Քաղաքականություն

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կա՛մ մեծագույն հիմար է,  կա՛մ պետք է ասի՝ ով է իրեն համոզել

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կա՛մ մեծագույն հիմար է,  կա՛մ պետք է ասի՝ ով է իրեն համոզել

Երեկ, ցավոք սրտի, իրականություն դարձան վերջին ժամանակների այն չարագուշակ կանխատեսումները, որ Հայաստանին ու Արցախին նոր պատերազմ է սպասվում։ Այս կանխատեսումների հիմքում, իհարկե, գործող իշխանությունների վարած քաղաքականությունն էր․ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունից ամիսներ անց Փաշինյանի գործողությունները քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներին հուշում էին, որ այն, ինչ չի հաջողվում թղթով հանձնել, անելու են պատերազմով: Ինչի համար Փաշինյանն ու իր խմբակը դանդաղորեն «բարենպաստ» պայմաններ էին ստեղծում՝ դաշնակից պետության նկատմամբ դեմարշներ անելով, մերձենալով Թուրքիայի եւ նրա դաշնակիցների հետ: Եթե դրան գումարենք նաեւ այն փաստը, որ վերջին շաբաթներին Հայաստանի եւ Արցախի սահմաններին զորք է կուտակվում, ապա պատկերը կամբողջանա։ 

Դեռեւս սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը բոլոր պատրաստությունները տեսել էր՝ Հայաստանի սահմանի ողջ երկայնքով հարձակում սկսելու համար: Դա ակնհայտ էր ցանկացածին, սակայն այն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց եւ տեղի ունեցավ Երեւանի ավագանու ընտրություններից մեկ օր անց՝ թերեւս հաստատելով այն տեղեկությունները, որ Փաշինյանն է իր արտաքին գործընկերներից, ինչպես նաեւ՝ Թուրքիայից, ժամանակ խնդրել, որպեսզի պայմանավորվածություններին անդրադառնան ընտրություններից հետո, որպեսզի դրանք չազդեն ընտրությունների արդյունքների վրա։ 

Սեպտեմբերի սկզբին Փաշինյանը տենդագին զանգեր կատարեց ԱՄՆ, ԵՄ եւ այլ ուղղություններով, իսկ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը, որի մասին աղքատիկ պաշտոնական տեղեկատվություն հրամցվեց առ այն, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային հարցերին: «Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ»:
Եվ չնայած մանրամասներ չհաղորդվեցին, բայց փորձագետները համառոտ զրույցի մասին տեղեկատվության, ինչպես նաեւ առկա իրողությունների ֆոնին կարեւոր արձանագրումներ արեցին, որ Հայաստանը որոշել է Մոսկվային փոխարինել Թուրքիայով, փաստացի Հայաստանը պաշտոնապես թույլ տվեց Թուրքիային՝ լինել արցախյան հակամարտության կողմ՝ վերջինիս ներգրավելով խաղի մեջ։ 

Քաղաքագետ Սուրեն Զոլյանի գնահատմամբ՝ Հայաստանի ղեկավարության անընդմեջ զիջումները հասցրին այս վիճակին, որ Ադրբեջանն այսօր ինչ ուզում` անում է Արցախում, անունը դնելով «հակաահաբեկչական գործողություն»: «Ի սկզբանե Արցախի կարգավիճակի, Հադրութի հարց էր քննարկվում, բայց գործող ղեկավարությունն այնքան եւ պարբերաբար զիջեց՝ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրում, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություն եւ այլն, որ Ալիեւին իրավունք տվեց ցանկացած գործողություն կատարել Արցախում: Չէ՞ որ դա իր տարածքն է` ըստ այս իշխանությունների»։ Տարօրինակ էր, որ Փաշինյանը վերջին շաբաթներին միտումնավոր փչացնում էր հարաբերությունները դաշնակիցների հետ, որպեսզի դրանից օգտվեն մեր թշնամիները, բոլոր քայլերն այն ուղղությամբ էին, որ Փաշինյանը հակառուսական եւ հակաիրանական դաշինքի մեջ է մտնում, Էրդողանին դարձնում Արցախի խնդրի կարգավորման միջնորդ․ քաղաքագետը չի պնդում, որ Փաշինյանն այդպիսով «կանաչ լույս» էր վառում թշնամիների առջեւ, բայց գործողություններից կարելի է կարծիք կազմել, որ չի ակնկալում դաշնակիցների օգնությունը: Արցախում ռուս խաղաղապահների այսօրվա պահվածքը, թերեւս, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է․ «Հայաստանում ԱՄՆ զինուժի ներկայությունը՝ թեկուզ սիմվոլիկ, կարող էր եւ զգայուն խնդիր դարձավ դաշնակիցների համար, Ուկրաինա այցը... այնինչ ես տեղեկություններ ունեի, որ ռուսները լուրջ ծրագրեր ունեն՝ տարածաշրջանում երկարատեւ մնալու, Արցախում տներ էին կառուցում։ Բացի այդ, երբ ՀՀ ղեկավարն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ռուսներն այնտեղ առանձնապես անելիք չեն կարող ունենալ։ Եթե ՀՀ-ն իր զորքը դուրս է բերել Արցախից եւ Ադրբեջանից որեւէ երաշխիք չի պահանջել, որ չեն դիմի ռազմական ուժի, ՌԴ խաղաղապահներն ի՞նչ կարող են անել»։

Զոլյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը կարելի է նաեւ ռուսական ծրագրի տապալում համարել․ «Որովհետեւ ռուսական ծրագրով պետք է որոշվեր ԼՂ կարգավիճակը՝ որպես նույն այդ զորքի մնալու պատրվակ կամ պատճառաբանություն»։ Եվ քանի որ Փաշինյանը երեկվա լայվում էլ ուղերձ հղեց, որ ձեռքերը լվանում է Արցախից, եւ իրենից պետք չէ օգնություն ակնկալել, ուստի, Զոլյանի խոսքով, միամիտ է նման իրավիճակում այլ տերությունների աջակցությունն ակնկալելը։ Հետեւաբար, Արցախում էթնիկ զտումն այլեւս անխուսափելի է։ «Պահանջել որեւէ մեկից՝ նման պարագայում մնալ Արցախում, խելամիտ չէ, սա էթնիկ զտման սկիզբն է»,- ասում է քաղաքագետը։ Զոլյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը պետք է ասի՝ ով իրեն համոզեց առանց երաշխիքների Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ «Կա՛մ պետք է ասի, որ ինքը մեծագույն հիմար է ու առանց երաշխիքների է ճանաչել՝ ո՛չ միջազգային դիտորդների տեղակայման, ո՛չ այլ պայմաններ է դրել, կա՛մ իրեն համոզել են: Թող ասի` ով է համոզել»։
Զոլյանը տարակուսած է Փաշինյանի հայտարարությունից, թե ՀՀ-ին փորձում են ներքաշել պատերազմի մեջ. «Ադրբեջանական բանակը պետք է հասնի Պռոշյան փողոց, որ հասկանանք՝ պատերազմը մե՞զ է սպառնում նաեւ»։

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image