Բացառել Նիկոլի վերարտադրվելու հնարավորությունը

Բացառել Նիկոլի վերարտադրվելու հնարավորությունը

Մեծ հաշվով, միաժամանակ Նիկոլին եւ նախկիններին դեմ անձինք հայաստանյան ընտրողների մոտ կեսն են, եթե ոչ՝ ավելին: Դրանց թվում՝ նաեւ նրանք, ովքեր սոցհարցումներում ներկայանում են որպես չկողմնորոշվածներ: Մնացած կեսի մի մասը նիկոլական է, մյուսը՝ հայրենիքի ճակատագրով մտահոգվածները: Կարող են լինել նաեւ անտարբերներ, սակայն պատերազմը բավականին պակասեցրեց դրանց քանակը: Սակայն, զուտ տրամաբանորեն, բոլոր նրանք, ովքեր նախկինում դեմ էին գործող իշխանություններին ու ունեն բավարար գիտակցական մակարդակ, չեն կարող դասվել «ո՛չ Նիկոլին ենք ուզում, ո՛չ նախկիններին» ասողների շարքում: Որովհետեւ հենց նախկինները եւ նրանցից հատկապես Ռոբերտ Քոչարյանն է, որ կարող է վերականգնել այն, ինչ առկա էր մեր երկրի լավագույն տարիներին: Եվ այդ կարծիքը հիմնված է արցախյան առաջին հերոսամարտի տարիներին պատասխանատվություն ստանձնելու կամքի եւ հետպատերազմյան տարիների Հայաստանի բուռն զարգացման քոչարյանական կենսափորձի վրա: Շատ կարեւոր է նաեւ արեւմտյան երկրների ղեկավարների եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ համատեղ աշխատելու վերջինիս կարողությունը:

Սակայն որքան էլ ես համոզված լինեմ Քոչարյանի առումով, մենք՝ մտահոգվածներս, խնդիր ունենք միաժամանակ Նիկոլին ու նախկիններին չընդունողների առումով: Դրանք, նախ, բավական մեծաթիվ են եւ, ապա, քվեարկության օրը տրոհվելուց հիմնական զանգվածով կկողմնորոշվեն, այսպես կոչված, ոչ նիկոլական հեղափոխականների ուղղությամբ: Ինչո՞ւ «այսպես կոչված». որովհետեւ որպես հեղափոխության խորհրդանիշ՝ շարունակում է մնալ Նիկոլը,՝ որքան էլ վերջինս կորցրած լինի իր հեղինակությունը: Մանր հեղափոխական կուսակցություններն էլ եթե ս. թ. հունիսի 20-ին կարողանան անցնել խորհրդարան, ապա կհավաքվեն Նիկոլի շուրջը: Իսկ դա թույլատրել չի կարելի, քանի որ դա թույլ կտա Նիկոլին վերարտադրվել, ու վերջ նորմալ պետություն ունենալու մեր հույսերին:

Խնդիրը, այսպիսով, Նիկոլին ու նախկիններին չընդունողների հիմնական մասին հեղափոխականներից կտրելն է, իսկ լավագույն դեպքում՝ նրանց գիտակցության մեջ պետության այսօրվա եւ վաղվա վերաբերյալ մտահոգություն սերմանելը: Բայց քանի որ մտահոգվածներս այսօր կողմ ենք Քոչարյանին, ապա խնդիրը նախկիններից Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ձեռք բերելն է: Ճիշտ է՝ նախկինների շրջանակից հայրենիքի ապագայով մտահոգվածների մի մասն էլ հանգրվանել է «Պատիվ ունեմ» դաշինքում: Սակայն այդ դաշինքը չունի, նախ, քոչարյանական հատկանիշներով ու կենսափորձով եւ, ապա, երկրի ղեկավարի պաշտոնում բարձր ցուցանիշներ գրանցած առաջնորդ: Ինչեւէ, մնում է Քոչարյանը, եւ նրա նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը դրականի վերափոխելու համար անհրաժեշտ է օբյեկտիվորեն գնահատել վերջինիս գործունեությունը երկրի ղեկավարի պաշտոնում: Իսկ այն բնութագրվում է թե՛ դրական եւ թե՛ բացասական ասպեկտներով:

Դրականի մասին արդեն ասվեց՝ արցախյան հաղթական հերոսամարտ եւ Հայաստանի տնտեսության բուռն զարգացում: Բացասականները, սակայն, պակաս ակնհայտ չեն՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպման կասկած, դաշնակցական ազատամարտիկ Պողոս Պողոսյանի սպանություն եւ մարտի 1-ի 10 զոհերի պատասխանատվություն: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ մարդկային հիշողության մեջ առավել թարմ եւ երկար է մնում ոչ թե դրականը, այլ՝ բացասականը: Ինչը նշանակում է, որ քոչարյանական «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում պետք է խոսվի նաեւ բացասականի մասին: Պետք է ներկայացվի դրանց մեկնաբանությունը, անհրաժեշտության դեպքում ներողություն հայցվի հայաստանցիներից: Իսկ բացասականը շրջանցելը կամ ընդամենը որպես բացթողում կամ սխալ  ներկայացնելը, իմ կարծիքով, չի նպաստի առաջադրված խնդրի լուծմանը: Ինչ մնում է մեկնաբանությանը կամ ներողություն հայցելուն, ապա մարդ արարածը բնորոշվում է ներողամտության զգացումով, եւ դրան չի կարող խոչընդոտել նույնիսկ տարիներով Քոչարյանի հասցեին ատելություն ձեւավորելու հանգամանքը: 

Ասվածի լավագույն վկայությունը Կարեն Սերոբի Դեմիրճյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն էր: Եվ եթե առաջինի դեպքում կարեւոր դերակատարում է ունեցել խորհրդային անցյալի նկատմամբ կարոտը, ապա երկրորդի առումով հիմնական գործոնը գործող իշխանությունը չընդունելն էր: Այսինքն՝ նույն այն իրողությունը, ինչն առկա է այսօր: Նիկոլի ապաշնորհությունն ու տապալումներն այն հիմքն են, որի վրա արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարող է իրականացվել Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը: Ի դեպ, քանի որ Նիկոլի նկատմամբ դրական վերաբերմունքը, իսկ ավելի ճիշտ՝ զոմբիականությունը, զուտ զգացմունքային երեւույթ է, ապա դրա դեմ պայքարը եւս պետք է մղվի ոչ թե գիտակցական, այլ էմոցիոնալ դաշտում: Իսկ այդ դեպքում ոչ թե պետք է կռիվ տալ նախկինների դեմ ատելությունը վերացնելու, այլ ատելությունը դեպի Նիկոլ վերափոխելու ուղղությամբ: Որովհետեւ նույնիսկ տեսականորեն կարճ ժամանակահատվածում ատելություն վերացնելն իրատեսական չէ, այն էլ՝ բավականին մեծ թվով մարդկանց դեպքում: Իսկ վերափոխելը ոչ միայն իրատեսական է, այլեւ՝ իրագործելի, ինչը զուտ հոգեբանական լուծելի խնդիր է: Եվ այդ դեպքում հունիսի 20-ին կարող ենք վստահ լինել, որ բացառվել է Նիկոլի վերարտադրվելու հնարավորությունը: