Չեմ ասելու` ինքնուրույն գլխի ընկեք, թե ում մասին է խոսքը

Չեմ ասելու` ինքնուրույն գլխի ընկեք, թե ում մասին է խոսքը

Այս իջեւանցի երիտասարդի մասին ասվել է գրեթե ամեն ինչ, նրա մասին գիտենք գրեթե ամեն ինչ, նրանից սպասելի է գրեթե ամեն ինչ: Իսկ ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ես նրա նկատմամբ տածում եմ զանազան հակակրանքներ՝ ընդհանուր առմամբ կիսելով նրա մասին եղած բոլոր կարծիքները: Իսկ այդ կարծիքներն առանձնապես դրական որեւէ բան նրա մասին չեն պարունակում:

Քանիցս անդրադարձել եմ այս ունիկալ երեւույթին եւ, պատկերացրեք, զուտ զարմանքից դրդված: Ես այսպիսի բան իմ կյանքում չեմ տեսել: Առաջին անգամ պատգամավոր է դարձել 2021թ. ապրիլից, իսկ երկրորդ անգամ՝ դրանից 3 ամիս անց: Առաջիկա ապրիլին, եթե որեւէ բան չպատահի, կարող ենք նշել նրա՝ խորհրդարանում գարշահոտ տարածելու 3 տարին: Համաձայնեք՝ քիչ ժամանակ չէ: Թե ինչով է նա աչքի ընկել այդ ընթացքում, բոլորը գիտեն, ես էլ՝ ինչպես բոլորը: Ինչ անուն ասես՝ նրան չեն տվել, ինչ բառերով ասես, որ նրա վարքագիծը չեն բնորոշել: Ես էլ՝ ինչպես բոլորը: ՔՊ-ական բիոմասսայի այս «սուրբ» մասունքը երեք տարում դեռ ոչ մի դրական գնահատականի չի արժանացել՝ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ կենցաղային իմաստով: Այն էլ ասեմ, որ նա ոչ մի կերպ չի տեղավորվում խորհրդարանական համակեցության կանոնների մեջ: Սիրում է քացի գցել, սպառնալիքներ հնչեցնել «ձեր հետեւից գալու են» արտահայտության տեսքով, ինչպես նաեւ ցուցադրել ներքին սպիտակեղենը, որ բանակում ծառայելու ժամանակ, ըստ իրեն, կոմպլեկտավորված չի եղել ամբողջությամբ:

Որոշ ընթերցողներ, գուցե, անհամբեր կհարցնեն՝ ո՞ւմ մասին է խոսքը, անունն ասա, վերջապես: Չեմ ասելու: ՔՊ-ն 6 տասնյակից ավելի պատգամավոր ունի, որոնց հայ ժողովուրդն է, այսպես ասած, ընտրել: Ոչ մեկը մյուսից լավը չէ: Այս մեկը, սակայն, ունիկալ է բոլոր առումներով: Այնպես որ, գնացեք եւ ինքնուրույն գլխի ընկեք, թե ում մասին է խոսքը: Իսկ ես կշարունակեմ պատմել…

Եվ ուրեմն… ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա իրեն թույլ տվեց ամենավերջին լկտիությունը, որին կարող է ունակ լինել իշխանական պատգամավորը: Նա Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, կարելի է ասել, ծաղրեց կառավարությանը եւ իր արեւին «սադրիչ» հարց ուղղեց առողջապահության եւ արդարադատության նախարարներին՝ քաջ իմանալով, որ նշված նախարարները բացակայում են հարցուպատասխանից: Իսկ նրա հարցը վերաբերում էր ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի ինչ-որ գործով դատախազի առողջությանը, որը, իբր, վատացել էր Լեւոն Քոչարյանի տիրապետած գույքի ցանկն ընթերցելիս: Ես կուզենայի իմանալ՝ ինչպես է իրեն զգում տիկին դատախազը՝ հարցրեց մսագունդը՝ փորձելով ցրել նույն Լեւոն Քոչարյանի հարցին Նիկոլ Փաշինյանի անկապ պատասխանի տպավորությունը: Կհարցնեք՝ իսկ նրա արարքի մեջ ի՞նչն է լկտիություն, ի վերջո՝ պատգամավոր է, հարց է տվել: Բացատրեմ: Պատգամավորական լկտիություն է առողջապահության նախարարից հետաքրքրվել դատախազի առողջության մասին, որն իրեն ուղղակի վատ է զգացել, բայց թքած ունենալ մեղադրյալի ինքնազգացողության վրա, որն ավարտվեց մահվամբ՝ հենց դատարանի դահլիճում: Եվ, առհասարակ, թող ոչ ոքի մտքով չանցնի, որ ուսապարկերի տեսության հիմնադիր սույն երեսփոխանը երբեւէ իրեն նեղություն կտա հետաքրքրվել որեւէ հասարակ մահկանացուի առողջությամբ ու ճակատագրով:

Խոզապուխտով լցոնած բրդուճ հիշեցնող սույն արարածը նաեւ սիրում է պատգամավորական իր «բարձունքից» գնահատականներ տալ երեւույթներին եւ իրադարձություններին: Իսկ երբ տվյալ իրադարձությունն ուղղակի խայտառակություն է ՔՊ-ի հասցեին, նա նախընտրում է տեղի ունեցածը որակել «լկտի» բառով: Դարձյալ ամենաթարմ օրինակը բերեմ: Խոսելով Ալավերդիում ՔՊ-ի կողմից համայնքային իշխանությունը զավթելու գործողության մասին՝ ուսապարկը պատմում է, որ Ալավերդու համայնքային իշխանությունը, ուշադիր, «լկտի» ձեւով փակել էր համայնքապետարանի դուռը, հետո «լկտի» ձեւով փակել էր նիստերի դահլիճի դուռը, իսկ ՔՊ-ական ավագանին օրենքի տառին համապատասխան ջարդեց դուռն ու ներս մտավ… Բա չասե՞ս՝ տո այ ՔՊ-շնիկ, դու՝ ուր, օրենքը՝ ուր: Իսկ եթե իսկապես օրինապաշտ ես, ապա հանգիստ նստիր տեղդ, օրենքը կգա քո հետեւից…