Նախարարի կայացրած որոշումը առնվազն անարդար էր

 Նախարարի կայացրած որոշումը առնվազն անարդար էր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Հիշեցնենք, որ ռեկտորի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը փորձում էր փոխել դասախոսների ընտրության կարգը եւ նոր կանոնակարգ էր փորձում մտցնել։ Մրցույթի արդյունքում նախկին դասախոսական կազմը դուրս էր մնում եւ նոր դասախոսներ պետք է ներգրավվեին, ինչը բազում բողոքների տեղիք տվեց։ Եւ քանի որ այդ ընթացքում նաեւ պարզվեց, որ ռեկտորի ԺՊ-ի դոկտորական ատենախոսության հետ կապված գրագողության կասկածներ կան, նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Ռուբեն Հայրապետյանը հեռացավ, նրա փոխարեն ԺՊ նշանակվեց Դիանա Գալոյանը։ Այժմ բուհի ուսանողության մի մասը բողոքում է Հայրապետյանին հեռացնելու դեմ եւ մրցույթներում հաղթած դասախոսների մի մասը հրաժարվում է աշխատել՝ Հայրապետյանից հետո։ Եթե օրեր առաջ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ էին բողոքի ակցիաներ անում կառավարության շենքի դիմաց, ապա վերջին օրերին այնտեղ են ռեկտորի պաշտոնակատարի հեռացումից դժգոհ ուսանողները։ Ռեկտորի պաշտոնակատարի հեռանալուց հետո հեռանում են նաեւ նրա բերած կադրերը։

Մենք փորձեցինք զրուցել այն այն կադրերի հետ, որոնք հաղթել են մրցույթում, բայց որոշել են ռեկտորի նոր պաշտոնակատարի՝ Դիանա Գալոյանի հետ չաշխատել եւ արդեն հայտարարել են, որ չեն մտնելու ՀՊՏՀ։

Մեզ» հետ զրույցում, Արմինե Յարալովան, որը հայտարարված մրցույթում հաղթողներից մեկն է և Կենտրոնական բանկի աշխատակից է, նշեց․ «Նախ ես այնտեղ հայտնվել եմ, քանի որ հավատացել եմ, որ Ռուբեն Հայրապետյանը ինչ-որ փոփոխությունների ծրագիր է սկսել, բարեփոխումներ է սկսել, որոնք 30 տարում այդպես էլ չէին իրականացվում։ Չասեմ նրա խնդրանքով, բայց, համենայն դեպս, դիմել եմ մրցույթի համար՝ փորձելով աջակցել իրեն։ Նախարարի կայացրած որոշումը առնվազն անարդար էր։ Անարդար էր այն առումով, որ նրանց հիմնավորումը ուղղակի այս պարագայում զուտ ատենախոսության հետ խնդիրներն են։ Իմ սուբյեկտիվ կարծիքով սա ուղղակի պատճառ է։ Ես էլ եմ ծանոթ այդ ատենախոսություններին և կարող եմ փաստել, թե ինչքանով է բարձր նրա ատենախոսությունը մյուսների ատենախոսությունների մակարդակից»։

Արմինե Յարալովան հավելեց, որ պատրաստվում էր դասավանդել տնտեսական քաղաքականություն և մակրոտնտեսագիտություն առարկան։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանից հետո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: