«Հրապարակ». Ծառերի պաշտպանությանը կոչված պաշտոնյաները զբաղված են ծառերի ոչնչացմամբ

«Հրապարակ». Ծառերի պաշտպանությանը կոչված պաշտոնյաները զբաղված են ծառերի ոչնչացմամբ

Սանո Տոեմանը, որը Ճապոնիայում հայտնի է որպես սակուրաների պահապան, այգեպան է՝ 15-րդ սերնդի, եւ կառավարում է երկրի քաղաքային այգիները։ Նա օրերս տված մի հարցազրույցում նկարագրել է, թե ինչ ռիսկեր ու բարդություններ է իր մեջ թաքցնում սակուրան։ «Ես հենց սկզբից զգուշացրել եմ, որ Հիրոսիմայում սակուրա աճեցնելը հեշտ չէ։ Հողի մեջ շատ են ավազն ու քարը, որոնք սակուրան լավ չի ընդունում։ Եթե սակուրա եք աճեցնում, պետք է փոխեք հողաշերտը»։ Մեկ այլ դրվագում նա ասում է, որ սակուրաների պատճառով թրթուրներն են բազմանում, եւ թրթուրների գրոհների արդյունքում ոչնչանում են մյուս ծառերը։ Սանո Տոեմայի ղեկավարած ընկերությունը մոտ 70 տեսակի սակուրաներ է աճեցնում Ճապոնիայով մեկ, եւ պարզվում է՝ սակուրաներն այնքան էլ օգտակար բույս չեն, եւ դեռ հայտնի չէ, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ առանց այդ էլ միջատներով հարուստ Երեւանի համար, ինչի մասին մեզ ոչ ոք չի զգուշացրել։ Բայց մեզ այլ հանգամանք էլ զարմացրեց։ Սանո Տոեման, որն աշխարհի շատ հայտնի այգիների հեղինակ է, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզյան գրասենյակի այգու, կարելի է ասել, Ճապոնիայի գլխավոր դենդրոլոգն է, ինչպես Արծվի Գրիգորյանը՝ Հայաստանի։ Ի տարբերություն Արծվի Գրիգորյանի, Սանո Տոեման նախեւառաջ մտածում է իր երկրի բույսերի մասին։ Մինչդեռ մեր գլխավոր դենդրոլոգը մտածում  է ամեն ինչի՝ տրանսպորտի, ճանապարհների բետոնաշերտի մասին, միայն ոչ բույսերի։  

Օրերս Սարալանջում հատված բազմամյա թթենիների վերաբերյալ Արծվի Գրիգորյանը մեր հարցերին պատասխանելով ասել էր, որ դրանք քանդում են ճանապարհի հենապատը եւ խանգարում երթեւեկությանը։ Մասնագետը, որի ուղղակի պարտականությունը պետք է լինի բույսերի պաշտպանությունը, մտածում է շինարարական, տրանսպորտային խնդիրների մասին, բայց ոչ բույսերի։ «Մենք գրություն ենք ստացել, որ այդ ծառերը խանգարում էին երթեւեկությանը»,- ասում է Արծվի Գրիգորյանը եւ դատավճիռ կայացնում․ «Սերտաճած ծառերը, ըստ կառավարության որոշման, պետք է հատվեն»։ Դենդրոլոգը չի ափսոսում ծառերը՝ ամենեւին։ Ասում է, որ դրանք ափսոս չեն, ու մեզ է հարցնում՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր լինելու, եթե պատերը քանդվեին։

Խեղճ Երեւանի խեղճ բուսական աշխարհ։ Քաղաքային իշխանությունները թեեւ ամենուր թմբկահարում են, որ ծառեր ու անտառներ են տնկել-աճեցրել, իրականում աննկատ, անաղմուկ ոչնչացնում են քաղաքի ֆլորան։ «Նորքի անտառի սկզբնամասը՝ դեպի հեռուստաաշտարակ, Երեւանյան լճի շրջակայքը, Չարենցի փողոցը, Վ․ Սարգսյան մարզադաշտից մինչեւ Նար-Դոս, Խ.Աբովյանի արձանից մինչեւ Երիտասարդական պալատ՝ ես թվարկեցի էն տարածքները, որոնց ամբողջ երկայնքով կես դար տարիքով թթենիներ էին կանգնած, ու որոնք այլեւս գոյություն չունեն։ Թթենիների մտածված սպանդ է իրականացվել Երեւանում՝ նպատակն անհայտ է։ Բոլոր թվարկածս տարածքներում մանկուց երեխեքով գնում էինք՝ հատուկ թութ ուտելու»,- ասում է էկոակտիվիստ Արտաշես Բաղրամյանը՝ կենդանասերների համույթից։ Իսկ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հաստատում է օրեր առաջ հրապարակած մեր լուրը՝ քաղաքում թթենիների սպանդ են սկսել․ օրերս նա Հանրայինի եթերում, ի պատասխան բնապահպան Քրիստինե Վարդանյանի հնչեցրած մտահոգության՝ թթենիների սպանդի առումով, հայտարարել է․ «Կանաչապատումը չի ուզում, որ մրգատու ծառեր լինեն մայթեզրերին հարող տնկարկներում՝ զուտ ելնելով բնակչության անվտանգությունից։ Որովհետեւ պտղատու ծառերի պտուղը քաղցր է, պոկվելով-ընկնելով մայթեզրին, շիրայոտ տեղ են առաջացնում ու պատճառ կարող են հանդիսանալ մարդկանց սայթաքելուն եւ ընկնելուն»։ Մյուս պատճառն էլ այն է, որ այդ պտուղները վնասակար են առողջությանը, քանի որ ախտահարված են տրանսպորտի գազերով ու ծանր մետաղներով։ Եվս մի մտահոգ պաշտոնյա, որը կանաչապատման մասին չի մտածում, այլ՝ կանաչահատման, իբրեւ թե հոգալով բնակչության առողջության ու մայթերի մաքրության մասին։ 

Մեր քաղաքային իշխանությունների հոգատարության համայնապատկերը լրացնում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երկուշաբթի նա Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասաց, որ ծառերի հատման դեպք կա Կենտրոն վարչական շրջանում, որի մասին թեժ գծին եղել է ահազանգ։ Բայց տեխնիկական խնդիր է եղել, թեժ գծի ու տարածքի տեսուչի միջեւ կապ չեն կարողացել ստեղծել։ «Ստացվում է այնպես, որ տեխնիկական խնդրի պատճառով այդ հաստաբուն բարդիները հատվել են, պետք է խնդրեմ՝ ծառայողական քննություն սկսենք, հասկանանք՝ ում պատճառով են եղել այդ տեխնիկական խնդիրները»,- ասել է Ավինյանը՝ կարծիք հայտնելով, որ ինչ-որ մեկն ուզում է տարածք զավթել։ Նա հրահանգել է մաքրել այդ տարածքը եւ խոստացել է զավթում թույլ չտալ, բայց ոչ մի խոսք կտրված բարդիների համար տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։ Ուրախ կլինենք, եթե սխալվենք, եւ եթե պարզվի, որ ծառահատողն օրենքի ողջ խստությամբ կպատժվի։