Այս հարցով պետք է պետությունը՝ կառավարությունը զբաղվի

Այս հարցով պետք է պետությունը՝ կառավարությունը զբաղվի

Հունվարի 25-ին տեղեկացանք, որ Ադրբեջանի դատարանները եւս չորս ամսով երկարաձգել են Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական 8 ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը։ Հիշեցնենք․ 2023-ին Արցախի դեմ սանձազերծված մեկօրյա պատերազմից հետո արցախահայությունը հրաժարվեց ինտեգրվել Ադրբեջանին, եւ զավթիչ պետության ճնշումների ու ցեղասպանական քաղաքականության պատճառով մեկ մարդու նման դուրս եկան Արցախից` լքելով այն հողը, որի վրա հարյուրամյակներ ապրել էին։

Սեպտեմբերյան գաղթի օրերին էլ սահմանային անցակետն անցնել փորձած մի խումբ պետական գործիչների ադրբեջանական ռեժիմը պատանդ էր պահել` պահանջելով, որ հանձնվեն Արցախի նախկին նախագահները, որոնք պատերազմ էին հաղթել եւ ազատագրել Արցախն ադրբեջանական լծից: Այդ շանտաժի ներքո էլ Արցախի երկու նախկին նախագահները` Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, հանձնվեցին: Տարբեր վայրերից առեւանգվեցին եւ Բաքու տարվեցին նաեւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Ռուբեն Վարդանյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Ադրբեջանի դատախազությունը բոլորի նկատմամբ կիրառել էր 4-ամսյա կալանք, եւ հույս կար, որ 4 ամսից հետո նրանց ազատ կարձակեն, սակայն Ադրբեջանը եւս 4 ամսով երկարացրեց Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների ապօրինի կալանքը։
Ինչպե՞ս կարելի է ազդել այս գործընթացի վրա եւ ինչպե՞ս կարելի է մեր հայտնի գործիչներին ազատել ապօրինի կալանքից, միջազգային իրավունքի ի՞նչ նորմեր կարող են օգնել դրան՝ հետաքրքրվեցինք իրավաբան Արա Ղազարյանից։

- Ադրբեջանն անարգել երկարաձգում է ապօրինի գերեվարված ՀՀ գործիչների կալանքի ժամկետը, կա՞ն լծակներ այդ որոշման վրա ազդելու համար։

- Այդ ձերբակալությունները քաղաքական են։ Այն երեւում է առաջադրված մեղադրանքներից, դրանք կոնկրետ չեն՝ կոնկրետ արարքներ չեն նշում, բացի այդ էլ` հրապարակային չէ գործընթացը։ Հարցն այն է, որ կարճաժամկետ առումով լծակներ չկան։ Պետք է ապավինել երկարաժամկետ իրավական գործընթացներին, գուցե նաեւ քաղաքական գործընթացների դեպքում, բայց կարճաժամկետ՝ հրատապ, որ հարցը կլուծվի, չեմ տեսնում այդպիսի մեխանիզմ։

- Ի՞նչ պետք է անել միջազգային մակարդակով՝ ճնշելու Ադրբեջանին:

- Այստեղ մարդասիրական օրենքը մասամբ է գործում։ Հիմնականում, եթե հարցն իրավական ասպեկտում է, ավելի շատ մարդու իրավունքների դաշտում է գտնվում։ Դեպքերը եղել են զինված հակամարտությունից հետո, այսինքն՝ սեպտեմբերի 19-ից հետո, բայց իրականում, եթե խոսքը վերաբերում է արդարացի քննությանը կամ կալանքի հիմնավորվածությանը, քաղաքական հետապնդում եւ այլն, սա, կարելի է ասել, մարդու իրավունքների բաղադրիչ է։ Ես նշեցի՝ կարճաժամկետ հարցը լուծելու մեխանիզմ չկա։ Ադրբեջանն ուղղակիորեն, նույնիսկ Եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշումները չի կատարում, էլ ուր մնաց ինչ-որ մարմնի կողմից կայացված որոշումը կամ գնահատականները հաշվի առնի։

- Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները, եւ մինչ այժմ տեսնո՞ւմ եք արված քայլեր, որոնք օգնել են՝ պաշտպանելու նրանց իրավունքները։

- Հայաստանը պետք է բանակցի քաղաքական գործընթացներում՝ որպես սուբյեկտ, ավել բան չի կարող անել։ Իսկ ես տեղյակ չեմ` բանակցում են, թե ոչ։ Սրանով պետք է պետությունը՝ կառավարությունը զբաղվի։