Որտե՞ղ է քաղաքացիական հասարակությունը

Որտե՞ղ է քաղաքացիական հասարակությունը

Ինչո՞ւ է երեկվա եւ այսօրվա Հայաստանում, մեծ հաշվով, բացակայում քաղաքացիական հասարակությունը: Իհարկե, կան անհատ ակտիվիստներ, փոքրաթիվ հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ), սակայն քաղաքացիական հասարակությունը, որպես այդպիսին, գոյության նշաններ ցույց չի տալիս: Եվ դա այն դեպքում, երբ վերջին քսան եւ քանի տարում ակտիվ աշխատանք էր տարվում հայաստանյան հասարակության ներսում նման խավ ձեւավորելու ուղղությամբ: Եվ նույնիսկ կարելի է ասել, որ նախկինների օրոք այն ամբողջապես ձեւավորվել էր եւ լավ էլ գործում էր՝ գործող իշխանություններին պարտադրելով այս կամ այն ոլորտում կամ ոլորտային որեւէ հարցում շարժվել իր նախանշած օրակարգով: Բայց ակնհայտ է, որ այն որեւէ ձեւով չի համագործակցում 2018-ի մայիսից այս կողմ ակտիվորեն գործող, վերը նշված փոքրաթիվ ՀԿ-ների հետ: Եվ եթե պատերազմ չլիներ, ապա դրա մասին բոլորը վաղուց մոռացած կլինեին: Պատերազմից հետո մի քիչ իրավիճակ փոխվեց, եւ նախկինում ավելի քան ակտիվ գործող ՀԿ-ները մեկ-մեկ կենդանության նշաններ են ցույց տալիս: 

Որպես ՀԿ-ական շարժման շուրջ քսանամյա փորձառությամբ ՀՀ քաղաքացի՝ փորձեմ վերհանել այսօրվա կիսագոյության պատճառները: Բայց մինչ այդ ներկայացնեմ ՀԿ-ների դերը. դրանք նպատակամղված են հասարակության ինքնակազմակերպմանը,  հասարակական առանձին խնդիրների լուծմանը եւ, որպես  հասարակության եւ իշխանության միջեւ կապող օղակ, նշված խնդիրների օրակարգն իշխանությանը հասցնելը: Մինչեւ 2018 թվականը նշված դերակատարումը կյանքի էր կոչվում, եւ դա դադարեց, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո:

Հիմա անցնենք պատճառներին: Առաջինը քաղաքականացվածությունն էր. ակտիվ ՀԿ-ների, իսկ դրանք մոտ 500-ն էին կամ ողջ ՀԿ-ական դաշտի 10 տոկոսը, մեծամասնությունը խիստ քաղաքականացված էր: Բնականաբար, ընդդիմադիր ուղղվածությամբ: Ի դեպ, դա արեւմտյան ժողովրդավարության համար ընդունելի երեւույթ է՝ հատկապես անցումային երկրների համար (անցումային են կոչվել այն երկրները, որոնք սոցիալիստական հասարակարգից անցում են կատարել կապիտալիստականին. դրանք խորհրդային նախկին հանրապետություններն ու հիմնականում սոցիալիստական ճամբարի կամ արեւելաեվրոպական երկրներն են): Եվ որպես դրա հակառակ երեւույթ՝ դիտարկվել են, այսպես կոչված, «գոնգո»-ները (կառավարական կամ իշխանական ՀԿ-ները), որոնք ներկայացրել են ոչ թե հասարակության, այլ հենց իշխանության առանձին ներկայացուցիչների շահերը: 

Ընդդիմադիր ուղղվածությամբ ՀԿ-ներն էլ, բնականաբար, պետք է 2018-ի ապրիլին լինեին Նիկոլի կողքին, ու մայիսյան իշխանափոխությունից հետո էլ նրանց ներկայացուցիչները հայտնվեին իշխանության մեջ: Ու ապահովեին սերտ կապեր իրենց ՀԿ-ների ու իշխանության միջեւ: Այնքան սերտ, որ նույնիսկ նույնանային: Իսկ դա նշանակում է, որ իրենք 2018-ի մայիսի 8-ից հետո վերածվել են «գոնգո»-ների եւ չեն ցանկանում նկատել հեղափոխական կոչված իշխանության սխալները, բացթողումները եւ նույնիսկ հանցագործությունները: Իսկ որ դրանք առկա են ու բազմաթիվ՝ միայն աչքերից ու ուղեղից կույրերը կամ կույր ձեւացողները չեն տեսնում: Որպես օրինակ՝ եթե հեղափոխական զանգվածը դեռեւս չի ընկալում 2018-ի հոկտեմբերի 2-ի գիշերը Ազգային ժողովի շենքը պաշարելը որպես հանցագործություն, ապա գոնե հաջորդ տարվա մայիսի 20-ին դատարանները շրջափակելը համարում է այդպիսին:
Երկրորդ պատճառը նախկին ընդդիմադիր գործունեության, այսպես ասած, գերի լինելու հանգամանքն է: Իրենց համոզմունքներով նախկիններին ընդդիմադիր ՀԿ-ները մնացել են անցյալում՝ ճիշտ այնպես, ինչպես ինքը՝ Նիկոլը: Նախկինների նկատմամբ Նիկոլի կողմից ատելության ձեւավորման գործընթացը հիմնված է հենց այդ հանգամանքի վրա: Իսկ ՀԿ-ներին չափազանց բարդ է նախկին համոզմունքներից վեր կանգնելը: Նախկինները, նրանց կարծիքով, շարունակում են մնալ թալանչի, անօրեն, կոռումպացված, թեեւ Նիկոլը պակաս թալանչի (անօրեն պարգեւավճարները), անօրեն (այս երեւույթին հաշիվ չկա), կոռումպացված (ծխախոտի մաքսանենգություն, հրթիռային համակարգերի ու զրահաբաճկոնների պատմությունը, կնոջ մասնավոր հիմնադրամներին գործարարների մուծումները) չէ: Եվ ինչպես ասվում է՝ մարդը պետք է կույր լինի՝ այդ ամենը չտեսնելու համար: Սակայն ՀԿ-ները դա համառորեն չէին տեսնում:

Երրորդ պատճառը ֆինանսական բաղադրիչն է. նախկինում գործող ակտիվ ՀԿ-ների երեւի ավելի քան 95 տոկոսը (պայմանական թիվ եմ ասում, քանի որ ծանոթ չեմ հարցի վերաբերյալ որեւէ ուսումնասիրության, սակայն անկասկած է, որ դրանք կազմում են առյուծի բաժինը) ֆինանսավորվել է արեւմտյան պետությունների կամ կառույցների կողմից: Եվ կամ այնպիսի միջազգային կառույցների կողմից, որոնց հիմնական ֆինանսավորողը կրկին արեւմտյան կողմն է: Եվ, բնականաբար, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Անցումային ժամանակաշրջանում դա նորմալ էր դիտվում, քանի որ կապիտալիստական հասարակարգ մուտք գործող պետությունները եւ դրանց հասարակություններն ունեին արեւմտյան օժանդակության կարիքը: Հատկապես Հայաստանի նման երկիրը. միայն ամերիկյան օգնությունը Հայաստանին անկախության առաջին երկու տասնամյակում կազմել է 2 մլրդ դոլար: Հենց նման օժանդակությամբ էլ ուղղակիորեն եւ անուղղակիորեն ձեւավորվում էր արեւմտյան արժեքային համակարգը: Սակայն 2018-ի իշխանափոխությունից հետո քաղաքականացված ընդդիմադիր լինելը ՀԿ-ներին կարող է զրկել արեւմտյան ֆինանսական լուրջ օժանդակությունից: Իսկ նիկոլական իշխանությանը չքաղաքականացված ընդդիմադիր լինելն ուղղակի հնարավոր չէ:

Չորրորդ պատճառը զուտ հոգեբանական է՝ ինչպե՞ս կարող է ինքն իրեն գրագետ, կրթված, խելացի համարող ՀԿ-ականը խոստովանել, որ մերժելով Սերժին ու իշխանության բերելով Նիկոլին՝ ինքը չարաչար սխալվել է: Խոստովանել բարձրաձայն, հրապարակայնորեն ու լծվել պայքարի ընդդեմ Նիկոլի ազգակործան իշխանության: Կամ էլ ընդունել, որ նույնիսկ Նիկոլի հրամանատարությամբ պատերազմում խայտառակ պարտությունից հետո նիկոլապաշտ զոմբիների առկայությունը վկայում է, որ մեր հասարակության շրջանում անհրաժեշտ է ոչ թե ժողովրդավարություն սերմանել, այլ տարրական կրթվածություն ու ազգային արժանապատվություն: Որ ՀԿ-ական քսանամյա աշխատանքի տապալումը պայմանավորված է ոչ այնքան Նիկոլի անձով, որքան սխալ մեթոդաբանությամբ ու թիրախային ոչ ճիշտ ընտրությամբ: Որ այն, ինչ ընդունելի է հարյուրամյա պետությունների առումով, չի կարող ընդունելի լինել պետականության ու ինքնակազմակերպման ավանդույթներ չունեցող մեր ժողովրդի համար:  

Կարող են, ենթադրաբար, լինել նաեւ այլ գործոններ, թե ինչու չի լսվում նախկին իրավապաշտպանների ու ընդհանրապես քաղաքացիական հասարակության ձայնը, սակայն կարծում եմ, որ նշված պատճառները հենց հիմնականներն են: