«Հակաադրբեջանական քարոզչության հետևանք է»․ Բաքուն մեղադրում է Իրանին

«Հակաադրբեջանական քարոզչության հետևանք է»․ Բաքուն մեղադրում է Իրանին

Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա տեղի ունեցած հարձակումը ոչ թե անձնական դրդապատճառներով է եղել, ինչպես ներկայացնում է իրանական կողմը, այլ հետևանք «այն հսկայական հակաադրբեջանական քարոզչության», որ իրականացվում է այդ երկրում։ 
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։ 

Պաշտոնյան Թեհրանին մեղադրել է դեսպանության վրա հարձակման պատճառները թաքցնելու մեջ։
Նրա պնդմամբ, վերջին ամիսներին «իրանական լրատվամիջոցներում իրականացվում է լայնածավալ հակաադրբեջանական քարոզչություն, որն էլ խթան է հանդիսացել հարձակման համար»։

«Ամբողջ պատասխանատվությունը կրում է իրանական կողմը», - հայտարարել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան Իրանի քաղաքացիներից մեկն ինքնաձիգով մտել է Թեհրանում ադրբեջանական դեսպանություն, կրակ արձակել ու սպանել տեղի անվտանգության աշխատակցին։ Թեհրանի ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին, ապա նաև հայտարարություն տարածել, որ տեղի ունեցածի հիմքն անձնական դրդապատճառն էր։