«Գրած է՝ հափշտակե՞լ․ ես ի՞նչ իմանամ՝ ինչ եմ հափշտակել»․ Սեյրան Օհանյանը՝ դատախազության միջնորդության մասին 

«Գրած է՝ հափշտակե՞լ․ ես ի՞նչ իմանամ՝ ինչ եմ հափշտակել»․ Սեյրան Օհանյանը՝ դատախազության միջնորդության մասին 

Այս օրերին, երբ հանրությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանին՝ զինվորական կացարանում բռնկված հրդեի հետևանքով 15 զինծառայողի մահվան համար, Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշում է միջնորդություն ներկայացնել ԱԺ նախագահին, որպեսզի ստանա խորհրդարանի համաձայնությունը ՝ քրեական հետապնդում սկսելու պաշտպանության նախկին նախարարի, այժմ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ։

Դրա վերաբերյալ հաղորդագրությունը քիչ առաջ տարածեց դատախազությունը։ Ըստ այդ հաղորդագրության՝ Սեյրան Օհանյանն անցնում է երեք քրեական վարույթով, որոնցով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք։

Hraparak.am-ը կապ հաստատեց Սեյրան Օհանյանի հետ, ով առաջինը մեզանից տեղեկացավ դատախազության միջնորդության մասին։

«Ես տեղեկություն չունեմ, չգիտեմ՝ որ գործով է․․․ իրենք իրենց դեմքն են ցույց տալիս դրանով»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ ոչ մի գործով իրեն ոչ մի քննիչ չի ասել, որ կարող են իրեն մեղադրանք առաջադրել։

«Եթե իրենք բարոյական լինեին, ինչ-որ մեկը կասեր, չէ՞, որ, այ, էս գործով ուզում ենք Ձեզ մեղադրանք առաջադրել։ Էդպե՞ս չի լինում։ Եթե բոլոր քրեական գործերով, վարույթներով ես պարտաճանաչ գնացել եմ, ի՞նչ խնդիր կա»,-ասաց նա։

Երբ թվարկեցինք երեք վարույթներով դատախազության ձեռք բերված «փաստական տվյալները», համաձայն որոնց՝ ինքն իբրև թե կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում և առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել, Օհանյանը զարմացավ․ «Հափշտակե՞լ եմ, գրած է՝ հափշտակե՞լ»։

Հարցրինք՝ այդ ի՞նչ է «հափշտակել», որ դատախազությունն այդպիսի պնդում է արել, նախկին նախարարն արձագանքեց․ «Ես ի՞նչ իմանամ՝ ինչ եմ հափշտակել։ Չգիտեմ, չեմ իմանում»։

Սեյրան Օհանյանն ասաց, որ հարցաքննությունների ժամանակ իր ենթադրյալ հափշտակությունների մասին ոչինչ չեն տեղեկացրել։