Դիտորդներն անելիք չունե՞ն

Դիտորդներն անելիք չունե՞ն

Ռոբասերժական իշխանության տարիներին արևմտյան դրամաշնորհներով (երբեմն նաև առանց դրամաշնորհների) հայաստանյան ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների կողմից ձևավորվեցին երիտասարդների (հիմնականում) և տարեցների հատուկ խմբեր, որոնք ընտրությունների ընթացքում զբաղվում էին դիտորդությամբ: Երբեմն դրանց մասնակցում էին նաև սփփյուռքահայեր, ինչն ավելի ծավալվեց իշխանափոխության նախօրեին ու դրանից հետո: Դիտորդությանը տրվեց այնքան մեծ նշանակություն, որ այդ երևույթն անվանվեց դիտորդական առաքելություն: Ընտրությունների անցկացման որոշումներից մինչև բողոքարկման գործընթացների ավարտն այդ խմբերը զբաղվում էին դիտարկումներով: Իսկ դա ենթադրում է անօրինակությունների և գործընթացի այլ խախտումների վերհանում և հանձնում հասարակության դատին: Միաժամանակ, առաջարկություններ էին ներկայացվում գործող իշխանություններին գործընթացում առկա այս կամ այն հարցը լուծելու ուղղությամբ: Դա երկրի դանդաղ ընթացող ժողովրդավարացման ասպեկտներից մեկն էր:

2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո մեզ թվաց, թե Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը շարժվեց առնվազն առաջին տիեզերական արագությամբ (7,91 կմ/վրկ), և արդեն ամռանը երկրում ձևավորվեց, այսպես կոչված, ժողովրդավարության բաստիոն: Համենայն դեպս, դրա մասին  «ավետեց» ժողովրդական զանգվածների առաջնորդ Նիկոլը: Իսկ նույն թվականի դեկտեմբերի սկզբին կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և Հայաստանում «վերջնականորեն հաստատվեց ժողովրդի իշխանություն»: Բայց դա չխանգարեց, որպեսզի դիտորդական առաքելության պահանջը մնար, իսկ այսօր նույնիսկ մեծանար: 

«Ժողովրդի իշխանություն» չորրորդ տարվա հունիսի 20-ին նշանակված հերթական՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանություններն, այսպես ասած, ինքնակազմակերպվում են: Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվում «խոչընդոտող բրիգադների» ձևավորման մասին, որոնց նպատակն է լինելու բողոքի տարբեր ակցիաներով ընդդիմադիր դաշինքների քարոզարշավին խանգարելը: Պատկերացնո՞ւմ եք՝ բողոքի ակցիաներ ոչ թե ընդդեմ իշխանությունների, այլ ընդդեմ ընդդիմադիրների: Լրատվամիջոցներում արդեն կեղծ տեղեկություններ են հայտնվում նաև ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անունից ընտրակաշառքների խոստումների կամ նույնիսկ բաժանման վերաբերյալ: Կարծում եմ, որ դիտորդական առաքելություն ստանձնած կազմակերպությունները բավական մեծ գործ ունեն անելու և վաղուց պետք է պատրաստ լինեին դրան: Սակայն այդպես է արդյոք, և ինչպիսի՞ն է իրավիճակն իրականում:

Իրականում ճիշտ հակառակն է, և դրանում համոզվելու համար մեզ կօգնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում հրապարակված թվերը: Եվ այսպես: Հունիսի 5-ին ժամը 18.00-ին փակվեց ԿԸՀ-ում դիտորդական կազմակերպությունների գրացման ժամկետը: Ըստ այդմ, ընտրությունների դիտարկմանը մասնակցության հայտ է ներկայացրել ընդամենը 5 (հինգ) կազմակերպություն՝ ներկայացնելով 3126 դիտորդի անուն: Համեմատելու համար՝ 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ի ընտրությունների թվերը համապատասխանաբար կազմել են 22 և 17813: 2017-ի հերթական ընտրություններին դիտարկման հայտ էր ներկայացրել 49  կազմակերպություն՝ ներկայացնելով 28021 դիտորդի անուն: Ինչպես երևում է՝ տարբերությունները հսկայական են՝ թե՛ կազմակերպությունների և թե՛ անհատ դիտորդների առումով:

Իսկ հիմա մի փոքր վերլուծություն: Դիտորդական կազմակերպությունների մասնակցության նվազելը պետք է ենթադրի, որ անելիք պարզապես չկա: Սակայն որևէ գրագետ և գիտակից անձ դժվար թե համաձայնվի այդ պնդմանը: 2021 թ.-ի հունիսի 20-ի ընտրությունների առումով շատ ավելի անելիք կա, քան առկա էր նույնիսկ 2017-ին: Իսկ 2017-ին, ինչպես ասվեց, դիտորդների քանակը կազմել է շուրջ 30 հազար: 2017-ի ընտրությունների դերը մեծ էր՝ ընտրվում էր խորհրդարան, որը մեկ տարի անց գործադիր իշխանության ղեկավար էր ընտրելու վարչապետին՝ նախագահի փոխարեն: Բայց 2017-ին իրադրությունը երկրում կայուն էր, ու կարծես թե հստակ էր նաև իշխանության փոխանցման գործընթացը: 2021-ին իրադրությունն առավել քան անկայուն է, և ընտրությունների միջոցով լուծվելու է երկրի ոչ թե թե զարգացման, այլ լինել-չլինելու խնդիրը: Իսկ դա կախված է գործող իշխանության մնալուց կամ փոխվելուց:  Գործող իշխանությունն էլ, ինչպես տեսնում ենք, ատամներով կառչած՝ փորձում է պահպանել իշխանությունը:

Վերն ասվածը նշանակում է, որ ինչպես հասարակական կազմակերպությունների գործունեության բազմաթիվ այլ ոլորտներում, այս հարցում ևս քաղաքացիական հասարակությունը 2018-ի մայիսության իշխանափոխությունից հետո հետընթաց է ապրել: Դա նշանակում է, որ եռամյա, այսպես կոչված, ժողովրդի իշխանության պայմաններում ժողովրդավարությունն ակնհայտորեն զիջում է իր դիրքերը: Ինչն արձանագրվում է թե՛ իշխանությունների և թե՛ ժողովրդավարացման գործընթացի մասնակիցների գործունեության առումով: Սա, կորոնավիրուսի դեմ պայքարի ու պատերազմում մեր պարտության դասերի հետ մեկտեղ, «ժողովրդի իշխանության» իրական դեմքի բացահատման դրվագներից մեկն է: