացումները կարող են բերել նրան, որ Հայաստանում լինեն արտահերթ ընտրություններ։ Ամեն դեպքում, դրա համար նախապայման ստեղծեցին հենց Երեւանի ընտրությունները։