Կորոնավիրուսից մահացածների մասին

Կորոնավիրուսից մահացածների մասին

Մի բան որ  օրենք է, թեկուզ ներքին օրենք,  ուրեմն բոլորի համար օրենք պիտի լինի։ Եթե ՀՀ կառավարությունն ինչ- ինչ պատճառներով որոշել է, որ կորոնավիրուսից մահացածների ինքնությունը  գաղտնի պիտի մնա, տվյալները չպիտի հրապարակվեն,  ուրեմն դա բոլորին է վերաբերվում։ Անկեղծ ասած, չեմ հասկանում մահացածների ինքնությունը գաղտնի պահելու իմաստը։ Ինչու՞ համար է դա արվում։ Բայց հարցը՝ իր կարևորությամբ հանդերձ,  դա չէ, այլ այն, որ եթե գաղտնի է պահվում, չի հրապարակվում, ինչու՞ հանկարծ մի մահացողի ինքնություն բարձրաձայնվում է։ Եթե ներքին օրենք եք ընդունել, որ չպիտի հայտնեն, ինչու՞ է խախտվում։ Հենց վերջին օրինակը բերեմ։ Այսօր իմացանք, որ մահացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը։ Վերջինս ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։ Ինչու՞ բարձրաձայնվեց։ Եթե չէր կարելի, թույլատրելի չէ, ինչու՞ թույլ տրվեց։

Ցավակցում եմ պատգամավորի ընտանիքին և բոլոր նրանց, որոնց մահացած հարազատների անունները չեն տրվել, միաժամանակ հարցս բարձրաձայնում եմ՝ էդ որ պատգամավորի կորոնավիրուսից մահացած հոր անունը կարող եք տալ, մնացած մահացածների անունները ինչու՞ չեն բարձրաձայնվում։ Մահացածների թվի ավելացման հետ հանրության խորհրդավոր լռությունը կարող է պայթել՝ ովքե՞ր են մահացողները։

Այսօր Միքայել Մինասյանը շատ տեղին այդ հարցը բարձրացրեց։ Շատերին է երևի այդ հարցը հետաքրքրում։ Ոչ մի պատճառ չկա այն թաքցնելու համար։ Մենք թվի տակ մարդ ենք ուզում տեսնել, ով աշխատել, արարել, ստեղծել է։ Ինչու՞ չեք հայտնում կորոնավիրուսից  մահացածների ինքնությունը։