Դատավարության մասնակիցները հարցաքննության են հրավիրվել առանց ծանուցագրերի. Սերժ Սարգսյանի պաշտպան

Դատավարության մասնակիցները հարցաքննության են հրավիրվել առանց ծանուցագրերի. Սերժ Սարգսյանի պաշտպան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։

Նիստին Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց. «Նախաքննության ժամկետը երկարացնելու համար գործը հետ է ուղարկվել քննիչին։ Նախաքննության ժամկետը երկարացնելու որոշման մեջ նշված է, թե քննիչը ինչ պետք է անի, նա արել է տրամագծորեն հակառակ ուղղությամբ և սկսում է իրականացնել ագրեսիվ քննություն։

Դատավարության մասնակիցները հարցաքննության են հրավիրվել առանց ծանուցագրերի։ Առաջին անգամ ծանուցագրերով սկսել են կանչել սեպտեմբերի 27-ին, կանչել են Սերգո Կարապետյանին։ Բազմաթիվ մարդիկ են կանչվում առանց ծանուցագրի, սակայն Սերգո Կարապետյանը հրավիրվում է հարցաքննության»։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։