«Հրապարակ». Ռուսաստանն ամենակարող չէ, եւ հարց է` Բաքուն կլսի՞ Ռուսաստանին

«Հրապարակ». Ռուսաստանն ամենակարող չէ, եւ հարց է` Բաքուն կլսի՞ Ռուսաստանին

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին եւ Ադրբեջանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը տեղյակ է եղել իրենց ռազմական գործողությունների մասին` նախապես ադրբեջանական կողմը տեղեկացրել եւ, ըստ էության, համաձայնություն է ստացել, որ «հակաահաբեկչական գործողություն իրականացնի» Արցախում, «Հրապարակի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովն ասում է․ «Ռուսաստանը դեմ է պատերազմին, դեռ հայտնի չէ, թե Բաքուն ինչու է նման բան ասում»: Կոլերովը պատասխանում է այն մեղադրանքներին, որ ռուսները չեն կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթով որոշված իրենց պարտականությունները, իսկ ռուս խաղաղապահները դիտորդի դեր են ստանձնել Արցախում: Նա ասում է, որ ռուս խաղաղապահներն իրենց աշխատանքը պատշաճ կատարում են, իսկ Ադրբեջանը կեղծիք է տարածում։ «Խաղաղապահների նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերին պաշտպանելն է: Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտում իրականացնել, սակայն խաղաղապահներն ամեն գնով փորձում են նրանց կանգնեցնել»,- նշում է Կոլերովը:

Ռուս քաղաքագետն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը բավականին բարդ է, բայց շեշտում է, որ Հայաստանի Հանրապետության կեցվածքը վտանգավոր է, իսկ Ռուսաստանն ամենակարող չէ: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղը պետք է Նիկոլ Փաշինյանից անկախ գործի, քանզի Փաշինյանն իր ձեռքերը լվացել է Ղարաբաղի հարցից: Մեր հարցին, թե Ռուսաստանն այս պարագայում իրեն չի դրսեւորում որպես ռազմավարական դաշնակից, ինչը Հայաստանում կարող է հերթական հակառուսական ալիքը բարձրացնել, իրենց դա չի՞ անհանգստացնում, Կոլերովն ասաց. «Ձեր դեմագոգիան վաղուց է հայտնի, սակայն այն պետք է օգտագործել ընդդեմ հազարավոր դասալիքների, որոնք 2020 թվականին ոչինչ չարեցին: 2020 թվականին հայկական բանակն ունեցել է հազարավոր դասալիքներ, սակայն այդ մասին, կարծես, քչերն են խոսում: Հայ ժողովուրդը լռում է ամենակարեւոր հարցերի մասին, այդ իսկ պատճառով հայերի խոսքը կորցրել է իր արժեքը: Ռուսաստանն ամենակարող չէ, այսօր-վաղը հստակ կլինի՝ ռուսական կողմը կարո՞ղ է կանգնեցնել պատերազմը, թե՞ չի կարող: Լեռնային Ղարաբաղն այսօր այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ պարզապես չի կարող կախված լինել Հայաստանից եւ Նիկոլ Փաշինյանից: Ամեն դեպքում, դեռ հարց է՝ Բաքուն կլսի՞ Ռուսաստանին, թե՞ ոչ»: